Ո՞վ կվերադարձնի մեր 5 դրամները

Ո՞վ կվերադարձնի մեր 5 դրամները

Այսօր բազմաթիվ խանութներում և սուպերմարկետներում 5 դրամ գումարն ուղղակի կլորացնում են ըստ հարմարության և հաճախ ոչ գնորդի օգտին: Այդ պատճառով բիզնես թրեյներ, գործարար Գրիգոր Առաքելյանն առաջարկում է 5 դրամանոց մետաղադրամները վերադարձնել շրջանառության մեջ: Մեզ հետ զրույցում Առաքելյանը նշեց, որ այժմ շուկայում կան բազում գործարքներ, որոնց համար անհրաժեշտ է ունենալ 5 դրամանոց մետաղադրամ: «Քանի որ այժմ չկան 5 դրամանոցներ, շատ սուպերմարկետներ օգտվում են առիթից եւ 5-ի փոխարեն վերցնում են 10 դրամ,-ասում է Առաքելյանը, ապա հավելում է,- այդ իսկ պատճառով պետք է փորձենք նորանշանակ կառավարության ուշադրությունը հրավիրել այս հարցի շուրջ»: Առաքելյանը վստահեցնում է, որ օրենքով 5 դրամանոց մետաղադրամները շրջանառության մեջ են. «Կենտրոնական բանկի կայքում ես գտա որոշ նյութեր, որոնք վկայում են, որ 5 դրամները օրենքով շրջանառության մեջ են»: Ըստ Առաքելյանի՝ պետք է որոշակի քայլեր մշակել, որպեսզի մարդիկ եւս հասկանան, որ այդ 5 դրամանոցները իրենց պետք են: «Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է կրի սոցիալական պատասխանատվություն, եւ հենց այդ պատասխանատվության դրսեւորումներից մեկը նմանատիպ հարցերի բարձրացումն է, շատ այլ հարցեր եւս պետք է բարձրացվի, բայց դրանց մասին ավելի ուշ»,-ասում է Առաքելյանն:



Մենք փորձեցինք պարզել նաեւ, թե որքան ժամանակ է, ինչ 5 դրամանոց մետաղադրամները շրջանառությունից դուրս են եկել: Կենտրոնական բանկից մեզ տեղեկացրին, որ 1994 թվականի փետրվարի 21-ից առ այսօր 5 դրամանոցները շրջանառության մեջ են: Դիտարկմանը, թե ինչո՞ւ որեւէ խանութում չենք տեսնում այդ մետաղադրամը, Կենտրոնական բանկի աշխատակիցը պատասխանեց. «Կարող եք մոտենալ Կենտրոնական բանկ, մանրել Ձեր գումարը եւ վերցնել 5 դրամանոցներ»:



Հարց է առաջանում, ինչո՞ւ 1994 թվականից մինչեւ օրս մենք խանութում ենք թողնում մեր 5 դրամները, ով է պատասխանատու 5 դրամանոց «կողոպուտի» համար:



Նարե Գեւորգյան