Հայազգի մոդելը «Միսս Գլոբալ 2016-ում» (ֆոտոշարք)

Հայազգի մոդելը «Միսս Գլոբալ 2016-ում» (ֆոտոշարք)

Ֆիլիպիններում անցկացված «Միսս Գլոբալ» մրցույթի մասնակից Մարիամ Բարխոյանի հարցազրույցը Hraparak.am-ին:



- Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մասնակցել «Միսս Գլոբալ» գեղեցկության մրցույթին:



- Միշտ հետաքրքրվում էի նորաձեւությամբ: Մի անգամ կարդացի «Միսս Գլոբալ 2016» մրցույթի մասին ու որոշեցի մասնակցել: Սկզբում չէի հավատում, որ հայտս կհաստատվի, քանի որ բազմաթիվ հայ աղջիկներ են դիմել ու մերժվել: Անգամ մոռացել էի հայտիս մասին: Սակայն 3 ամիս անց ինձ գրեցին ու տեղեկացրեցին, որ հայտս հաստատվել է, կարող եմ պայմանագիր կնքել:



- Ստացա՞ք արդյոք պետական օժանդակություն:



- Պետական օժանդակություն չստացա, թեեւ դիմել էի, ամեն ինչ ինքնուրույն արեցի, սկսած հագուստի ծախսերից, ճամփորդական վճարներից եւ այլն:



- Ի՞նչ արձագանք եղավ մրցույթի մասնակիցների կողմից:



- Մրցույթի մասնակիցների հետ մտերմացանք: Բոլորը դրական էին վերաբերվում: Որոշ մասնակիցներ անգամ չգիտեին Հայաստանի մասին ու հետաքրքրությամբ էին լսում մեր երկրի մասին պատմություններս: Նրանցից շատերը ցանկություն հայտնեցին Հայաստան գալ ու այցելել տեսարժան վայրերը:



- Ի՞նչ ակնկալիքներ եւ նպատակներ ունեք հետագայում՝ որպես մոդել:



- Ավարտել եմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: Առայժմ աշխատում եմ իմ մասնագիտությամբ, սակայն հետագայում ցանկություն ունեմ հանդես գալու որպես մոդել կամ ֆոտոմոդել: Պատրաստ եմ համագործակցելու թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ստուդիաների, հեռուստաընկերությունների, նորաձեւությամբ զբաղվող ընկերությունների հետ:



- Ինչպիսի՞ տպավորություն ստացաք ճամփորդությունից:



- Ֆիլիպիններում, Մանիլայում առաջին անգամ էի, հիանալի ճամփորդություն ունեցա: Ամենաազդեցիկը մարդկանց բարիացական տրամադրվածությունն էր: Բոլորը ժպիտով էին հարցերիս պատասխանում ու լսում ինձ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ոչ միայն ինքնարտահայտվելու, այլեւ միջազգային հարթակում Հայաստանն ու հայկական մշակույթը ներկայացնելու:



Նշենք, որ «Միսս Գլոբալ» գեղեցկության միջազգային մրցույթն ամերիկյան նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարի: Մրցույթի մասնակիցներն ընտրվում են տարբեր երկրներից, 18-35 տարիքային խմբից: Հաղթողները հնարավորություն են ստանում շրջագայելու ողջ աշխարհով եւ մասնակցելու բարեգործական միջազգային ծրագրերի: Մրցույթի շահումային ֆոնդը 40 հազար ԱՄՆ դոլար է:



Նարե ԳԵՎՈՐԳՅԱՆ