ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի Պն հերթական ապատեղեկատվությունը

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի Պն հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել, իրականությանը չի համապատասխանում:



Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս և ամենայն պատասխանատվությամբ հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:



«Ավելին` հարկ է ընդգծել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` կիրառելով ոչ միայն փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այլև գնդացիրներ ու հեռահար դիպուկահար հրացաններ: Ասվածի ամենաթարմ ապացույցը այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառված «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից արձակված շուրջ 50 թիրախավորված կրակոցներն են:



Ելնելով այս իրողությունից` ադրբեջանական կողմին խորհուրդ կտայինք նախազգուշացնելու փոխարեն հիշել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ միջազգային հանրության առաջ ստանձնած պատասխանատվության մասին: Միաժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հակառակորդի կողմից հայ զինծառայողի ցանկացած թիրախավորում անպատասխան չի մնալու»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։