Իհարկե, ես հակված եմ նաև ավելի կտրուկ ու վճռական գործողությունների

Իհարկե, ես հակված եմ նաև ավելի կտրուկ ու վճռական գործողությունների

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստով հաստատվեց որպես բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս պաշտոնում Մուրադյանը, եթե վերջնական ընտրությամբ ևս նա նշանակվի ռեկտոր, կփոխարինի սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Միքայել Նարիմանյանին։



Այս առնչությամբ Hraparak.am-ը զրուցեց նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարի հետ։ Վերջինս հենց սկզբից հարցը կտրուկ դրեց՝ թեմայից դուրս որևէ այլ հարցի չի պատասխանելու, միայն բուհին վերաբերող հարցեր։



-Պարոն Մուրադյան, ինչպե՞ս ստացվեց, որ հենց Ձեզ որոշեցին առաջադրել այս պաշտոնում։



-Ես Բժշկական համալսարանի հետ կապված եմ շատ վաղուց, ընդունվել, սովորել եմ այստեղ, ավարտել եմ այս բուհը, հետո վերապատրաստվել եմ այս բուհում, ասպիրանտուրա եմ անցել և 2001 թվականից աշխատում եմ այս բուհում։ 2003 թվականին արդեն կազմակերպեցի ուռոլոգիայի առաջին ամբիոնը և ղեկավարում եմ այդ ամբիոնը։ Այսինքն՝ ես բժշկական համալսարանի աշխատանքներին քաջատեղյակ եմ, և ինձ համար շատ պատվաբեր է, որ ինձ հրավիրել էին այսօր խորհրդի նիստին, որտեղ հաստատվեց, որ ժամանակավոր պաշտոնակատարն եմ լինելու մինչև ընտրությունների ավարտը։



-Մամուլը գրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկն է եղել, որ Դուք նշանակվեք այս պոշտոնում։



-Այո, ես քննարկել եմ վարչապետի հետ այս հարցը, և կարծում եմ, որ բժշկական համալսարանը բավականին մեծ ռեսուրս և դերակատարում ունի երկրում, և պահանջում է ամենաբարձր մոտեցումները և ամենախիստ սանկցիաները։



-Իսկ վարչապետի հետ քննարկե՞լ եք այն հարցը, թե ինչու նա ցանկացավ, որ Դուք հրաժարվեք առողջապահության նախարարի պաշտոնից։



-Այո, անշուշտ, երբ որ մենք քննարկում էինք դեռևս սեպտեմբեր ամսին այս հարցերը, մենք, իհարկե, քննարկել ենք։



-Եվ ի՞նչ պատասխան է եղել նրա կողմից։



-Ես Ձեզ արդեն այդ հարցի վերաբերյալ քիչ առաջ տեղեկացրի, որ մենք քննարկելու ենք բժշկական համալսարանի հետ կապված հարցեր, եթե մենք պայմանավորվում ենք որևիցե հարցի ֆորմատի շուրջ, ես կարծում եմ, որ պետք է մենք պահպանենք մեր պայմանավորվածությունը։ Եթե Ձեզ հետաքրքրում են առողջապահության հետ կապված խնդիրներ, ես պատրաստ եմ ավելի ընդլայնված հարցազրույց տամ։



-Պարոն Մուրադյան, իմ հարցը ոչ թե առողջապահության համակարգին ու նախարարությանն է վերաբերում, այլ նախարարությունից Ձեր պաշտոնանկությանն ու այստեղ տեղափոխմանը։



-Նախ ես չեմ տեղափոխվել, այլ շուրջ մեկուկես ամիս զբաղվել եմ պրակտիկ գործունեությամբ, գիտեք, որ ես պրակտիկ բժիշկ եմ և երբեք չեմ էլ թողել այդ աշխատանքը։ Ինչ վերաբերում է նոր կաբինետում ընդգրկվածության խնդիրներին, պարոն վարչապետն իր տեսակետներն ուներ այս հարցի շուրջ, և կարծում եմ, որ Դուք այդ հարցով արդեն դիմել եք և ստացել եք համապատասխան պարզաբանումները հենց պարոն վարչապետից։ Սա իր որոշումն էր։



-Պարոն Նարիմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մասնագիտությամբ թերապևտ է, Դուք՝ վիրաբույժ։ Հիմա Դուք վիրաբուժական միջատությունների կարիք կունենա՞ք նրա թողած բուհում։



-Իհարկե, դա վերացական ասված է, որ նա ավելի շատ թերապևտիկ էր մոտենում հարցերին։ Սա անձի խառնվածք է, ես վիրաբուժական մոտեցումների հակված եմ այն պահին, երբ դա պահանջվում է, կոնկրետ եթե խոսում ենք հիվանդի առողջության մասին, իսկ եթե խոսքը վերաբերում է նաև ընդհանուր հիմնարկի կառավարմանը, իհարկե, ես հակված եմ նաև ավելի կտրուկ ու նաև ավելի հստակ, վճռական գործողությունների։



-Այս իմաստով՝ պարոն Նարիմանյանի իրականցրած «թերապիան»՝ որպես բուհի ռեկտոր, արդյունավետ եղե՞լ է, ըստ Ձեզ։



-Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ռեկտոր, ով կառավարել է այս համալսարանը, իրենից հետո թողել է մեծ և բավականին լայնածավալ կատարված աշխատանք։ Իհարկե, յուրաքանչյուր աշխատանք, բացի դրական կողմերից ունենում է նաև որոշակի բացթողումներ։ Եվ դրանից զերծ չեն ո՛չ թերապևտները, ո՛չ վիրաբույժները։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք տեսնել մեր ընդհանուր նպատակը և լրացնել այն բացերը, որոնք այսօր կան՝ խորացնելով այն ձեռքբերումները, որոնք տեղի են ունեցել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ