Ռեկտորի պաշտոնակատարը ուղղակի խաբում է բուհի կոլեկտիվին.ԳՊՄԻ գիտական խորհուրդ

Ռեկտորի պաշտոնակատարը ուղղակի խաբում է բուհի կոլեկտիվին.ԳՊՄԻ գիտական խորհուրդ

Հարգելի խմբագրություն



Սույն թվի հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նիստում հերթական հարց ու պատասխանի ժամանակ առաջին անգամ զարմանքով տեղեկանում ենք, որ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված նոր կանոնադրություն է հաստատվել: Զարմանալի է, որ բուհի նոր կանոնադրության մասին տեղեկանում ենք լրատվամիջոցներից, քանի որ նման կարևորագույն փաստաթղթի քննարկումը և հավանություն տալը նախ ինստիտուտի գիտական խորհրդում պետք է լիներ: Կարող եք համապատասխան հարցումների միջոցով ստուգել, որ ինստիտուտի գիտական խորհրդի անդամները տեղյակ չեն եղել նոր կանոնադրության մասին, և ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանն իրեն հատուկ գաղտնի, անտրամաբանական և կառավարչին անհարիր ոճով նոր կանոնադրությունն ուղարկել է ԿԳՆ: Սույն թվականի օգոստոսի 5-ին, այսինքն՝ արձակուրդի ժամանակ, ինստիտուտի գիտական քարտուղարը գիտական խորհրդի անդամներին էլեկտրոնային նամակի միջոցով խնդրում է գալ ինստիտուտ և ստորագրությամբ համաձայնություն տալ բուհի վերանվանման կապակցությամբ: Բուհի նոր կանոնադրություն չենք տեսել, և կարող եք գիտական խորհրդի անդամներից ճշտել, կա նաև էլեկտրոնային նամակագրությունը: Ռեկտորի պաշտոնակատարը ուղղակի խաբում է բուհի կոլեկտիվին: Զավեշտն այն է, որ նախարար Լևոն Մկրտչյանն ամեն գնով պաշտպանում է այս մարդուն՝ անհիմն փաստարկներով. ինչպես կարելի է չհասկանալ բուհական ուսումնառությունից, գիտնական չլինել (գիտությունների թեկնածու է, բայց գիտենք՝ ինչպես և ինչ ճանապարհով), երբևէ լսարան մտած չլինել և բուհի լավ կառավարիչ լինել: Նախարարը, երևի, մտածում է, որ ինստիտուտը «դույլերի արտադրության ցեխ» է և բուհական ինքնավարությունն էլ ամենաթողություն է՝ պաշտպանելով Սահակ Մինասյանի կամայական որոշումները: Խնդրում ենք, թույլ մի՛ տվեք, որ պատահական մեկը քանդի ութսուներկուամյա բուհը, ինչպես քսան տարի շարունակ հիմնովին քանդել է հանրակրթությունը:
Գիտական խորհրդի կազմում ընդգրկված ուսանողները նույնպես դժգոհ են, որ ռեկտորի պաշտոնակատարն իրենց անտեսում է. սեպտեմբերի 26-ին իր կաբինետում գիտխորհրդի նիստ է հրավիրվել, որին բացի ուսանողական խորհրդի նախագահից, այլ ուսանող-անդամներ չեն հրավիրվել:



Հարգանքով և հավատով՝ ԳՊՄԻ գիտական խորհրդի անդամներ