Վահան Մարտիրոսյանը մեղք չունի, որ ինքը աբսուրդ կառուցվածք պետք է ղեկավարի

Վահան Մարտիրոսյանը մեղք չունի, որ ինքը աբսուրդ կառուցվածք պետք է ղեկավարի

ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը հանրությանը հայտնի գործիչ չէ։ Նույնիսկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա նշանակման առթիվ կատակներ արեցին, որ՝ «ժողովուրդ, նոր նախարարին մի՛ շփոթեք Ադրբեջան մեկնած Վահան Մարտիրոսյանի հետ»։



Վահան Մարտիրոսյանի կենսագրության ուշագրավ դրվագներից է այն, որ նա 2000-2006թ.թ. եղել է «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, 2006-2010թ.թ.՝ նույն «Կոռնետ-ԱՄ»-ի տնօրենների խորհրդի նախագահը, մի կարճ ժամանակ էլ՝ «Արմենթել» ՓԲԸ գլխավոր կոմերցիոն տնօրենը, 2008-2012թ.թ. եւ 2012-2016թ.թ. նա եղել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը։ Կան տեղեկություններ, որ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ն 2013թ. ճանաչվել է սնանկ։



Ինչ վերաբերում է «GNC-ալֆա»-ին, ապա նա Հայաստանում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն։ «Ռոստելեկոմը» Հայաստանում մատուցում է ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության եւ նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց եւ կորպորատիվ հաճախորդների համար։



Եվ ահա կապի ու հեռահաղորդակցության ոլորտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար նշանակված Վահան Մարտիրոսյանը ստիպված է զբաղվել նաեւ տրանսպորտի խնդիրներով։ Կկարողանա՞ գլուխ հանել այդ ոլորտից նորանշանակ նախարարը, թե՞ ոչ՝  ցույց կտա ժամանակը։



Իսկ մինչ այդ մենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարարներից եւ ոլորտին քաջատեղյակ անձանցից փորձեցինք պարզել, թե որքանով է նպատակահարմար կապի ոլորտի մասնագետին վստահել նաեւ տրանսպորտի ոլորտի համակարգումը։





2010-2012թ.թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը շփվել է Վահան Մարտիրոսյանի հետ, եւ իր դիտարկմամբ՝ նա կապի ոլորտի բավականին հմուտ մասնագետ է։ Մանուկ Վարդանյանի հետ զրույցում նկատեցինք, որ այսօր խնդրահարույց է տրանսպորտի կանոնավոր աշխատանքը, մերձքաղաքային եւ մարզային տրանսպորտն աշխատում է անկանոն, գերբեռնված են երթեւեկում ավտոբուսները։ Ինչ վերաբերում է տրանսպորտի աշխատանքի կանոնակարգմանը, ապա նախկին նախարարը նկատում է, որ նախարարության խնդիրը միջպետական եւ միջմարզային տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելն է։
«Հաշվի առեք, որ տրանսպորտն այսօր ամբողջությամբ մասնավոր է, նախարարության խնդիրը մրցույթներին հետեւելն է»,- ասաց Մանուկ Վարդանյանը։ Հարցին, թե որքանով է նպատակահարմար այդ նախարարությունների համատեղ գործունեությունը, Մանուկ Վարդանյանն արձագանքեց, որ կապի ոլորտին վերաբերող որոշ գործողություններ իրականացնում է Ռոբերտ Նազարյանի գլխավորած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Նա հավելեց, որ շատ երկրներում այդ տրանսպորտի եւ կապի նախարարությունը միավորված է։ Ըստ Մանուկ Վարդանյանի՝ եթե նախկինում այս նախարարությունները գործում էին առանձին, ապա հիմա ամեն ինչ մասնավորի ձեռքում է կենտրոնացել, եւ այս նախարարությանն էլ մնացել է միայն քաղաքականություն մշակելը։ Հետո նա նախընտրեց զրույցը եզրափակել՝ ասելով, որ ինքը երեք տարուց ավել է, ինչ այդ ոլորտում չէ, եւ ավելին ասել չի կարող։





2008-2010թ.թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հիշատակեց աշխարհի փորձը, որ տրանսպորտի եւ կապի նախարությունները կարող են գործել եւ՛ առանձին, եւ՛ միավորված լինել։ Ըստ նրա՝ կան երկրներ, որտեղ կապի ոլորտով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը։«Մեր պետությունում երկու նախարարությունները միավորված են, այդ սկզբունքով են գործում։ Ես կարծում եմ, որ մարդը չի կարող լինել եւ՛ տրանսպորտի ոլորտի մասնագետ, եւ՛ կապի։ Իսկ նախարարը քաղաքական պաշտոն է եւ ցանկության դեպքում նա կարող է իրականացնել ճիշտ քաղաքականություն»,- ասաց Գուրգեն Սարգսյանը։





2000թ. մի քանի ամսով որպես ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար պաշտոնավարած Ռոբերտ Նազարյանը, որն այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է, մեզ հետ զրույցում ասաց. «Տրանսպորտի եւ կապի նախարարությունների միավորման ժամանակ ես ինքս մեծ դերակատարում եմ ունեցել եւ այն գաղափարի կողմնակիցն եմ եղել, որ նրանք պետք է միավորվեն։ Եվ ես 2000թ. եղել եմ միավորված նախարարությունների առաջին նախարարը»։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե կապի ոլորտի մասնագետը որքանով կարող է զբաղվել նաեւ տրանսպորտի ոլորտի համակարգմամբ, ապա Ռոբերտ Նազարյանը չի ցանկանում այդ հարցին նայել խիստ մասնագիտական հայացքով։ Ըստ նրա՝ կարեւոր են նոր նախարարի նվիրվածությունը գործին եւ մենեջերական ունակությունները։ «Շատ կարեւոր է, որ նա կարողանա ընկալել խնդիրները, դրանք ճիշտ վերլուծել, տարբերել առաջնահերթությունները երկրորդականից, իրականացնել միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր ու ղեկավարել նախարարությունը»,- ասաց Ռոբերտ Նազարյանը։ Նրա դիտարկմամբ՝ ցանկացած մարդ կարող է ժամանակի ընթացքում լրացնել փորձառության պակասը՝ խորհրդակցելով համապատասխան մասնագետների հետ։ «Ես չեմ կարծում, թե այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնք 100 տոկոսով տիրապետում են տրանսպորտային ոլորտի խնդիրներին, մեկը մի բան ավել գիտի, մեկը՝ պակաս։ Տվյալ դեպքում ես Վահան Մարտիորսյանին ճանաչում եմ որպես կիրթ եւ պրոֆեսիոնալ անձնավորության։ Կարծում եմ, որ ինքը կհաջողի այդ ոլորտում։ Տեսնենք»,- ասաց Ռոբերտ Նազարյանը։





Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մեր հարցին հարցով արձագանքեց. «Իսկ ինչու՞ Գագիկ Բեգլարյանին չէիք հարցնում՝ ինքը տիրապետու՞մ է կապի ոլորտի խնդիրներին, թե՞ ոչ։ Հավանաբար նա ո՛չ կապի ոլորտից էր հասկանում, ո՛չ տրանսպորտի»։
Կարեն Վարդանյանի կարծիքով՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունն ինքնին աբսուրդ է։ «Կարծում եմ, որ կապի ոլորտը պետք է առանձնացվի եւ մաս կազմի այլ նախարարության։ Տրանսպորտն ունի այլ գործառույթներ, կապի ոլորտն՝ այլ։ Լավ կլիներ, որ մենք ունենայինք հեռահաղորդակցության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարություն։ Օրինակ՝ այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաները էկոնոմիկայի նախարարության ներքո են, կապը միավորված է տրանսպորտի հետ։ Ճիշտ ճանապարհն այն է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները, որոնք տնտեսության մեջ զգալի մաս են կազմում, ընդհանրապես տեխնոլոգիական զարգացման հետ են կապված ճյուղեր են եւ հեռահաղորդակցության ոլորտը միանան, լինի առանձին նախարարություն։ Հիմա Վահան Մարտիրոսյանը մեղք չունի, որ ինքը աբսուրդ կառուցվածք պետք է ղեկավարի»,- ասաց Կարեն Վարդանյանը։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ տրանսպորտի եւ կապի նախարարության գործառույթները հիմնականում վերաբերում են տրանսպորտի ոլորտին, 90-95 տոկոսով աշխատել են տրանսպորտի համար, 5 տոկոսով՝ հեռահաղորդակցության։ «Հիմա եկել է նոր մարդ, որը կհավասարակշռի, այսինքն՝ եւ՛ տրանսպորտը կգտնվի ուշադրության կենտրոնում, եւ՛ հեռահաղորդակցությունը»,- ասաց Կարեն Վարդանյանը։ 





2011թ. ստեղծված «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանը հիշում է, թե ինչպես մի խումբ երիտասարդներով «Ֆեյսբուք»-ում խումբ ստեղծեցին, փողոցում ակցիաներ արեցին, սակայն չկար մեծ ակտիվություն։ Պատճառն այն էր, որ իրենք զզվել էին հանրային տրանսպորտի աշխատանքից։
Ինչ վերաբերում է տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարարին, ապա Արման Ղարիբյանը կարծում է, որ ով էլ նշանակվի այդ ոլորտում նախարար, միեւնույնն է, խնդիր է ունենալու գծատերերի հետ։ «Պետք է նոր նախարարն ունենա քաղաքական կամք եւ պայքարի գծատերերի դեմ։ Իսկ նրանք, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներ են, քաղաքական կշիռ ունեցող անձինք, շրջանառվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունները։ Եվ պետք է մարդը շատ հզոր եւ անկախ լինի, որ կարողանա պայքարել նրանց դեմ։ Իսկ նախարար նշանակում են այն մարդկանց, որոնք այդ պաշտոնյաների հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են։ Չեմ ճանաչում նոր նախարարին, բայց չեմ հավատում, որ նա կամք եւ ուժ կունենա, որպեսզի կարողանա նրանց դեմ պայքարել»,- ասաց Արման Ղարիբյանը։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ իշխանությունները համարում են, թե տրանսպորտի սակագինը մեր երկրում ցածր է, ի տարբերություն եվրոպական երկրների, սակայն եթե այն համեմատում ենք մեր միջին աշխատավարձի հետ եւ համեմատում ենք եվրոպական երկրում տրանսպորտի սակագինը միջին աշխատավարձի հետ, այն ամենեւին էլ ցածր չէ։
«Մեր աշխատավարձին համապատասխան այդ գինն ադեկվատ է, բայց այդքանով հանդերձ՝ մեր սպասարկումը վատ է, իսկ եվրոպական երկրներում սպասարկումը լավ է»,-կարծում է մեր զրուցակիցը։



Թագուհի Հակոբյան