Հռոմի Պապը գալիս է Կովկաս խաղաղության կոչով

Հռոմի Պապը գալիս է Կովկաս խաղաղության կոչով

Ինչպես հայտնում է Radio Vaticana-ն, սեպտեմբերի երեսունին մեկնարկում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ այցելությունը Կովկաս: Այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Գրեգ Բյորկը:



Վերջինս նշել է, որ Սրբազան Քահանայապետը կայցելի Վրաստան եւ Ադրբեջան, եւ այցը կունենա խաղաղության պատգամ ուղղված Կովկասին` տոգորված էկումենիկ եւ միջկրոնական երկխոսության ոգով: Սուրբ Աթոռի ներկայացուցիչը նշել է, որ Պապը Վրաստանում եւ Արդբեջանում ընդհանուր առմամբ կունենա տասը ելույթ, որոնք Կլինեն իտալերենով, ինչպես նաեւ հոկտեմբերի երկուսին Բաքվից Հռոմ վերադարձին՝ ինքնաթիռում կունենա ավանդական մամլո ասուլիս:



Վրաստանում Սրբազան Քահանայապետը կխոսի էկումենիկ երկխոսության մասին, իսկ Բաքվում ելույթները կունենան միջկրոնական երկխոսության ենթատեքստ:



«Անխոս սա խաղաղության այց է: Սրբազան Պապը խաղաղության եւ հաշտության պատգամ է ուղղում ռեգիոնին: Առաջին անգամ կաթոլիկ Ս. Պատարագին կմասնակցի Վրաց Ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը, իսկ նրան Թբիլիսիում կդիմավորի Թբիլիսիի եւ Համայն Վրաց պատրիարք Իլյա երկրորդը: Թբիլիսիում Սրբազան Քահանայապետը կհանդիպի ուղղափառ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ Բաքվում կայցելի մզկիթ եւ կհանդիպի Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդի հետ»,- ասել է Բյորկը:



Իր ելույթներում Պապը կխոսի նաեւ հակամարտություններից` իր աջակցությունն ու սրտակցությունն հայտնելով բազմաչարչար սիրիացի եւ իրաքցի ժողովուրդներին եւ կաղոթի քաղդեական Սուրբ Սիմեոնի եկեղեցում: