«Օքսֆամ»-ը շարունակում է աջակցել փոքր ֆերմերներին (ֆոտո, վիդեո)

«Օքսֆամ»-ը շարունակում է աջակցել փոքր ֆերմերներին (ֆոտո, վիդեո)

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» միջազգային բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգը: «Օքսֆամի» 78 երկրի գրասենյակներ համակարգող բրիտանացի ղեկավարը առաջին անգամ էր Հայաստանում, ուստի աշխատանքային օրակարգում ընդգրկված հանդիպումները զուգորդել է նաև Մատենադարան, Ցեղասպանության հուշահամալիր այցերով:



Մարկ Գոլդրինգը, այցի առաջին օրը ծանոթանալով հայաստանյան գրասենյակի աշխատանքներին, «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ հանդիպումներ ունեցավ մեր երկրի սոցիալական ոլորտները համակարգող մի քանի գերատեսչությունների ղեկավարների հետ: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի Վ. Տերտերյանի, Գյուղատնտեսության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպումների ընթացքում «Օքսֆամի» ներկայացուցիչները քննարկեցին այս գերատեսչությունների հետ համատեղ իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանն ու ծրագրերի շարունակական լինելուն առնչվող մի շարք հարցեր:



Այցի երկրորդ օրը Բրիտանիայից ժամանած Մարկ Գոլդրինգի համար նշանավորվեց դեպի Տավուշ կատարած այցով: «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի, գյուղատնտեսական ոլորտի փորձագետների և լրագրողների ուղեկցությամբ Մարկ Գոլդրինգն շրջայց կատարեց Տավուշի մարզի Սևքար համայնքում գտնվող մրգերի և հատապտուղների վերամշակման գործարանում, որը հիմնվել է «Օքսֆամի» նախաձեռնությամբ և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ: Իսկ մինչ այդ Տավուշի Գոշ համայնքում հանդիպումներ ունեցան «Աջակցություն փոքր ֆերմերներին՝ ջերմատների և վերամշակման գործարններ հիմնելու միջոցով» ծրագրով իրականացված ջերմատնային տնտեսության շահառու կանանց հետ:



Ի դեպ, ծրագիրն ուղղված է սահմանամերձ համայնքներում ֆերմերային տնտեսություններ հիմնելու միջոցով կանանց ռեսուրսների ներգրավմանն ու կոոպերատիվների ստեղծմանն ու զարգացմանը: Այն բավականին բարձր ցուցանիշներով աչքի է ընկել զբաղվածության ոլորտում: Վերջին տարիների ընթացքում «Օքսֆամի» հայաստանյան գրասենյակի և միջազգային դոնոր կազմակերպությունների ջանքերով ստեղծված շուրջ 16 կոոպերատիվ ձեռնարկատիրական տնտեսությունները մարզերում բնակվող կանանց տվել են հնարավորություն՝ անտառներից հավաքած հատապտուղներն ու մրգերը հանձնել վերամշակման գործարան, որտեղ աշխատանքով ապահովված են նույն համայնքի տասնյակից ավելի կանայք ու տղամարդիկ: Ծրագրի մանրամասներին ծանոթացեք «Օքսֆամ» Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ հարցազրույցում.