Դատարանից՝ կառավարություն, այնտեղից էլ՝ Գլխավոր դատախազություն (Ֆոտո,վիդեո)

Դատարանից՝ կառավարություն, այնտեղից էլ՝ Գլխավոր դատախազություն (Ֆոտո,վիդեո)

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ տեսակցությունների արգելանքը վերացնելու վերաբերյալ: Դատական նիստի դահլիճից դուրս գալուց հետ Եղնուկյանի ընտանիքի անդամները, համակիրները և մտերիմները իրականացրին իրազեկման երթ:



Դատարանից՝ կառավարություն



«Ազատություն քաղբանտարկյալ Կարոյին», «Ազատություն հայրիկիս», «Արի տուն, բայց շատ չթպրտաս», «Հայրենասեր, ոչ հանցագործ» մակագրությամբ պաստառներով, «Ազատություն Կարոյին», «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին» վանկարկումներով երթի մասնակիցները դատարանի բակից շարժվեցին կառավարության շենքի մոտ: Բարձրախոսով ելույթ էր ունենում ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, վերջինս իր ելույթում նշեց, որ պետք է պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, և բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատության մեջ լինեն: Կառավարության շենքի մոտ մասնակիցներին սպասում էին ոստիկանները, ցուցարաներին թույլ չտրվեց Հանրապետության հրապարակով շարունակել իրենց ճանապարհը, քանի որ, ինչպես ոստիկանության ներկայացուցիչները նշեցին, նախատեսված միջոցառումներ կան: Բանակցությունների արդյունքում երթի մասնակիցները տեղի տվեցին:



Կառավարությունից՝ Գլխավոր դատախազություն



Կառավարությունից Գլխավոր դատախազություն տանող ճանապարհն անցավ վանկարկումներով: Իսկ արդեն դատախազության դիմաց ոստիկանները փակել էին դատախազություն տանող ուղին: Այստեղ միջադեպ տեղի ունեցավ, ԱՄՆ-ից եկած Կարո Եղնուկյանի մայրը պնդում էր, որ ոստիկաններից մեկն իրեն հրել է, ինչը հերքվեց ոստիկանի կողմից: ԱՄՆ-ի քաղաքացի, Եղնուկյանի մտերիմներից մեկը, իմանալով միջադեպ մասին, մոտ 30 րոպե ուղիղ կանգնել էր այդ ոստիկանի դիմաց և նայում էր աչքերի մեջ, առանց որևէ այլ արարք կատարելու, միայն կրկնում էր՝ ամաչո՞ւմ ես, չե՞ս կարողանում նայել աչքերիս, ամոթ:



Ակցիայի վերջում Եղնուկյանի եղբայրը՝ Գոքոր Եղնուկյանը, շնորհակալություն հայտնեց բոլորին ներկայության, քաջալերանքի համար, նա նշեց, որ մեկնելու է օրերս ԱՄՆ, բայց ետ է վերադառնալու:



Մանրամասները՝ տեսանյութում: