Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին

Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին

Մեծարգո՛ վարչապետ,



ՀՀ իշխանությունները, վարելով շուկայական հարաբերություններին խորթ և ազգային շահի տեսանկյունից կործանիչ գիտահամալսարանական քաղաքականություն, երբեմնի գիտնականաշատ Հայաստանը դարձրել են մասնագետների սովի երկիր, որը վտանգում է ոչ միայն հանրապետության քաղաքակիրթ ապագան, այլև նրա անվտանգությունը:



Համակարգի ներկա անհանդուրժելի վիճակը համառոտակի արտացոլված է ՀՀ նախորդ վարչապետին ուղղված, սակայն անպատասխան մնացած Ս. Հայրապետյանի բաց նամակում (http://www.hraparak.am/?p=113704&/): Ձեր` անչափ հուսադրող գործունեությունը ստիպում է մեզ Ձեր ուշադրությունը հրավիրել հանրապետության և սփյուռքի բազմաթիվ առաջատար գիտնականների կողմից մշակված ծրագրին, որը վերաբերում էգիտության ոլորտի բարեփոխմանը և որը ներկայացվել է դեռ 2000 թ.-ին ՀՀ ԱԺ-ում որպես «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագծի տարբերակ: Վերջինս գնահատվել է ավելի առաջադիմական, քան ակադեմիկոսների նախագիծը («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 2000 թ. նոյեմբերի 17): Սակայն, հետագայում կոռուպցիոն մոլուցքով տառապող չինովնիկների օգնությամբ կյանքի է կոչվել ակադեմիկոսների հեղինակած հետամնաց նախագիծը: Ակնհայտ է, որ միայն նման օրենքի պայմաններում է հնարավոր խմբակային փոշիացման ենթարկել ՀՀ ԳԱԱ-ի հսկայական անշարժ գույքը, իսկ ակադեմիկոսների ակումբը դարձնել հիմնականում գիտության հետ կապ չունեցող կամ նրա հետ վաղուց իրենց կապերը խզած անձանց հավաքածու, ովքեր գործարքի մեջ լինելով ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ, շարունակում են խմբակային թալանի ենթարկել գիտության համար հատկացված պետական միջոցները:



Ուստի, եթե Ձեզ կհետաքրքրի գիտահամալսարանական համակարգի բարեփոխման վերը նշված մեր հեղինակած ծրագիրը, պատրաստ ենք այն Ձեր ուշադրությանը ներկայացնել նորացված տարբերակով:



Խորին հարգանքով՝



ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Սիներիկ Հայրապետյան,
Մարի Կյուրիի մրցանակակիր, պրոֆ. Գրիգոր Բարսեղյան