Վանաձորի թատրոնի տնօրենի հարցը ՏԻՄ ընտրությունների շարունակությունն է

Վանաձորի թատրոնի տնօրենի հարցը ՏԻՄ ընտրությունների շարունակությունն է

Վանաձորի թատրոնում ստեղծված իրավիճակի մասին առաջին ահազանգողներից մեկն էլ ես եմ եղել եւ վերջին օրերին կարդալով լրատվական տարբեր միջոցների հրապարակումները՝ նկատեցի, որ բոլորը ճիշտ են ըմբռնել խնդրի էությունը: Ի վերջո, այստեղ Ագնեսայի կամ Հրաչյայի տնօրեն լինել-չլինելու խնդիրը չէ, հիմնական խնդիրն այն է, որ Ագնեսան տնօրեն է դառնում անազնիվ ու անօրինական ճանապարհով: Երկրում հայտարարված վերջին փոփոխություններն ու բարեփոխումները կարծես թե հույս էին ներչնչում, որ մեր երկրում ինչ-որ բան է փոխվում, սակայն արի տես, որ այդ փոփոխությունները չեն դիմանում անգամ մի փոքրիկ թատրոնի տնօրենի, աննշան պաշտոնի նշանակման փորձությանը: Համակարգն այնքան պինդ է ու կարծրացած, որ թույլ չի տա որեւէ փոփոխություն, թարմ ու ազնիվ մրցակցություն: 



Ագնեսան չի հասկանում, որ ինքը տնօրեն դառնալու համար ընտրել է ամենաանամոթ մեթոդը: Մյուս կողմից էլ՝ իր մի փոքր հարցազրույցում մի քանի տեղ հակասում է ինքն իրեն: Նախ չի ընդունում Շահվերդյանի մասին Չախմախչյանի ասածները, որ նա իրեն սպառել է, հետո ասում է, որ գնում է վերականգնելու Վանաձորի թատրոնը: Բա եթե Շահվերդյանն էդքան լավ է աշխատել, գնում ես ի՞նչը վերականգնես:



Ինչ վերաբերում է «քաշով մեկ մրցանակներին», Վանաձորի թատրոնում բոլորը գիտեն, թե ինչպես է Վահե Շահվերդյանն Ագնեսայի համար «նվաճում» այդ մրցանակները, ինչպես է ձախողում փառատոների ընթացքը, ինչպես է խառնում ու խառնակչություն մտցնում ժյուրիի մեջ, ինչպես է պրովոկացիաներով հասնում նրան, որ իր «լյուբիմչիկները» մրցանակներ ստանան: Վերջին փառատոնին, որ նա մասնակցեց Գերմանիայում, առաջին տիկնոջ միջամտությամբ պետական բյուջեից հսկայական միջոցներ ստացավ՝ գերդաստանով փառատոն գնալու համար։ Թե ինչ մրցանակ է բերել այնտեղից օրիորդը, ոչ ոք չգիտի, դե թող հրապարակի, եթե դրանք կան: Պրինտերով պատրաստված դիպլոմներով ու խանութներից գնված մրցանակներով վերադառնալը խորթ չէ նրան։ Մյուս կողմից էլ՝ էս աղքատ երկիրը հո նրա բոստանը չէ՞, որ պետական փողերով փառատոների գնա, հիմա էլ թատրոնը նվեր ստանա՝ վայելելու համար: Սա էր, հավանաբար, գերմանական փառատոնի նրա մրցանակը:



Հիմա անդրադառնանք Շահվերդյանին: Ի վերջո, Շահվերդյանի գեղագիտությունից հոգնել են թե վանաձորցիները եւ թե թատրոնի դերասանները: Այդ անսեռ ներկայացումները, որտեղ կանայք ոչ թե կին են, այլ անպտուղ մանեկեններ, որտեղ երիտասարդ տղամարդիկ, որպես կանոն, կիսամերկ են ու ցուցադրում են իրենց «բարեմասնությունները», որտեղ նրանք, որպես կանոն, գրկախառնված են միմյանց, եթե անգամ ոխերիմ թշնամիներ են: Անհասկանալի ու անընդունելի այդ գեղարվեստական ակնարկները վտանգավոր մի ենթամշակույթ են ներմուծում ինչպես թատրոն, այնպես էլ հանդիսասրահ: Սա է խնդիրը: Մյուս կողմից՝ քառասուն տարվա շահվերդյանական գեղարվեստական ղեկավարումից հետո թատրոնն այսօր պարզապես խոպանի տեղ է նրա համար: Ֆինանսական գործունեության մասին կգրեմ հաջորդ հոդվածում, եթե փորձեն բարբաջել հերթական հիմարությունները, կգրեմ բոլոր այն չարաշահումների մասին, որ քառասուն տարվա ընթացքում իրականացնում է Վահե Սուրենիչն այս թատրոնում, անում է ուրիշի ձեռքերով, քանի որ ինքը որեւէ բանի համար չի ստորագրում, անում է ինքը, պատժվում, անգամ բանտում մահանում են ուրիշները: Սակայն այս մասին՝ հաջորդ դասին: Պարզապես ասենք, որ հատկապես վերջին տարիներին նրա «հմուտ» ղեկավարման շնորհիվ թատրոնում դերասանական ամլություն է տիրում: Բեմադրված ներկայացումների համար հսկայական փողեր են ծախսվում, այդ թվում՝ նաեւ պետական բյուջեից, իսկ այդ ներկայացումները հնարավոր չի լինում տարեկան գոնե մեկ անգամ խաղալ:



Հիմա՝ նոր բացահայտումների մասին: Պարզվում է, որ իսկապես թատրոնի տնօրենի պաշտոնի համար սկսված այս մրցավազքը քաղաքապետի ընտրությունների շարունակությունն է, եւ որի հեղինակը վանաձորցիներին քաջ հայտնի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է: Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավարը Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ, ըստ Վանաձորում շրջանառվող լուրերի, երկակի խաղ է խաղացել, այլ խոսքով՝ աշխատել է ՀՀԿ-ի թեկնածուի դեմ: Նշվում են տարբեր պատճառներ․ մի դեպքում ցանկանում է հեղինակազրկել մեծ ժողովրդականություն վայելող Լոռու մարզպետին: Մյուս դեպքում նշվում է տաշիրցի Կարեն Կարապետյանի դեմ աշխատելը՝ մարզում օրավուր աճող նրա հեղինակությունը նսեմացնելու նպատակով, եւ մարզում կարեւոր գործոն դառնալը, նկատի ունենալով նաեւ առաջիկա ռեյտինգային ընտրությունը։ Ահա այս մարդը, այսուայնտեղ իր կադրերին նշանակելու նպատակով, փոխհամաձայնության է եկել Վահե Շահվերդյանի հետ, սկզբում փորձել է ինքնուրույն լուծել այս խնդիրը, սակայն, դեմ առնելով նախկին ու ներկա մշակույթների նախարարների դիմադրությանը, Վահեի ու Նելլի Շահնազարյանի «հանդիպումն է դասավորել» նախագահի տիկնոջ հետ: Վերջինս էլ անմիջապես զանգել է նախարար Արմեն Ամիրյանին: Այստեղից էլ սկսվել է անօրինականությունների շղթան: Հա, ի դեպ, այս նվերի դիմաց Ագնեսայի մայր Նելլի Շահնազարյանը խոստացել է հակաՀՀԿ-ական հոդվածներ չգրել: Սակայն, օգտվելով Լոռու մարզպետի աջակցություններից, Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ իր կողմնակիցներին կոչ է արել աջակցել ԲՀԿ-ին, քանի որ Շահվերդյանի հոբելյանի համար Գագիկ Ծառուկյանը 10 հատ կոնյակ էր նվիրել:



Նանա ՀԱԿՈԲՅԱՆ