Ի՞նչ ճակատագիր է սպասվում Լուսինե Զաքարյանի տանը

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Լուսինե Զաքարյանի տանը

Ջավախքին աջակցություն հիմնադրամի (ՋԱՀ) 2020 թ. ծրագրերի մեջ մտնում է Ախալցխայում հայ մեծերի միասնական թանգարանի հիմնումը։ Եվ Լուսինե Զաքարյանի տան վաճառքի լուրը մենք հենց այդ տեսանկյունից փորձեցինք դիտարկել, որ միգուցե հենց այդ տունը դառնա այդ մեծերի միասնական թանգարանի շենքը։ Ես՝ անձամբ, գնացել տեսել եմ այդ շենքը, սուբյեկտիվ կարծիք ունեմ, որ դա չի կարող ամենալավ տարբերակը դիտվել»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՋԱՀ տնօրեն Աշոտ Հակոբյանը՝ անդրադառնալով հայ անվանի երգչուհի Լուսինե Զաքարյանի տան վաճառքին և իրենց կողմից այն գնելու մտադրությանը։



Նշենք, որ երգչուհին Ջավախքի Ախալցխա քաղաքում գտնվող այդ տանը տեղեկությունների մի մասի համաձայն՝ բնակվել է 16 տարի, մյուս մասի համաձայն՝ 9 տարի։ Բայց նշում են, որ ճշմարտությանն առավել մոտ է 9 տարվա տարբերակը։



Աշոտ Հակոբյանի խորին համոզմամբ՝ Լուսինե Զաքարյանի տունը մեկ միասնական թանգարան դառնալու հնարավորությունը չուներ, այն երկհարկանի, ըստ Հակոբյանի՝ մի փոքր «խառը» տուն է, որի մի հարկաբաժինը պատկանում է վրացի մի ընտանիքի, մյուսը՝ հայ ընտանիքի, որը բնակվում է Դոնի Ռոստովում։ Նրանք երկուսն էլ պատրաստ են վաճառել տունը, որը գնելու համար նախնական 45-50 հազար դոլար կարող է հարկավոր լինել։



«Մենք հանդիպեցինք ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, ներկայացրինք հարցը, հիմա ստեղծում ենք թանգարանի ստեղծման հանձնաժողով, որտեղ պարոն նախարարը նույնպես մեծ պատրաստակամություն հայտնեց՝ ինքը նույնպես լինի, կներգրավվեն ոլորտի մասնագետներ, ախալցխաբնակ հայեր, հանձնաժողովը կդիտարկի մի քանի տարբերակներ, օրինակ՝ այնտեղ 1830 թթ. կառուցված շենք կա, որը շատ լավ պահպանված է և հրաշալի տարբերակ կարող է լինել միասնական թանգարանի համար։ Հանձնաժողովն ինքը կորոշի՝ Լուսինե Զաքարյանի՞ տունը, թե՞ մեկ այլ տուն վերցնել»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին, թե Լուսինե Զաքարյանի տանը, անկախ ամեն ինչից, ի՞նչ ճակատագիր է սպասվում, հնարավո՞ր է այն որևէ կերպ ձեռք բերվի ՋԱՀ-ի կողմից և առանձին թանգարան դառնա, պարոն Հակոբյանն ասաց. «Առանձին թանգարանի տարբերակը մասնագետներն ու նաև ախալցխացիներն իրենք են ասում, որ նպատակահարմար չէ, որովհետև դրա համար և՛ շատ ժամանակ, և՛ շատ միջոցներ են պետք։ Իրոք, ամեն մեկն արժանի է առանձին թանգարան ունենալու, բայց արդյոք այդքան միջոցներն ու ժամանակը կարդարացնե՞ն, որ ամեն մեկի համար սկսենք թանգարաններ հիմնել։ Փոխարենը, եթե մենք սկսենք մեկ միասնական թանգարան կառուցել, մեկ-երկու տարում հնարավոր կլինի դա ունենալ, և հանրությանը կներկայացնենք, թե ինչ ախալցխացիներ են ծնվել այդտեղ և ինչ դերակատարում են ունեցել մարդկության զարգացման գործում»։



Իսկ ի՞նչ կլինի, այդ դեպքում, Լուսինե Զաքարյանի տան հետ։ ՋԱՀ տնօրենն ասաց. «Ես, ճիշտն ասած, դժվարանում եմ հիմա ասել, հնարավոր է և չվաճառվի»։




Հ.Գ. Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ իրենք ընդունելի և ոգևորիչ են համարում Ախալցխայում Լուսինե Զաքարյանի մանկության տան ձեռքբերման առաջարկը: Բայց. «Պետբյուջեում նման միջոցներ չլինելու պայմաններում նախարարությունը հետաքրքրված է հովանավորներ կամ գնորդ գտնելու հարցով (նպատակով, որ տունը հետագայում ծառայելու է որպես մշակութային կենտրոն կամ թանգարան)»։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ