Իսկ ո՞ւր են մեր ներքին կարմիր գծերը

Իսկ ո՞ւր են մեր ներքին կարմիր գծերը

Հայաստանն ազատ մամուլի առաջատարն է տարածաշրջանում։ Հաղորդավարուհու հպարտությունն ակամա փոխանցվում է միամիտ ունկնդրիս, եւ փորձում եմ լավ զգալ։ Փոխում եմ ալիքը, վայրկյաններ անց հիմա էլ գույժի պես է հնչում. Ազգային ժողովի պատգամավոր, երբեմնի հեռուստամեկնաբանը լրագրողի հարցին պատասխանել է... բռունցքով...



Դա նույն, այսպես կոչված՝ մամուլի, թե ես ինչ գիտեմ էլ ինչի ազատության օրը։ Մամուլի, մարդու իրավունքների, ազգերի, ընտանիքների, համերաշխության եւ էլի օրացուցային զարմանահրաշ այլ օրեր։ Նշվել ու նշվում են, իսկ մենք շարունակում ենք քայլել բոլորիս հայտնի... գաղջ մթնոլորտում։ Ինչո՞ւ։ Պատճառները բազմաթիվ են ու բազմապիսի։ Բայց հիմնականը, թերեւս, պատասխանատվության բացակայությունն է։ Երկրում ստեղծված մթնոլորտը։ Հայտնի ճշմարտություններ են, բայց բավարարվենք մեկ օրինակով։ ՀՀ նախագահը հուլիսյան հայտնի դեպքերից հետո փաստեց, որ ...ցավոք, լրագրողների հանդեպ բռնություններ են գործադրվել։ Անցան ամիսներ, բայց հասարակությունն այդպես էլ անիրազեկ մնաց, թե ովքեր էին բռնությունների հեղինակները եւ, որ ավելի կարեւոր է, ով ինչպիսի պատիժ կրեց։ Ոչինչ չիմացանք։



Այդպես «մոռացանք» մի բան, որ անհնար է մոռանալ։



Լավ, պետականորեն լրագրողի իրավունքները միշտ չէ, որ պաշտպանվում են. մի դեպքում խլում են տեսախցիկը, մի այլ դեպքում՝ բռունցքով պատասխանում, մի ուրիշ անգամ սպառնում են պոկել ծնոտը եւ այդպես շարունակ։ Դառնանք ու ինքներս մեզ հարց տանք. իսկ ինչպե՞ս է խնդրին վերաբերվում լրագրողների միությունը։ Պատասխանն ակնհայտ է. միության ղեկավարությանն ավելի հարմարավետ է, ասենք, Հանրային խորհրդի կազմում ձեռք բարձրացնել հանրության համար ոչինչ չասող խնդիրների քննարկումներին։ Այդպես ոչ մեկը չի անհանգստացնի, ու ավելորդ լարվածություններից որքան հեռու, իր համար այնքան լավ...



Վերադառնանք մամուլի ազատության թեմային։ Ազատությունը, ինքնին, կրկին հիշեցնում է պատասխանատվության մասին։ Այսօրվա մեր մամուլում գրվում է գրեթե ամեն ինչ։ Բայց... Ասենք, «Իրատես» 2016-ի թիվ 74-ում հրապարակում եղավ, թե ինչպես 1400 եվրո է վճարվել 350-400 դոլարանոց լուսարձակներին՝ Դալմայի փողոցների լուսավորման համար։ Ինչպես ասում են՝ «օրը ցերեկով աչքակապություն»։



- Ահա այսպես՝ ազատ մամուլ, խոսքի իրավունք, միայն թե անդրադարձը, ահա, բավական լուրջ հրապարակմանը, թվում է՝ զրոյի է հավասար... Կարծես «Իրատես»-ի այդ համարը Հայաստանում չի տպագրվել։ Չկա։



Նման ելույթի պակաս մերօրյա մամուլը չունի։ Միայն թե խոսքն ինչքան էլ կարեւոր, ընդամենը սկիզբն է, որին կայացած երկրում պիտի հետեւեր գործը։ Իսկ գործը չկա ու չկա։ Սակայն ո՞վ պիտի խոսքը վերածի գործի, եթե ոչ... օրենքը։



ՀԳ. Քանի որ խոսք բացվեց օրինականության մասին, անհնար է չհնչեցնել օրինական մի հարց. հետաքրքիր է՝ ինչպե՞ս, ո՞ւմ կողմից պիտի ճշգրտվի-հստակեցվի Գյումրու եւ Վանաձորի վերջին ՏԻՄ ընտրություններում առաջացած խառնաշփոթը։



Տրանսպորտի երթեւեկության կարգավորմանն ուղղված «կարմիր գծերի» պատճառով առաջացած շփոթը, թեկուզ տարիներ անց, կարծես լուծում ստացավ։ Ինչու հիշեցի «կարմիր գծերը». այսօր «կարմիր գծեր» պիտի քաշվեն մեր կյանքի բոլոր ոլորտներում, միայն թե այնպես, որ դրանք իրապես ծառայեն հասարակական հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ «կարմիր գծերը» հարկավոր են յուրաքանչյուրիս, որ դրանց նկատմամբ վերաբերմունք դրսեւորվի ամեն մեկիս վարվելակերպում։ Այլապես շատ բան պայմանավորել օրենքի հետ, մեկ մարդու հետ, թեկուզեւ նա վարչապետ լինի, դժվար թե լավ հեռանկար խոստանա։



Հնարավոր չէ մոռանալ. մեր երիտասարդ զինվորների ապրիլյան հերոսամարտի ու համազգային պոռթկումի թելադրանքով ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը չթաքցրեց իր զգացողություններն ու անգամ խոստովանեց, որ ապրիլյան դեպքերից հետո իր համար շատ բան նորովի է ընկալվում, շատ բան է փոխվել։ Բայց ժամանակներն անցան, ու կյանքը երեւի ամեն ինչ վերցրեց հին շրջապտույտի մեջ։ Չէ, բնությունը երեւի այնպիսին է, որ մարդը... չի փոխվում։ Կյանքի գույները մնում են նույնը։ Իսկ եթե վերեւում խոսք բացվեց «կարմիր գծերի» մասին, ապա պիտի մեկ անգամ եւ ընդմիշտ ընդունել. «կարմիր գիծ» կանվանենք, թե օրենք, ամենավերին օրենքը խիղճն է, ազգասիրությունը, որից շեղվելու, հեռանալու իրավունքը ոչ մեկիս տրված չէ...



Ի վերջո, չմոռանանք. 25 տարի է՝ պատերազմը թակում է մեր դուռը։ Մի՞թե կարոտ ենք նոր զգացողությունների...



Հովհաննես ԿԱՐԱՊԵՏՅԱՆ