Սահմանամերձ Խնձորուտ գյուղն ամբողջությամբ լուսավորվել է

Սահմանամերձ Խնձորուտ գյուղն ամբողջությամբ լուսավորվել է

Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղը սահմանակից է Նախիջեւանին: Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո այստեղ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Տեղում փորձել են լուծել խնդիրը եւ համայնքային միջոցներով լուսավորել են մի քանի փողոց, սակայն արդյունքը գոհացուցիչ չի եղել. սպառվել է սպասվածից ավելի շատ էլեկտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Լուսարձակների մեծ մասն էլ շարքից դուրս է եկել՝ առաջացնելով դրանք նորերով փոխարինելու եւ հետեւաբար՝ լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում գյուղում մեկ տարի առաջ ծրագիր է մեկնարկել: Առաջին փուլով տեղակայվել է 60 LED լուսարձակ՝ լուսավորելով գյուղի հիմնական փողոցները. 1800մ երկարությամբ տարածություն։



Համագործակցող կողմերն ավարտել են նաեւ ծրագրի երկրորդ փուլը: Այս անգամ տեղակայվել է 34 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել է 3200մ երկարությամբ տարածություն։ Ամբողջ ծրագրի արդյունքում տեղադրվել է 94 լուսարձակ, լուսավորվել 5000մ տարածություն՝ ընդգրկելով ամբողջ գյուղը: Խնձորուտի բնակիչները Նոր տարին կդիմավորեն ամբողջությամբ լուսավորված գյուղում:



Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը եւ բնակիչները:



«Այս ծրագիրն ունի կարեւոր առանձնահատկություն. այն չի սահմանափակվում կոնկրետ երեւացող արդյունքով: Տարիներ հետո հնարավոր կլինի արձանագրել դրա բնապահպանական օգուտը, մինչդեռ ֆինանսականը՝ շատ արագ: Հատկապես սահմանին ապրող մեր հայրենակիցների համար այս պահին առավել առաջնային է ծախսերի կրճատումը: Մենք ձգտում ենք թեթեւացնել եւ՛ բնակչի, եւ՛ գյուղի, եւ՛ համայնքի բեռը: Տնտեսված միջոցներով տեղում կարող են լուծել մեկ այլ խնդիր: Հենց սա է պատասխանատու մոտեցումը, որով մենք առաջնորդվում ենք գործունեության առաջին իսկ օրերից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարեւոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքների բյուջետային ծախսերը՝ թույլ տալով դրանք ուղղել այլ խնդիրների լուծմանը: Բնապահպանական բաղադրիչով հանդերձ՝ էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ոչ միայն թեթեւացնել Զառիթափ համայնքի ֆինանսական բեռը, այլեւ՝ աշխուժացնել Խնձորուտ գյուղի կյանքը։



Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթեւացնելով մարդկանց ֆինանսական բեռը:



Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: