Ժողովուրդը խեղդվում է. Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակչները ահազանգում են (Տեսանյութ)

Ժողովուրդը խեղդվում է. Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակչները ահազանգում են (Տեսանյութ)

Նոր Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքի բնակիչները տարիներ շարունակ ահազանգում են այն մասին, որ Կոտայքի մարզի տարածքում գտնվող, «Անկոլո» ՍՊԸ-ի կողմից շահագործվող աղբավայրից ծխի ամպեր են բարձրանում` լուրջ վտանգ ստեղծելով մերձակայքի բնակիչների համար. «Էնպիսի մի վիճակ է, որ մենք այլևս չենք կարողանում այդպես, 6 տարի է` մենք պայքարում ենք և ոչ մի արձագանք: Դիմում-բողոքներ ենք ներկայացնում, որոշ ժամանակ հետո նույնը կրկնվում է, այս պահին, որ գաք տեսնեք, ահավոր վիճակ է: Եվ քաղաքապետարան, և թաղապետարան, և բնապահպանության, և առողջապահության նախարություն դիմել ենք, բոլոր տեղերը մենք 6 տարի շարունակ դիմել ենք: Կոտայքի մարզպետարան էլ ենք զանգահարել, մեր երեսին հեռախոսը շպրտում են, ասում են՝ դա մեր ֆունկցիայի մեջ չէ, բա ո՞ւմ ֆունկցիայի մեջ է, ես չեմ հասկանում»:



Մեր զրուցակիցը՝ տիկին Անահիտը, նշում է, որ աղբը բերվում է «Անկոլո» ՍՊԸ-ի կողմից, այնուհետև այրում են, ինչը առաջացնում է գարշահոտություն, տհաճ վիճակ. «Ժողովուրդը խեղդվում է, մենք չեն կարողանում պատուհանները բացել, օդափոխել սենյակը, երեք կողմից մեզ խեղդում են: Մեծ աղբավայր է, ժողովրդի քթի տակ, թող տանեն Սովետաշեն լցնեն, եթե աղբավայրը այնտեղ է: Ամեն գիշեր այրում են այդ աղբը: Ես չգիտեմ` որ շրջանի աղբն է դա, բայց որ խեղդում են, մեզ դա փաստ է, մեկ ասում են՝ քաղաքինն է, մեկ ասում են՝ մեր տարածքինը չի: Հրդեհը այնպես է լինում, կարծես ատոմային ռումբ պայթի, ասում են՝ ինքնահրկիզում է, ձմռանն էլ է ինքնահրկիզում լինո՞ւմ»:



Փորձեցինք կապ հաստատել Կոտայքի մարզպետարանի համապատասխան բաժնի հետ, սակայն այս մարզպետարանում կարծես կենդանի շունչ չլինի, հեռախոսազանգերը ժամեր շարունակ մնում էին անպատասխան, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կոտայքի մարզպետարանում միայն հեռախոսներն են աշխատում աշխատակազմի փոխարեն:



Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը «Հրապարակ»-ի զրույցում ասաց, որ նախորդ տարի պարբերաբար ահազանգեր եղել են, այս տարի ևս ահազանգ եղել է, բնապահպանական տեսչության համապատասխան ստորաբաժանումները անմիջապես արձագանքել են, ահազանգողներին պատասխանել են. «Նախորդ տարի արձանագրվել են հրդեհի դեպքերը, որոնք ինքնաայրման արդյունք է եղել, և աղբավայրը տնօրինող ընկերությանը պարտադրվել է ընկերությանը, որ սեփական միջոցներով հանգցնեն հրդեհը: Այս տարի այրման դեպքեր, ահազանգեր դեռ չենք ստացել»:



Վարդանյանը նաև նշեց, որ աղբավայրերի տեղը համայնքային ենթակայության և տարածքային զարգացման նախարարության լիազորությունների շրջանակում է. «Նախարարությունը ունի իր լիազորությունների շրջանակը, աղբավայրերի տեղն ու դիրքը բնապահպանության նախարարությունը չի որոշում: Այդ աղբավայրերը վաղուց որոշված են՝ ոչ մեր ցանկությամբ, իհարկե, եթե բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակում լիներ, ավելի բնապահպանական լուծումներ կտրվեր աղբավայրերի տեղադրման վայրի մասով»: