ОРТ-ի, զայրացած գյումրեցու եւ վարչապետի խորհրդականի մասին

ОРТ-ի, զայրացած գյումրեցու եւ վարչապետի խորհրդականի մասին

Մարզերի բնակիչները վիրավորված էին նախորդ կառավարությունից եւ վիրավորված են նաեւ նորից։ 2011 թվականից նրանք, ինչպես նաեւ մյուս մարզերի բնակիչները, եթե հատուկ ալեհավաքներ չունեն, զրկված են ОРТ, РТР, CNN դիտելու հնարավորությունից։ Դրանք «տեսանելի» են միայն Երեւանում։



Նոր վարչապետի նշանակմամբ մարզերում հույս առաջացավ, որ այս խտրականությունը կվերանա։ Երբ Կարեն Կարապետյանը հրապարակեց իր խորհրդականների հեռախոսահամարները, ահազանգեր գնացին կապի եւ տրանսպորտի ոլորտը համակարգող խորհրդականին։ Զանգողներից մի գյումրեցի կնոջ վարչապետի խորհրդականն ասել էր՝ մենք տեղյակ չենք, որ կարող է նման բան լինել, եւ խոստացել էր, որ տրանսպորի, կապի եւ ՏՏ նախարարությունից իր հետ կկապվեն։ «Մեկ ամիս անցավ՝ ձայն չկա,- պատմում է մեզ զայրացած կինը հեռախոսով։- Վերջին անգամ զանգեցինք այդ նույն խորհրդականին դեկտեմբերի 12-ին՝ իմանալու, թե ինչ եղավ մեր հարցը: Խորհրդականի հեռախոսավարուհին էր, քարտուղարուհին էր, մի բան էլ լեզվակռվի մեջ մտավ հետս, թե բա՝ իրենք ի՞նչ գիտեն, թե ինչու չեն կապվել մեզ հետ»։ Հաջորդ օրը գյումրեցի տիկնոջը զանգել է Գրիշա անունով չինովնիկ՝ տրանսպորտի նախարարությունից, տեղեկացրել է, որ ОРТ-ի փաթեթի մրցույթը շահել են միայն Երեւանի համար, իսկ մարզերը չունեն այդ հեռուստաալիքը դիտելու հնարավորություն։ Մրցույթ չի եղել, դա ծախսերի հետ է կապված: «Լավ, համարենք, որ դուք հինգուխաչով ձեր գործն արեցիք, մեկ ամիս անց զանգեցիք, բայց հարցի լուծումը ո՞րն է»,- հարցրել է կինը, պատասխան չի ստացել ու զանգել է խմբագրություն։ «Սա այն հարցն է, որը եթե ոչ բյուջեով, ապա գոնե վարկով կարելի է լուծել, մանավանդ, որ ամեն մի «հա»-ի, «չէ»-ի համար ապագա սերնդի վզին պարտք են դնում։ Գումա՞ր է պետք։ Կրճատեք խորհրդականների, պետական ապարատում կոնկրետ ժամի կոֆե խմողների ու բաժակ լվացողների թիվը, մի քիչ կրճատեք ձեր առանձնասենյակների ջեռուցման ծախսը՝ ջերմաստիճանը +25-ից իջեցրեք +10 եւ այլն ու ապահովեք մարդու տարրական իրավունքը՝ լինել իրազեկ: Էդ ո՞նց է ստացվում, որ Երեւանի համար միշտ փող գտնվում է, Գյումրու համար՝ ոչ: Ազգի անբնական սելեկցիա՞ եք անում։ Եթե հարցը չլուծվի, մեզ կմնա դիմել Պուտինին ու Թրամփին, որ Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքն ու Շիրակի մարզը եւս կարողանան մերձենալ քաղաքակրթությանը՝ դիտել այդ երկրների բազմազան հեռուստածրագրերը»,- ասում էր տեղեկատվության կարոտ տիկինը:



ОРТ կամ ռուսական առաջին ալիքի, ինչպես նաեւ «Կուլտուրա» ալիքի հեռարձակումը Հայաստանի մարզերում դադարեցվել է 2011 թվականի հունվարից։ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանը պարզաբանում է. «ОРТ-ն հեռարձակվում է միայն, քանի որ վերահեռարձակելու թույլտվություն ստացած ընկերությունը, որը ներկայացնում է այդ ալիքը, մասնակցել է միայն լոկալ, երեւանյան ցանցով հեռարձակվելու մրցույթին եւ հաղթել է։ Հայկական կողմից սա կախված չի եղել։ Ռուսական ամբիցիան եղել է այն, որ միայն մայրաքաղաքում տեսնեն այդ ալիքը։ Ավելի լայն հեռարձակումն ավելի մեծ ծախսի հետ է կապված, որը ОРТ-ն չի ցանկացել անել՝ համարելով, որ իրեն պետք չէ»։ Հաջորդ մրցույթը ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն անցկացնելու է 2021 թվականին, բայց կցանկանա՞ արդյոք ռուսական 1-ինը մասնակցել այդ մրցույթին, հայտնի չէ։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչինչ չի փոխում, չնայած ռուս պատգամավորներն ու քաղաքական գործիչները սիրում են խոսել ԵԱՏՄ երկրներում ռուսական դպրոցներ բացելու, ռուսալեզու լրատվամիջոցներ հիմնելու մասին։ Այս նախաձեռնումներն ընդամենը հակառուսական կրքեր են բորբոքում, որոնցից կարելի էր խուսափել, եթե նման ելույթների փոխարեն ԵԱՏՄ ջատագովները կարողանային ընդամենը ռուսական «գլխավոր» ալիքի՝ ОРТ-ի հեռարձակումը Հայաստանով մեկ ապահովել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ