Բաժանորդը տեղում չէ, բայց տարածքում է

Բաժանորդը տեղում չէ, բայց տարածքում է

Ձյունը եկել, դիզվել էր: Մյասնիկյան պողոտայով Երևանին կապվող Ավանը, կարելի է ասել, կտրվել էր աշխարհից: Մեքենաները տեղապտույտ էին տալիս, անցորդներն ակրոբատիկ ցատկերով հաղթահարում էին տեղ-տեղ մերկացող սառույցը, որ հասնեն կանգառ ու անիմաստ սպասեն իրենց երազանքի «Գազելին»: Գեղեցիկ տեսարաններին վերջ չկար...



Տեսնես Տարոն Մարգարյանն արդեն հասե՞լ է աշխատանքի` անցավ մտքովս: Զանգեցի ձեռքին, որ իմանամ, սակայն ավտոպատասխանիչը կարճ կապեց. «Բաժանորդը տեղում չէ, բայց տարածքում է»: Դե լավ է, մտածեցի, տարածքում է, հիմա բոլորին ոտքի կհանի, թե չէ ինչի՞ նման է, որ Երևանի ամենաօրինակելի վարչական տարածքն այսպես կտրվի աշխարհից:



Էշին փալան վրա չեկավ, Երևանին` փողոց մաքրող: Տենդերը շահող բոլոր կազմակերպություններն էլ նույն բանն են` տարբեր գիշերանոթներում, նրանք միմյանցից տարբերվում են միայն աղբամաններով: Տնաշենները թերթերից են իմանում, որ Երևանում ձյուն է եկել, իսկ դրանից հետո էլ տեղից չեն շարժվում, մինչև չես բզում:



Այսօր Երևանի քաղաքապետարանը ռելիզ կտա` կատարվել են մեծ ծավալի ձնամաքրման աշխատանքներ, ցանել ենք այսքան տոննա աղուավազ: Անշուշտ, պետք է հավատալ այդ պաշտոնական տեղեկատվությանը և ինչպես նախագահն ասաց վերջերս, լրատվամիջոցները պետք է դրսևորեն պատասխանատու պահվածք և պատշաճ լուսաբանեն քաղաքի մաքրման աշխատանքները: Ենթադրվում են, օրինակ, կադրեր Տարոն Մարգարյանի կամ, առնվազն Կամո Արեյանի մասնակցությամբ, որոնք հրահանգներ են տալիս «Սանիթեքի» գերժամանակակից տեխնիկայի վարորդներին` ինչպես մաքրել փողոցը:



Իսկ մինչ այդ` ձյունը շարունակում է տեղալ: Գեղեցիկ տեսարանների պակաս չկա: Եվ, ընդհանրապես, Երևանը, ինչ էլ լինի, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է: Սա էլ` պատասխանատվության մասով:



Էդիկ Անդրեասյան