Եվ նա հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին

Եվ նա հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազի հավակնորդ Արթուր Դավթյանն օրերս մի փայլուն որոշում է կայացրել՝ հօգուտ ՀՀ ոստիկանության: Նա մերժել է հայտնի ցուցարար պապիկի՝ Հակոբ Դեխնավիի բողոքն իրեն ապտակող ոստիկանի դեմ քրեական վարույթը կարճելու վերաբերյալ: Պատճառաբանությունն ունիկալ է. «Ոստիկանը գտնվել է սթրեսային վիճակի մեջ»: Ինչպես հիշում ենք, ոստիկան Արթուր Վարդգեսյանն անցյալ տարի Հանրապետության հրապարակում, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության ցույցի ժամանակ, ապտակել էր 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին՝ կտրելով նրա ականջակալը:



Ծերունին դժգոհել էր, որ այդ դեպքից հետո լսողության անկում ունի: ՀՔԾ-ն սկզբում գործ հարուցեց 309 հոդվածով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, ապա կարճեց վարույթը: Տուժողը, բնականաբար, բողոքեց եւ ի պատասխան ստացավ Արթուր Դավթյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ, որից հետեւում է, որ ոստիկանը սթրեսի մեջ է ընկել տարբեր գործոններից: Նախ, ինչ-որ ցուցարարներ, ըստ ոստիկանի ցուցմունքների, հարվածել են նրա սրունքներին եւ ամորձիներին: Ցուցարարները դա արել են պառկած վիճակում, «իրենց դեպի մայթ տարհանելու ընթացքում»: Պառկած ցուցարարների կողմից ծեծված, վնասված ամորձիով ոստիկանին ավելի նյարդային վիճակի մեջ է գցել «ճերմակ մազերով մի տղամարդ, որը եղել է Հակոբ Նազարի Դեխնավին: Վերջինս դժգոհել է, թե ինչու են երիտասարդների նկատմամբ ուժ կիրառում, եւ հրել է» ոստիկանին, որը վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած՝ «աջ ձեռքի ափով հարվածել է նրան»:



Այսպիսով, ոստիկանը խոստովանել է, որ հարվածել է քաղաքացուն: Բայց ՀՔԾ-ն բռնել տարել է նրան տարատեսակ փորձաքննությունների՝ դատաբժշկական, հոգեֆիզիոլոգիական, եւ պարզել է, որ միջադեպի նախորդ օրը նրա կինը հղիություն է ընդհատել, ինչից ոստիկանը փիս սթրեսի մեջ է ընկել, «հոգեկան խիստ լարված վիճակի, որն էապես ազդել է նրա գիտակցության վրա, նվազեցնելով վարքի կամային կառավարման ունակությունը»: Արթուր Դավթյանի հոգեվերլուծությունը սրանով չի ավարտվում: Դատախազն ավելի է խորացել ոստիկանի ներաշխարհում եւ բացահայտել է, որ նա դեպքի նախորդ օրն «աշխատանքային եւ անձնական լարված պայմաններում է» եղել, «քնի, սննդի ռեժիմի խախտումը հետազոտվող իրավիճակում նպաստել են Արթուր Վարդգեսյանի մոտ ֆիզիկական եւ հոգեկան ցավի ընկալման շեմի նվազմանը եւ խիստ լարված հոգեվիճակի առաջացմանը»: Հոգեբան դատախազը որոշել է, որ ոստիկանը «վնաս է պատճառել առանց մեղքի, քանի որ ի վիճակի չի եղել կանխելու իր գործողությունների վտանգավոր հետեւանքները»: 



Փաստորեն, սա անմեղսունակության մի տարատեսակ է, որը հանդիպում է միայն ՀՀ ոստիկանների մոտ: Ստացվում է, որ հենց նրանք սովածանում են, կամ նրանց կանայք աբորտ են անում, պետք է դուրս գան փողոց ու թոշակառու ծեծեն: Եվ այս տողերի հեղինակը հավակնում է ՀՀ գլխավոր դատախազ դառնալ:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ