Ինչպես են դեղերը քայքայում մեր առողջությունը

Ինչպես են դեղերը քայքայում մեր առողջությունը

Հայաստանում քաղաքացիներին մտահոգող ամենակարեւոր ու բարդ ոլորտներից մեկը դեղերի շուկան է: Այստեղ, մասնավորապես, երկու խնդիր է մեզ համար մտահոգիչ՝ որակ եւ գին: Կառավարությունը մշտապես շուկայի կարգավորման ուղիներ է մտածում, սակայն խնդիրները դեռեւս բազմաթիվ են եւ արդեն անլուծելի են թվում: 



Դեղորայքը մեր երկրում թանկանում է անտրամաբանական պրոգրեսիայով: Ընդ որում՝ ամենեւին նշանակություն չունի ոչ դեղի որակը, ոչ էլ պահանջարկը: Անհնար է մի քանի անգամ առնչություն ունենալ դեղերի ու դեղատների հետ եւ չդժգոհել թե գնից, թե որակից: Տպավորություն է, թե ոլորտն ընդհանրապես վերահսկողությունից դուրս է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր հերթին, պատկան նախարարության վերահսկիչ ծառայություններն իրենց հերթին իրականացնում են ուսումնասիրություններ, բացահայտում մեղավորների, պատժում, սակայն արդարացի դժգոհությունները չեն պակասում:



Հայաստանում ամեն տարի պակասում է բնակչության թիվը: Ուշագրավ է, սակայն, որ դրան զուգընթաց, դեղատները շատանում են: 2009 թվականի 685 դեղատան դիմաց 2014-ին կար 771 դեղատուն: Ընդ որում, եթե գումարենք այն դեղատները, որոնք գրանցված չեն պետական ռեգիստրում, կստանանք 1500: Սկսած 2013 թվականից, դեղերի մանրածախ առեւտրաշրջանառությունը կտրուկ աճել է: Մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջական վիճակը վատթարանում է, մարդիկ սկսել են ավելի շատ օգտվել դեղատներից, իսկ նրանցում շատ են պղտոր ջրում ձուկ որսացողները:



Դեռ 2012թ. սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ասաց. «Ես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, թե ինչպես կարելի ա դեղերի շուկան այդպես թողնել, Դերո: Դերո, արդեն դու էլ ահագին աշխատում ես»: Դերոյին անգամ մտերմիկ եղանակով դիմելը որեւէ օգուտ չտվեց. շարունակում ենք խոսել խնդիրների մասին: Խոսում ենք այն մասին, որ Հայաստանում կա չարտոնագրված դեղերի խնդիր, բուժհաստատություններում հայտնաբերվում են մրցույթ հայտարարելու շուրջ խախտումներ՝ կամ չեն հայտարարում, կամ ձեւական են, բժիշկները շարունակ ուղղորդում են հիվանդներին դեպի դեղատներ: Նույն դեղը մեկ անգամ օգնում է, մի քանի անգամ որեւէ օգուտ չի տալիս, սկսում են տարբեր հիվանդությունների դեմ բուժվել՝ մտածելով, թե իրենցից է, ոչ թե դեղից:



Դեղը շարունակում է շատ ավելի էժան լինել Վրաստանում, Ռուսաստանում, եւ քաղաքացիներից շատերը հենց այդ երկրներից են բերում դեղորայք: Կառավարությունը խնդիրը լուծելու փոխարեն հայտարարում է, որ Վրաստանում դեղորայքի համար ԱԱՀ չկա, Ռուսաստանին էլ դեղագործական ընկերությունները մատակարարում են ցածր գներով, նրանց շուկան մեծ է:



Իրավիճակը բուժհաստատություններում շարունակում է խնդրահարույց մնալ. բժիշկները հաճախ ուղղորդում են հիվանդներին: Նախկին նախարար Դումանյանը բողոքում էր, որ բժիշկը հիվանդին ուղարկում է լաբորատորիա՝ պնդելով, թե ինքը միայն դրա տվյալներին է հավատում: Հիվանդը դուրս է գալիս, բժիշկը նրա հետեւից զանգում է լաբորատորիա ու պատվիրում, թե այսքան շաքար կգրես: «Բարձրաձայն ասում եմ, որ հիվանդները չենթարկվեն որեւէ բժշկի ուղղորդմանը, նրանք շառլատաններ են: Ես դրանց նույնիսկ իրավական պատասխանատվության կենթարկեմ: Սա իմ առաջիկա հիմնական անելիքն է»,- հայտարարել էր Դումանյանը: Եթե նախարարի խոստումը որեւէ արժեք ունենար, բնականաբար, մենք այսօր չէինք խոսի նույն խնդրի մասին:



Մեկ այլ խնդիր է այն, որ քաղաքացին հաճախ չի կարողանում օգտվել իր իրավունքից: Վերջերս ուշագրավ հետազոտություն էր արվել Հայաստանում՝ «Օքսֆամ» ընկերության պատվերով: Պարզվել էր, որ ՀՀ բնակչության 31.8 տոկոսը հանդիսանում է անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղամիջոց ստանալու շահառու: Ընդ որում՝ բնակչության 21.3 տոկոսը, համաձայն համապատասխան հատուկ խմբին պատկանելության, հանդիսանում է անվճար դեղ ստացող, 3.8 տոկոսը դեղերը կարող է ստանալ 50 տոկոս չեղչմամբ, իսկ 6.7 տոկոսը՝ 30 տոկոս զեղչով:



Պարզվել է, որ բաշխված դեղերը շահառուների 56 տոկոսի դեպքում կազմել են հիվանդին անհրաժեշտ ամբողջ դեղորայքը, 14.8 տոկոս դեպքերում՝ անհրաժեշտ դեղորայքի կեսը, իսկ 17.4 տոկոս դեպքերում՝ 50 տոկոսից պակաս: Բնակչության մոտ իրազեկումը պատշաճ չէ, կան մարդիկ, որոնք չգիտեն, որ իրենց դեղ է հասնում արտոնյալ պայմաններով: Պոլիկլինիկաներում պետք է տեղադրված լինի ինֆորմացիա այդ մասին, բայց չեն տեղադրում: Արդյունքում 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները, հաշմանդամ երեխաները (մինչեւ 18 տարեկան), ծնողական խնամքից զրկված կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները (մինչեւ 18 տարեկան), բազմազավակ (մինչեւ 18 տարեկան չորս եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները եւ այլք չգիտեն այդ մասին եւ վճարում են: Դեղերը, ինչպես նշեցինք, շատ թանկ են, իսկ այս մարդկանց համար ավելի թանկ են թվում:



Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի՝ իրար մոտ գտնվող երկու դեղատներից դուրս եկող քաղաքացիներին հարց ուղղեցինք, թե արդյո՞ք գոհ են դեղերի գնից ու որակից:



Զրուցակից 1 - Ինչի՞ց գոհ լինեմ, աշխատում եմ ու տալիս դեղերին: Էդ էլ ջհանդամը, բերում եմ, օգուտ չի տալիս: Գնում եմ, բժշկի հետ կռիվ եմ տալիս, թե՝ սխալ ես ախտորոշել: Ասում է՝ գնա մի հատ էլ Շվեյցարիայի ատադրությունն առ: Ես ինչի՞ տեր եմ, որ 25 հազարանոց դեղ առնեմ երկու անգամ, ինչ է թե ռուսականը լավը չէր:



Զրուցակից 2 - Պիտի ըստ սոցիալական դիրքի լինի: Ես թոշակառու եմ, շուտ եմ հիվանդանում, դեղեր շատ են պետք, բայց էնքան թանկ է: Գոնե մի մասը պետությունը պետք է տա: Թե չէ՝ ո՞նց կլինի: Էնքան ենք ցավին դիմանում, մինչեւ ստիպված կամ էդ անտերն է անցնում, կամ էլ թանկ ու անորակ դեղեր ենք գնում:



Զրուցակից 3 - Տղաս Ռուսաստանից էր գալիս, 8 տեսակի դեղ եմ ուզել: Որ բարեկամս իմացավ գալիս է, զանգեց-դեղ ուզեց, ասում են՝ էժան է Ռուսաստանում: Ինչի՞: Հիմա ինքը վեշ է անում՝ բերում է: Բժիշկն էլ է ասում՝ թե կարող եք, էնտեղից բերեք՝ համ էժան է, համ՝ որակով: Դեղեր կան, որ Հայաստանում չկան, պատվիրում ենք, թանկ է նստում:



Զրուցակից 4 - Ժամանակին օգտագործել եմ Actovegin Forte-ի 200 միլիգրամը, պարզվեց՝ կեղծ է: Չեմ վստահում, տեղականն եմ ուզում, էն էլ ասում են` որակով չէ: Եթե ես կասկածանքով դեղ խմեմ, կառողջանա՞մ: Տես, դեղատնից դուրս եմ եկել, 2 հատ դեղ եմ առել, տվել եմ 9 հազար 700 դրամ:



Զրուցակից 5 - Դժվար է, մանավանդ որ պետք է սիստեմատիկ վերցնենք։
Գների կարգավորում չկա: Էն մարդիկ, որոնք սիստեմատիկ դեղեր են խմում, պետք է պետությունը ծախսերի գոնե մի մասն իր վրա վերցնի: Մի դեղ առնելը տեւում է մի քանի օր, մինչեւ տասը դեղատուն ստուգում ենք, թե որտեղ ինչ գին է, նոր գնում ենք, էն էլ արդեն թանկացած է լինում:



Զրուցակից 6 - Դեղ եմ առնում, օգուտ չի տալիս, ես ի՞նչ իմանամ՝ իմ ուզած դե՞ղն էր դրա մեջ, թե՞ ուրիշ են դրել: Հատիկով եմ գնում, որը փոխել հնարավոր է: Հատիկով դեղը ռիսկային է, բայց մյուս կողմից՝ ո՞նց խմենք, փող չունենք ամբողջ տուփն առնելու:



Զրուցակից 7 - Եղբորս հետ գնում էինք Վրաստան՝ մեքենայի համար անվադող բերելու, տնեցիք դեղեր ուզեցին: Մեզ մոտ ամեն բան Վրաստանից է՝ դեղը, անիվները, ինքնաթիռի տմսերը: Ունենք երկիր, բայց մեզ հավասար երկիր է դարձել Վրաստանը: Նրանց կառավարությունը ոնց որ նաեւ մեզ համար աշխատի:



Զրուցակից 8 - Մենք անկախ պետություն ենք, ունենք աշխարհի ամենահին լեզուներից մեկը: Բա ինչո՞ւ դեղերի մեջ հայերենով գրված չէ, թե ինչ դեղ է, ինչի համար են օգտագործում, ինչպես օգտագործեմ, ինչի հետ է կարելի, ինչի հետ է հակացուցված: Պետք է տանեմ, որ մեկը ռուսերենով կարդա, էն էլ՝ մանր տառերով, հետո ինձ բացատրի, որ նոր խմեմ: Հլա որ հետս թարսված լինի, կարա սխալ բացատրի, խմեմ-մեռնեմ:
Քաղաքացու դժգոհությունը տեղին է: Մինչ դեղերի մասին նոր օրենքի ընդունումը, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն ասում էր, որ «Դեղերի մասին» նոր օրենքը պարտադրում է բոլոր դեղամիջոցների հետ տրամադրել հայերենով ներդիր: Օրենքն ընդունվեց առանց այդ պահանջի, այժմ էլ դեղագործները պետք է ներդիրների հայերեն տեքստերն իրենց մոտ պահեն, իսկ գնորդի պահանջելու դեպքում տպեն եւ տրամադրեն:



 Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ