Ղազախստան-Բելառուս-Ադրբեջան եռամիասնությունը ՀԱՊԿ-ում

Ղազախստան-Բելառուս-Ադրբեջան եռամիասնությունը ՀԱՊԿ-ում

Սանկտ-Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, ինչպես հայտնի է, կրկին հետաձգվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, Հայաստանի ներկայացուցչին փոխանցելու հարցը: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, պատճառը նիստից Բելառուսի նախագահի բացակայությունն էր, դրանով պայմանավորված՝ քվորում չլինելու հանգամանքը: Այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլ` մինչև կազմակերպության ՀԱ խորհրդի հաջորդ նստաշրջան: Ըստ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են ապրիլին կայանալիք ՀԱ խորհրդի հերթական նիստին «ամբողջությամբ քննարկել գլխավոր քարտուղարի հարցը»:



Սա առաջին դեպքը չէ, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի փոխանցումը Հայաստանին հետաձգվում է: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերին: Երկրորդ անգամ՝ այս տարի հոկտեմբերին՝ Երևանում կայացած ՀԱ խորհրդի նիստում, որին հրաժարվեց մասնակցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Իսկ, ահա, Սանկտ Պետերբուրգում բացակայում էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Բելառուսի պատվիրակությունը, ինչն էլ լիարժեք համաձայնության բացակայության պատճառով հարցի հերթական տապալման հիմք դարձավ:



Մնում է եզրակացնել, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրներից Ղազախստանը և Բելառուսը, հետևողկանորեն միմյանց փոխանցելով էստաֆետը, ծառայում են Ալիևի հաճույքների բավարարման գործին` համոզված, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն օգտագործել Ղարաբաղի հարցում առավելություն ստանալու համար:



Ընդամենը մեկ ամիս առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այցը Բաքու, փաստորեն, ունեցել է նաև հատուկ նպատակ` խափանել Սանկտ Պետրեբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով Հայաստանին փոխանցելու գործընթացը: Ուրիշ բան չէր էլ կարելի սպասել Լուկաշենկոյից, ով Ալիևի հետ ստորագրում է համատեղ հայտարարություն` ԼՂՀ-ն ճանաչելով Ադրբեջանի մաս:



ՌԴ պաշտոնական շրջանակներն առայժմ գնահատական չեն տվել Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոյի բացակայությանը: Ռուսական լրատվամիջոցները, սակայն, ոչ առանց իրոնիայի նշում են, թե նա շատ զբաղված է եղել մի խորհրդակցությամվ, որի ժամանակ քննարկվել է ամանորյա տոնակատարությունների ժամանակ Բելառուսի քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը: ԶԼՄ-ների գնահատմամբ` այն ինչ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, իրավամբ կարելի է համարել սկանդալ ԵԱՏՄ երիտասարդ ընտանիքում: Ռուսական լրատվամիջոցները, սակայն, շեշտը դնում են ԵԱՏՄ երկրների միջև մաքսային կոդեքսի կիսատ-պռատ ստորագրման վրա, որի տակ մեծ դժվարությամբ է հաջողվել ապահովել Ղրղզստանի ստորագրությունը, իսկ Բելառուսի ստորագրությունն ընդհանրապես բացակայում է: Այդ փաստաթղթին հնարավոր կլինի անդրադառնալ միայն 2017 թվականի ամռանը: 



Էդիկ Անդրեասյան