Մեզ Կոստանյանի հետ կապելը կոնկուրենտների ձեռքի գործն է

Մեզ Կոստանյանի հետ կապելը կոնկուրենտների ձեռքի գործն է

«Էլիտ պրոդ», «Էլիտ կապիտալ», նաեւ ղարաբաղյան ծագում ունեցող «Ավանգարդ» ՍՊԸ-ները տարիներ շարունակ բանակի մատակարարումներով են զբաղվել՝ մշտապես հաղթելով բոլոր մրցույթները։ Այս կազմակերպությունները պարբերաբար հայտնվել են հակակոռուպցիոն պայքար վարող ՀԿ-ների հաշվետվություններում, մամուլի հրապարակումներում։ «Ավանգարդ» ՍՊԸ-ն, օրինակ, ամենաբազմազան ապրանքներ է մատակարարել՝ հագուստից ու շինանյութից մինչեւ օճառ։ «Էլիտ պրոդի» վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» վերլուծաբաններն անցյալ տարի արձանագրել են, որ այն 2015 թվականին մեկ անձի հիմքով ՊՆ-ի հետ 48 մլն. դրամի պայմանագիր է կնքել։ Այս եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները կապում են նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա ազգականների հետ։ Նաեւ լուրեր կան, որ Կոստանյանի ընկերն է «էլիտների» «կապավորն» իշխանության վերին օղակների հետ։ Սակայն ինչ-որ պահից Կոստանյանը դադարել է «կռիշ» կանգնել ՊՆ մատակարարներին եւ անգամ մաքսայինի հետ նրանց խնդիրների լուծմանը չի միջամտել։ «Էլիտ պրոդի» մեքենաները մի քանի ամիս կանգնած են մնացել մաքսակետում։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել «Էլիտ պրոդ» կազմակերպության հիմնադիր Արման Գալստյանի հետ եւ մեկնաբանություն ստանալ մեզ հետաքրքրող լուրերի վերաբերյալ։ Կապը նախկին գլխավոր դատախազի կամ նրա ընկերների ու ազգականների հետ նա հերքում է, թեեւ Կոստանյանի կենսագրական մանրամասներին լավատեղյակ է։ 



- Ձեր կազմակերպությունը որքա՞ն ժամանակ է սպասարկել բանակը եւ ի՞նչ է մատակարարել։
- «Էլիտ պրոդուկտն» ստեղծել եմ ես՝ 1996 թվականին։ 2001 թվականից աշխատում եմ ՊՆ-ի հետ։ Լավագույն մատակարարների ցանկում ենք։ Ապխտած երշիկի հումք ենք մատակարարել, երշիկ, սալ։



- Դուք միա՞կ հիմնադիրն եք։
- Ժամանակի ընթացքում այս կազմակերպության հիմնադիրը փոխվեց, քեռիս դարձավ, իսկ ես հիմնադրեցի, եթե չեմ սխալվում՝ 2010-ին, փետրվարին հիմնադրեցի «Էլիտ կապիտալը»՝ «Էլիտ պրոդը» թողնելով քեռուս եւ նրա ընկերոջը։ «Էլիտ կապիտալով» սկսեցի մատակարարումներ կատարել, որ չստացվի այնպես, որ փոխկապակցված անձանցով ենք գործ անում։ Հետագայում հիմնադիրը փոխվեց։ Ընկերս է աշխատում հիմա, մակարոն է մատակարարում, միս, մսաբուծական պահածո։ Բանակին երեք կազմակերպություն է մսաբուծական արտադրանք մատակարարում, մի մասը մենք ենք ապահովում։



- Այսինքն՝ մատակարարվող սննդատեսակների ցանկն այնքա՞ն էլ մեծ չէ։
- Կազմակերպությունը մատակարարում է 3 անուն ապրանք, բայց գնում է մոտ 200 տեսակ ապրանք, հետեւությունը թողնում եմ ձեզ։



- Ինչո՞ւ են Ձեր անունը կապում Կոստանյանի եւ նրա ընտանիքի հետ։
- Մենք մրցույթում ենք հաղթել։ 9-10 մասնակցից մենք ամենահարմար գներն ենք առաջարկել, եւ ես կարծում եմ, որ այդ լուրերը տարածեցին մեր հակառակորդները։ Իսկ Ձեր նշած պաշտոնյայի հիմնարկի հզորությունը Դուք պատկերացնում եք։ Մեզ հետ կապ չունենալու համար նա պետք է ընկներ մեր հետեւից, կարծում եմ՝ տրամաբանությունը դա էր, բայց այդ մարդը ողջախոհ գտնվեց եւ սպասելիքներին տեղի չտվեց։ Ես այլ նպատակ չեմ տեսնում իմ պահով։ Միգուցե այլ պատճառներ էլ լինեն։ Ես երկար եմ մտածել եւ եկել եմ եզրակացության, որ դա մեր կոնկուրենտների արածն է։



- Գուցե, այնուամենայնիվ, ունե՞ք ինչ-որ առնչություն նախկին գլխավոր դատախազի հետ, ընկերական հարաբերություններ նրա կամ նրա շրջապատի հետ։
- Հայաստանում եթե նստենք, 30 րոպե մտածենք, ցանկացած մարդու հետ էլ առնչություն ցանկացածս կունենանք։ Դեռ մենք հեչ, էն «Ավանգարդ» ՍՊԸ-ի մասին ես կարդացի, որ Կոստանյանն է ստեղծել։ Ես նրա կենսագրությանը տեղյակ եմ, մամուլից։ «Ավանգարդը» որ աշխատում էր, Կոստանյանը դեռ դպրոց էր գնում։ Դպրոցական տարիներին ստեղծել էր, հա՞։ Իսկ մեր հիմնադրելուց ուսանող էր։ Ստին էլ չափ կա։



- «Ավանգարդ» ՍՊԸ-ի հետ Դուք միասին աշխատել եք, ի՞նչ կասեք այդ ընկերության մասին։
- Նա մեզ համար ավագ ընկեր է եղել։ Բանակի ստեղծման օրվանից հանդիսանում է բանակի լրջագույն մատակարարը, եւ, կոպիտ ասած, բանակն էլ եթե չլինի, ինքը կշարունակի մատակարարել։ Նա խելացի եւ հմտացած, այս բնագավառում արհեստավարժ է դարձել։



- Հետաքրքիր է, Դուք 2001-ից եք ՊՆ գործընկերը, «Ավանգարդը»՝ ստեղծման օրվանից։ Ի՞նչն է պատճառը՝ այսքան տարիների ընթացքում չի՞ եղել ձեզնից լավ ոչ մեկը, որ միշտ դուք եք հաղթել։
- Հարցում կատարեք պաշտպանության նախարարություն՝ մեր աշխատանքի որակի եւ մատակարարումների ժամկետների հետ կապված։ Կոնկրետ մեր կազմակերպությունը որ մատակարարել է, գերմանական ճշտությամբ որակը եւ ժամանակը տեղն է, ամենակարեւորը դա է։



- Վերջերս թերթերից մեկը գրեց, որ «Էլիտ պրոդը», ըստ փաստաթղթերի, սուջուխ, բաստուրմա, երշիկ է մատակարարել բանակին, եւ որ մեր զինվորներն ամեն օր նման արտադրանք են ուտում։
- Մեր արտադրանքի գնից 50 տոկոսով էժան բաստուրմա, սուջուխ՝ կտրտած, տարել-տվել եմ ամանորյա գիշերվա համար։ Ուղղակի ես չգիտեմ, թե ուր կարող է հասնել ցինիզմը։ Ես ի՞նչ կապ ունեմ, աշխատող տղա, ինչո՞ւ եք ինձ բերում՝ մարդկանց հետ կապում։



- Ստացվում է, որ մի բան էլ ձեր կողմի՞ց եք նվիրել ծառայողներին։
- Ուրեմն, ապրիլյան պատերազմը որ սկսվեց, անմիջապես մոտ 18 մլն. դրամի սննդամթերք նվիրեցինք ու, դրանից բացի, ամեն տարի նվիրատվություն ենք կատարում։ Ո՞ր մատակարարն է մեր չափ նվիրատվություն կատարել։ Եթե գտնեք նման մատակարար, ես ներողություն կխնդրեմ։



- Ձեր կարծիքով, բանակայինները քանի՞ օրը մեկ են երշիկ ուտում։
- Չգիտեմ, դա երեւի գաղտնի է, բայց դժգոհություն չի եղել։



- Ճի՞շտ է, որ վերջերս մաքսայինի հետ խնդիրներ եք ունեցել, Գեւորգ Կոստանյանին եք դիմել, բայց նա չի օգնել։
- Ես երբեւէ որեւէ պաշտոնյայից, ներառյալ Գեւորգ Կոստանյանը, օգնություն չեմ ստացել։ Մեր հիմնադրած ցեխն է, աշխատում ենք, մենք ի՞նչ կապ ունենք կեղտոտ խաղերի մեջ։



- Վերջերս Ձեր բեռները չե՞ն կանգնեցրել մաքսայինում՝ երկար ժամանակով։
- Կանգնեցրել են։ Բայց դա նախանցյալ տարի է եղել, կարծեմ։ Հայտարարագրի հետ կապված՝ միս ներկրելուց լուրջ խնդիր էր առաջացել։ Պահանջեցին մաքսազերծել հսկիչ գներով։ Դրանք բարձր էին այն գումարներից, որ մեզ ՊՆ-ն է տալիս մատակարարումների համար։



- Հաճա՞խ են այդ կարգի խնդիրներ լինում մաքսայինի հետ։
- Ոչ, այդ անգամ է եղել։ Մարդկայինով գնացել-նստել ենք, թվերը տվել ենք, գումարում-հանումը երրորդ դասարանի երեխան էլ կարող է անել, ասել ենք՝ եթե ձեր թվերով աշխատենք, կկործանվենք։ Ձեր նպատակը ո՞րն է, որ 30-40 աշխատատեղ փակվի, թողնենք գնա՞նք այս երկրից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ