ՏԻՄ. Վանաձորի դոսյե-2

ՏԻՄ. Վանաձորի դոսյե-2

Այսօր Վանաձորում մեկնարկում է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Թեկնածուները հանդիպումներ են սկսել եւ հարցազրույցներ են տալիս տեղական հեռուստաընկերություններով: Արդեն կան առաջին բողոքներն ընտրակաշառքի բաժանման մասին: ՖԲ օգտատեր Գայանե Թադեւոսյանն իր էջում գրել է. «Այս անգամ «գործարքն» ավարտվում է անձնագրի պատճենը վերցնելով, որ իբր վախենան եւ չխաբեն ընտրելիս»: Մեր նախորդ հրապարակման մեջ՝ «ՏԻՄ. Վանաձորի դոսյե-1»-ում, սկսել էինք ներկայացնել Վանաձորում առաջադրված ավագանու թեկնածուներին: Հասել էինք «Քաղաքացիական պայմանագրին»:



«ՔՊ» ցուցակի առաջինը նախկին ՀԱԿ համակիրն է



Ուրեմն՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները 21 հոգի են, 21-ն էլ հասարակ ժողովրդից՝ ուսուցիչներ, գործավարներ, բժիշկներ՝ Վանաձորում հայտնի եւ սիրված բժիշկ Անդրեյ Ղուկասյանը ներառյալ: Նա նաեւ ցուցակի միակ պաշտոնավորն է՝ «Օպտիմում դենտ» ստոմատոլոգիական կլինիկան է ղեկավարում: Այս ՍՊԸ-ից եւս երեք մարդ կա ցուցակում: Երեւի որոշել են պաշտպանել շեֆին: Առաջին համարը հիմնական դպրոցի ուսուցիչ Արամ Խաչատրյանն է: 2012 թվականից Վանաձորի ավագանու անդամ է: Դարբինյանի հետ աշխատել է՝ հիմնականում դեմ քվեարկելով ավագանու որոշումներին: «Դեմ եմ եղել կարմիր գծերի անցկացմանը երեք փողոցներում,- պատմում է նա,- այդ որոշումը չանցավ, որ Շախմատի ֆեդերացիային 1 մլն․ տրամադրեն, որ ինչ-որ մեկը գնար գործուղման: Մի երկու տարի առաջ քաղաքապետարանն ուզում էր էլիտար շենքից բնակարան գնել ինչ-որ քաղաքացու համար, ես առաջարկեցի՝ եկեք մեր ֆոնդից տանք: Այդ որոշմանը մենակ ես էի դեմ քվեարկել, բայց որոշումն անցավ: Դեմ եմ քվեարկել քաղաքապետի բարեկամներին մանկապարտեզի վարիչ նշանակելուն, բայց դա էլ է անցել, հաշվետվություններին եմ դեմ քվեարկել եւ այլն»: Արամ Խաչատրյանը նախկինում եղել է ՀԱԿ համակիրներից եւ 2012 թվականին, ԱԺ ընտրությունների ժամանակ, այս կուսակցության վստահված անձանցից է եղել Սպիտակի գյուղերից մեկում: Առաջին անգամ կուսակցական է դարձել: Ասում է, որ գրել է ընդդիմությունն ու կեղծ ընդդիմությունն իրարից զատելու թեստը. «Պետք է երկու հարցի պատասխանեն. Սերժ Սարգսյանն ընտրվա՞ծ նախագահ է, եւ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ: Եթե ասեց՝ հա ու չէ, ուրեմն կեղծ է»:



- ՀԱԿ-ի հետ էիք, ինչո՞ւ էլ նրանց հետ չեք:



- 2007 թվի սկզբին սկիզբ առած շարժումից մինչեւ էսօր պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ սահմանադրական կարգի վերականգնումը: Այդ լոզունգները ես գտել եմ «Քաղաքացիական պայմանագրում»:



- Հույս ունեք, որ կհաղթե՞ք դարբինյանականներին:



- Այն խոսակցությունները, որ Բաղրամյան 26-ում է որոշվում ընտրությունների ելքը, միֆ են: Ընտրությունների ելքը որոշում է ժողովուրդը: Ժողովուրդը կարող է որոշի, որ պետք է գումարը վերցնի, գնա քվեարկի իշխանության կողմից, կարող է որոշի, որ չի մասնակցելու ընտրությանը, կամ էլ՝ որ դեմ է քվեարկելու: Ամեն դեպքում, ինքն է որոշում:



Այծեմնիկից՝ Կոմսի Սեյրան



ԲՀԿ ցուցակը, ինչպես եւ սպասվում էր, հիմնականում գործարարներից է կազմված: Սկզբում որոշված էր, որ ցուցակը գլխավորելու է ԲՀԿ Վանաձորի գրասենյակի նախագահ, գործարար Հրանտ Մարգարյանը, հետո, չգիտես ինչու, փոխեցին որոշումը եւ առաջին տեղում դրեցին բժշկուհի Այծմենիկ Օհանյանին, որը կուսակցական գործունեությամբ առանձնապես աչքի չի ընկել: Նա երկար ժամանակ եղել է ավագանու անդամ, բայց ավելի հայտնի է որպես Լոռու մարզի թիվ մեկ սոնոգրաֆիստ: 2005-ից ավագանիում է: Այդ տարում նա առաջին համարն էր, 2008-ին վերջինն էր: Օհանյանը տրադիցիոն ճանաչված ընտանիքի դուստր է: Հայրը սովետական տարիներին Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղարն էր՝ Հայկ Օհանյանը: Այծեմնիկ Օհանյանի ամուսինը ցուցակի 4-րդ համարն է՝ Հրաչ Ղամբարյանը: Մարդ ու կին առաջին հնգյակում են: Առավել վառ կերպարն անեկդոտների հերոս եւ Վանաձորի ուրախություն գործարար Սեյրան Հարությունյանն է, որի մասին ասում են, որ բախտը նրա մյուս բարեմասնություններից առաջ է ընկել: Ավելի հայտնի է որպես Կոմսի Սեյրան: Նրա եղբայրը Մոսկվայում հայտնի հեղինակություն Կոմսն է, ինքն էլ նրա Սեյրանն է: Գործարար աշխարհի հետ է աշխատում, հագուստի շուկա ունի: Հագուստի մյուս շուկան ՀՅԴ երկրորդ համարինն է՝ բաղնիքի տեր Սեյրան Աղաբեկյանինը, որը նախկինում հանրապետական է եղել:



Լոքյանի ազգականը՝ ՀՅԴ ավագանու ցուցակում



ՀՅԴ առաջին համարն էլ Նելսոն Մամուլյանն է՝ տեխնոլոգիական կենտրոնում ծրագրի ղեկավարը: Նա առաջին անգամ է մասնակցում ընտրությունների: ՀՅԴ-ն ՏԻՄ ընտրություններից առաջ փոփոխություններ արեց մարզային կառույցում, թարմացրեց կազմը: Երրորդն հին կուսակցական, դասախոս Արմենուհի Կյուրեղյանն է: Ներգրավվել է նաեւ տարածքային կառավարման նախարարի ազգական, քոլեջի տնօրեն Արեւիկ Լոքյանը: Նախկին ՀՅԴ-ականներ կան մյուս կուսակցությունների ցուցակներում: «Համախմբման» առաջին համարը դասախոս Վահան Ղույումչյանն է, որի հայրը եւս դասախոս է եղել եւ ժամանակին նստել է դասախոսների շրջանում տարածված հանցանքի համար: «Համախմբման» երկրորդ համարը ներկայիս քաղաքապետի հորեղբորորդին է՝ Վիկտոր Դարբինյանը: Նա ուղեւորափոխադրումների բիզնես ուներ եւ հաշտ ու սերտաճած գոյատեւում էր եղբոր հետ: Հետո նրանց ջրերն այլեւս մի առվով չգնացին: Վիկտոր Դարբինյանը նույնիսկ բողոք ներկայացրեց դատախազություն՝ նշելով, որ քաղաքապետն ու իր եղբայրն ահաբեկում են իրեն եւ ստիպում, որ դադարեցնի ուղեւորափոխադրման գործունեությունը:



Պարուհի Անահիտ Կարապետյանը՝ «լուսավորների» ցանկում



Վանաձորի բնակիչների հետ մեր զրույցներից պարզեցինք, որ այս քաղաքում մեծ հույսեր են կապում քաղաքացիական սեկտորի հետ, ՀԿ-ների, որոնց ներկայացուցիչները շատ են «Լուսավոր Հայաստանի» ցուցակներում։ Առաջին համար ԼՀԿ նախագահի եղբայր Քրիստ Մարուքյանը «Մանուկների հիմնադրամից» է, Հրանտ Այվազյան, հին ՀԿ-ական, Կարինե Ղուկասյանը՝ բարեգործական կլինիկայից, Վահե Կռովյանը եւ այլն: Նրանցից, թերեւս, ամենավառ ակտիվիստն Անահիտ Կարապետյանն է: Նա «Թեղուտ» բնապահպանական շարժման, «Սասնա ծռերի» համար կազմակերպված միտինգների մասնակից, ոստիկանության տարած-բաց թողած, անբռնազբոս ու ազատ երիտասարդներից է, որը չի կաշկանդվում, չի վախենում կորցնել աշխատատեղը: Նա Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի դասախոս է, փողոցում, միտինգների ժամանակ պար էր սովորեցնում մյուսներին: Իրոք լուսավոր աղջիկ, որին չի փչացրել փողի աշխարհը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ