Սերժ Թանկյանը յուրօրինակ օնլայն ասուլիս է տվել Reddit-ի քննարկումներում

Սերժ Թանկյանը յուրօրինակ օնլայն ասուլիս է տվել Reddit-ի քննարկումներում

Հայազգի աշխրահահռչակ ռոք աստղ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով վերջերս տոնեց ծննդյան տարեդարձը, Հայաստանի անկախության քսանհինգամյակի առիթով պատասխանել է ամերիկյան միջավայրում բավական հայտնի Reddit հարթակի օգտատերերի` իրեն առաջադրված հարցերին, որոնք հիմնականում առնչվել են Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին մարտահարվերներին, ծառացած խնդիրներին եւ առաջնահերթություններին:



Մշտապես իր համարձակ պատասխաններով, քննադատական առողջ մտքով ու սթափ դատողություններով հայտնի Սերժը, ով ժամանակին բաց նամակ գրեց ՀՀ նախագահին եւ յուրատեսակ նամակագրային հաղորդակցության պրակտիկա ձեւավորեց ՀՀ նախագահի հետ, այս անգամ էլ աչքի է ընկել իր համարձակ եւ օբյեկտիվ գնահատականներով, անաչառ մոտեցումներով: Թանկյանը իր պատասխաններում նշել է, որ տեղյակ է Հայաստանում ծավալվող իրադարձություններին մոտիկից, քանի որ կինը հայաստանցի է եւ ինքը հաճախակի է այցելում Հայաստան, չնայած իր գերհագեցած ժամանակացույցին:



Ուշագրավ է այն, որ Սասնա ծռերի առումով Թանկյանը եղել է իր պատասխաններում լիովին համահունչ ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի հանրային կարծիքին եւ ասել, որ այն ինչ կատարվեց, արդյունք էր խորը հանրային դժգոհության, որն առկա է իշխանությունների հանդեպ` Հայաստանի բնակիչների մոտ: Թանկյանը նշել է, որ իշխանությունների մոտ որոշակի վախ կա, ինչով էլ նրանք անցել են որոշակի փոփոխությունների կատարմանը եւ պետք է հանրային ճնշումը միշտ լինի եւ լինի ուժեղ, որպեսզի իշխանությունները շարունակեն աշխատել այդ փոփոխությունների ուղղությամբ, թեեւ մեծ հաշվով իշխանությունները գիտեն, որ իրավիճակի տերն են:



«Հենց մշտական ճնշումն է, որ ստիպելու է իրական փոփոխությունների»,- ասել է աշխարհահռչակ հայազգի մենակատարը` համոզմունք հայտնելով, որ ի վերջո ժողովրդի կամքն է հաղթելու: Որպես փոփոխությունների հիմք եւ հաջողության գրավական՝ Թանկյանը շեշտել է ընտրությունների փոփոխման եւ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը:



Թանկյանը կարեւորել է նաեւ Սփյուռքի մասնակցության խորացումն ու ընդլայնումը հայաստանյան կյանքին նաեւ քաղաքական իմաստով: Նոր կառավարության հանդեպ Սերժ Թանկյանը բավականին սկեպտիկ է տրամադրված եւ կարծում է, որ լավագույն գնահատողը կլինի ժամանակը: Հայ-ռուսական հարաբերությունների մասով էլ աշխարհահռչակ գերաստղը կարծիք է հայտնել, որ պետք է բաց հարաբերություններ ունենալ ինչպես Արեւմուտքի այնպես էլ Ռուսաստանի հետ: