Կառավարությունը նպատակադրել է 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովել․ վարչապետ

Կառավարությունը նպատակադրել է 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովել․ վարչապետ

Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2017 թվականի բյուջեի քնարկումները։ Բացման խոսքով և ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ կառավարությունը 2017թ. համար նպատակադրել է ապահովել ՀՆԱ-ի 3․2 տոկոս աճի մակարդակ։



«Հաշվի առնելով տնտեսական միջավայրը՝ մեզանից բավականին ջանքեր կպահանջվեն նշված ցուցանիշին հասնելու համար, սակայն մենք ամեն ինչ կանենք այդ ցուցանիշն ապահովելու համար: Հարկաբյուջետային քաղաքականության օիրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,- ասաց վարչապետը:



Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվել է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված ՌԴ-ում տնտեսական անկմամբ և պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Ւոստի, ըստ վարչապետի, այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի դեպքում անխուսափելի է եղել պետական պարտքի բարձրացումը։



«2017թ. կառավարությունը իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017թ. բյուջեն ներառելու է նվազող դիֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը»,- մանրամասնեց վարչապետը:



Կարեն Կարապետյանը վերջում հավելեց, որ կառավարությունը բյուջեի հիմքում դրել է տնտեսությունը չխեղդող, հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: «Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք է ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումներ»,- ընդգծեց վարչապետ Կարապետյանը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ