Զինծառայողին ծեծել են, հայհոյել, նվաստացրել են և հասցրել ինքնասպանության

Զինծառայողին ծեծել են, հայհոյել, նվաստացրել են և հասցրել ինքնասպանության

Սեպտեմբերի 16-ին հերթական ողբերգությունն է եղել հայկական բանակում։ Ծառայակիցների զոհ է դարձել զինծառայող Նարեկ Փաթաթանյանը։ Դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում։



Զինվորական քննչական վարչությունն այս գործով պարզել է, որ տղան ծառայակիցների կողմից բռնարարքների է ենթարկվել, որից հետո ինքնասպան է եղել, կրակելով իր գլխին։ Նարեկին տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ նա մահացել է։ Կրակոցից հետո նա ապրել է ընդամենը 3 ժամ։ Ըստ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանի` առաջադրված մեղադրանքներում բազմաթիվ դրվագներ կան՝ շորթումից ու ծեծից մինչև բռնի գործողությունները․ «քննչական գործողությունների ընթացքում բազմաթիվ հանգամանքներ ենք պարզել», - ասում է նա։



Սա այն դեպքերից է, որն անուղղակի ապացուցում է, որ հայկական բանակում այսօր հանցագործ աշխարհին բնորոշ, բանտի բարքեր են տիրում։ Մեր տեղեկություններով, որոնք ստացվել են մասամբ տղայի հարազատներից, տղայից անընդհատ գումարներ են ուզել՝ 3000, 7000, 5000, ամեն անգամ շորթման համար «տղայականով» մի նոր առիթ գտնելով՝ «Լավ տղերքին խաբեցիր, այսքան էլ կբերես», կամ տարբեր նվաստացնող արտահայտություններ են արել նրա հասցեին, նոր պահանջ դնելով՝ «տակից դուրս գալու համար այսքան էլ կբերես»։ Այս ամենը կատարվել է ոչ թե զոնում, այլ հայկական բանակում, մեր քաջարի և ազնվագույն սպաների, հրամանատարների թողտվությամբ։



Տղային հայհոյել են, ծեծել են, ճնշել են, յուրաքանչյուրն իր պարտքն է համարել դատել ու պատժել նրան։ Այս ամենը տևել է մոտ մեկ ամիս և բերել է արյունալի հանգուցալուծման։ Գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի։ 5-ը կալանավորված են՝ ժամկետային զինծառայող Հ. Շահմուրադյանը, Հ.Ալեքսանյանը, Վ.Վարդանյանը, Գ.Ղուկասյանը և Լ. Սարգսյանը։ Վերջինս լեյտենանտի կոչում ունի։ Շարքային Գ. Մուսիկյանին հանձնել են զորամասի հրամանատարի հսկողությանը։ Նախաքննությունը շարունակվում է։



Նարեկը Չարենացավանի բնակիչ էր, 1 տարի առաջ էր զորակոչվել։ Նրա մայրը դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի է, հայրը՝ Չարենացավանի գործարաններից մեկում է աշխատում: 



Սյուզան Սիմոնյան