ԵԽԽՎ-ում սկանդալ սարքելը՝ դիվանագիտությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն

ԵԽԽՎ-ում սկանդալ սարքելը՝ դիվանագիտությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից ոմանք՝ հիմնականում կամ բացառապես կանայք, քաղաքականության մեջ առանց սկանդալների իրենց կյանքը չեն պատկերացնում։ Հավանաբար, նրանց թվում է, որ եթե գնան Եվրոպայի խորհրդում գոռգոռան, հայհոյեն, սկանդալներ հրահրեն, մատ թափ տան ԵԽԽՎ ղեկավարի կամ Ադրբեջանի պատվիրակների վրա, կհերոսանան ոչ պակաս, քան սահման պահող մեր տղաները։ Եվ այնտեղ, որտեղ Ադրբեջանը «խավիարային» ու նուրբ դիվանագիտական կեցվածք է դրսեւորում, մեր կին պատվիրակները՝ Հերմինե Նաղդալյան, Նաիրա Զոհրաբյան, Նաիրա Կարապետյան, էմոցիաներին են զոռ տալիս։ Տղամարդ պատվիրակներն ավելի զուսպ եւ հավասարակշիռ կեցվածք են ցուցաբերում։



Գիտակցելով, որ սա քաղաքակիրթ Եվրոպան է, որտեղ կարող են լինել ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտի պես կաշառակեր կամ խավիարասեր պատվիրակներ, կարող են ծախվել ադրբեջանական նավթադոլարներին, բայց դա չի նշանակում գործի դնել կանացի ողջ «զինանոցն» ու «բլիժնի բոյի» մեջ մտնել պատվիրակների հետ։ Երկու տարի առաջ էլ Հերմինե Նաղդալյանն էր սկանդալի կենտրոնում հայտնվել, երբ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ այնպիսի պահվածք էր դրսեւորել, որ անջատել էին նրա խոսափողն ու ռուսերենից թարգմանությունը, որից հետո նա եւ քաղաքական հանձնաժողովի մյուս հայ անդամ Նաիրա Կարապետյանը դուրս էին եկել դահլիճից։ 



Հիմա էլ, այս նստաշրջանում, նմանատիպ իրավիճակում են հայտնվել մեր պատվիրակության մյուս կանայք՝ Նաիրա Կարապետյանն ու Նաիրա Զոհրաբյանը։ Նաիրա Կարապետյանն ազատ դեբատի ժամանակ բարձրացրել է ԵԺԿ խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը։ Վոլոնտեն, հիշեցնենք, Միլանի դատախազության կողմից մեղադրվում է 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու մեջ։ Այսինքն՝ ըստ էության, նա մեղադրվում է ադրբեջանցիներից կաշառք ստանալու եւ նրանց օգտին աշխատելու համար։ Հայ պատգամավորի այս ելույթը դուր չի եկել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, ով եւս, մինչ ԵԽԽՎ նախագահ նշանակվելը, եղել է ԵԺԿ խմբակցության ղեկավար։ Եվ նա անջատել է Ն․ Կարապետյանի խոսափողը։ Նրան հաջորդել է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ում խոսափողը եւս անջատել է Ագրամունտը։ Զոհրաբյանի ելույթում էլ Ագրամունտին դուր չի եկել, որ հայ պատիրակը վիրավորել է ադրբեջանցի պատվիրակին։ Տիկին Զոհրաբյանը, արձագանքելով ադրբեջանցի պատվիրակներից մեկի ելույթին՝ ընդդեմ Հայաստանի, հայտարարել է, որ այդ պատվիրակը հոգեբույժի կարիք ունի։ Դրանից հետո ԵԽԽՎ նախագահն անջատել է խոսափողը, բայց Զոհրաբյանը շարունակել է բղավել անջատված խոսափողով։ Իհարկե, ԵԽԽՎ նախագահն իր բացահայտ հակահայկական կեցվածքով կանոնակարգի խախտում է թույլ տվել, քանզի դա եղելէ ազատ դեբատ, եւ իրավունք չուներ անջատել խոսափողը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր պատվիրակության որոշ անդամներ ԵԽԽՎ քաղաքական ամբիոնը դարձրել են Հայաստանում պոպուլիստական «ռասկրուտկաների» հարթակ։ Հույս ունեն այս ճանապարհով էլեկտորատ գրավել։ ԵԽԽՎ որոշ հայ պատգամավորների նման վարքից այնպես չէ, թե գոհ են պատվիրակության մյուս անդամները։ Թեպետ սոլիդարությունից ելնելով՝ բացահայտ չեն արտահայտվում։



ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը մեր հարցին, թե արդյո՞ք նման վարքով հանդես գալը դիվանագիտության ճիշտ լեզուն է, ասաց․ «ԵԽԽՎ-ն համարվում է ժողովրդական դիվանագիտության մարմին, ոչ թե դասական դիվանագիտության, եւ այստեղ ներկայացված են տարբեր երկրների խորհրդարանների անդամներ, եւ Դուք շատ լավ գիտեք, որ օրենսդիրի ներկայացուցիչները յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունում փոքր-ինչ ազատ են իրենց արտահայտությունների մեջ, քան գործադիրի ներկայացուցիչները»։ Իսկ արդյունավե՞տ է նման գործելաոճը. տիկին Նաղդալյանն ասաց, որ յուրաքանչյուր խմբակցության պատգամավոր ինքն է իր համար որոշում այն խնդիրների շրջանակը եւ այն միջոցները, որն օգտագործում է։ «Իհարկե, վարվում է նաեւ պատվիրակության կողմից ընդհանուր, համաձայնեցված աշխատանք եւ քաղաքականություն, բայց այս ամենը կատարվում է բարի կամքի շրջանակներում, եւ մենք ձգտում ենք ամեն անգամ մեր աշխատանքները կազմակերպել այնպես, որ ե՛ւ մեր երկրի համար կարեւոր հարցերը հնչեն այնպես, ինչպես անհրաժեշտ է, ե՛ւ, դրա հետ միասին, մեր պատվիրակներն ունենան որոշակի ազատություն, որ իրենց կուսակցական խնդիրները կամ իրենց կուսակցական մոտեցումները նույնպես կարողանան բարձրաձայնել»,-ասաց նա։



Մեր հարցին, թե ինչ խնդիր լուծեցին այս երկու պատգամավորները՝ նման իրավիճակում հայտնվելով, տիկին Նաղդալյանն ասաց․ «Խնդիրն այն չէր, որ մեր պատգամավորները դա նախաձեռնեցին, դա պարզապես ԵԽԽՎ նախագահի ոչ կոռեկտ, նյարդայնացած արձագանքն էր այն թեմաներին, որոնք իր սրտով չէին։ Եվ սա նախեւառաջ կանոնակարգի հստակ խախտում էր, որն ինքը հետագայում մեր հանդիպման ժամանակ ընդունեց, եւ որն ընդունեցին նաեւ աշխատակազմի ներկայացուցիչները»։



Նաղդալյանը, այդուհանդերձ, շատ բարձր գնահատեց այս նստաշրջանը, որի օրակարգում, թեպետ Հայաստանին ուղղակիորեն վերաբերող որեւէ հարց չի եղել, բայց հանձնաժողովների քննարկումները, ըստ նրա, ընթացել են նախեւառաջ ընտրական գործընթացների վերաբերյալ։ Նշենք, որ ԵԽԽՎ երկրներից յոթում այս ընթացքում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ էին ընթանում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ