Թեհլերյանի արձանը պարբերաբար անարգվում է

Թեհլերյանի արձանը պարբերաբար անարգվում է

ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՆԱՐԳՎՈՒՄ է



Շինարարների փողոցում, շուկայի ետնամասում տեղադրված հայ հայտնի վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արձանը պարբերաբար անարգվում է դեռեւս անհայտ անձանց կողմից: Արձանի շրջապատը, որն ինչ-որ տեղ պուրակ է հիշեցնում, դարձել է հարակից շենքերում ապրող տարեցների ժամանցի վայր: Այստեղ տարիքն ապրած մի քանի նստարան է տեղադրված, որոնց վրա նստելն անհնարին է: Նստարաններին փոխարինում է արձանին հարակից պատը, որի վրա տարեցները տեղադրում են շախմատի տախտակներ:



Զարմանալի է, բայց արձանի հարեւանությամբ գոյություն ունի ցայտաղբյուր, որի ջրերը, ի տարբերություն մայրաքաղաքի շատ ու շատ ցայտաղբյուրների, մշտապես հոսում են, սակայն ապարանյան սառնորակ ջրից օգտվելն այնքան էլ դյուրին չէ, որովհետեւ շուկայի աղբը հաճախ հայտնվում է ցայտաղբյուրի եզրին: Իսկ երեկոյան, հատկապես քամի օրերին տարածքը վերածվում է կատարյալ աղբանոցի՝ նստարանների դեր տանող պատերի վրա տարեցների թողած ստվարաթղթից, շուկայի պոլիէթիլենային տոպրակներից: Սփոփելի միակ բանն այստեղ ծաղիկներն են, որոնք միշտ զարդարում են արձանը: Արձանը «զարդարում» են նաեւ սեւ, բավականին հաստ գծերով խզբզանքները, որոնք հայտնվում են, տեւական ժամանակ մնում, հետո մաքրվում են, անշուշտ՝ ոչ վարչատարածքի պատասխանատուների կողմից: Մաքրելուց էլ դիմացի երեւացող մասն է մաքրվում, իսկ ետնամասը մշտապես պատված է հին ու նոր խզբզանքներով:
Կարծում ենք՝ այս երեւույթը բնորոշ է հարեւան հանրապետությանը, որը հուշարձան պղծելու մոլուցք ունի, սակայն ինչպե՞ս բնորոշել այստեղ կատարվածը, կամ արժե՞ նրանց կատարածի մասին բարձրաձայնել, երբ հաճախ ինքներս ենք դա կատարում:
Այս խնդիրն առաջին հերթին վարչատարածքի եւ ոստիկանության ղեկավարությանը պետք է անհանգստացնի: Իսկ վերջնական լուծումը շատ հեշտ է, անհրաժեշտ է միայն տարածքը բարեկարգել եւ խնդրել տեսախցիկների սեփականատիրոջը մի տեսախցիկ էլ տեղադրել Էստոնական եւ Շինարարների փողոցների հատման խաչմերուկում, որոնցից արձանն ընդամենը մի քանի քայլ է հեռու:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ