Նոր տարին ինչ է, այն էլ չենք կարողանում դիմավորել

Նոր տարին ինչ է, այն էլ չենք կարողանում դիմավորել

Երբ երկրում ոչ մեկը ոչ մեկին չի սիրում, հնարավոր չէ այդ երկրում բոլորով ուրախանալ: Գուցե ամեն մեկն իր ընտանիքի Նոր տարին իսկական տոնի է վերածում, բայց համընդհանուր ուրախություն, հանրային տոն մեզ մոտ չի ստացվում:



Նախագահը Նոր տարուց րոպեներ առաջ խոսում է՝ ասես պարտականություն է կատարում, նրանից առաջ կաթողիկոսն է խոսում՝ սոցցանցերում սկսում են ձեռ առնել, կաթողիկոսին վարչապետն է նախորդում՝ դարձյալ դատարկ խոսքեր՝ ոչ մեկին ոչինչ չտվող, անգամ իրեն ոչինչ չասող: Իսկ այս ամենին նախորդում ու հաջորդում է հայկական հեռուստատեսության՝ մանավանդ Հ1-ի խելագարացնող անճաշակությունը: Համատարած զռռոց, քրքիջ, էժանություն ամեն ինչում՝ սկսած հագուստներից, վերջացրած շարժուձևով:



Նայում ես այս ամենն ու մտածում՝ մշակույթի գործիչների հետ չէ՞ր, որ Արցախում հանդիպեց Սերժ Սարգսյանը, գովեց Հ1-ի մակարդակը և այլն: Սա՞ է հետևանքը...



Ընդամենը մատի մեկ շարժում է հարկավոր այս մղձավանջից ազատվելու համար: Տասնյակներով ռուսական ալիքներ կան հիմա, որոնք կարողանում են տոնն իսկապես տոնի վերածել, լավ տրամադրություն հաղորդել:  Չեմ ուզում անուններ տալ, բայց մեր բոլոր հեռուստաալիքներն են զիբիլ: Ինտելեկտի, երևակայության, ճաշակի իսպառ բացակայություն է ամենուր:



Համեցեք Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ վեր է խոյացել երկրի գլխավոր տոնածառը: Մի քանի օտարերկրացի կտեսնեք, որ բերանները բաց լույսերին են նայում: Իսկ այդ գեղեցկուհու շուրջն ամայի է, եթե չհաշվենք շատրվանների մոտ վզվզող փնթի Ձմեռ պապերին ու ձյունանուշներին, որոնք տաքսու վարորդի պես սելֆիի փողերն են միայն հաշվում: Եղևնին ամեն անգամ տնկում եք հրապարակի մեջտեղում որ ի՞նչ անեք: Տոնածառի մոտ երգ ու ծիծաղ պետք է լինի, ուրախ ծրագրեր, երեխաների աղմուկ: Պարտականություն է՝ կատարում են, փող է՝ ծախսում են, արտաքին շղարշ է՝ ցուցադրում են... Մեջը, մեջը բան չկա:



Քիչ չեն այսօր այն ընտանիքները, որ Նոր տարին դիմավորում և հանգստյան օրերն անցկացնում են արտասահմանում, անգամ՝ Թբիլիսիում, միայն թե հեռու լինեն ՀՀ իշխանությունների և հանրության իրարատյացության և անտարբերության այս մթնոլորտից, այս ժխորից, որ ոչ մի կերպ տոնի չի վերածվում: Ինչո՞վ ուրախանաս, երբ անգամ այս օրերին մարդիկ ստվերների պես են շարժվում փողոցներում, երբ աղբամանների մոտից տնանկները չեն հեռանում, երբ կայքերն, իրար հերթ չտալով, տնակներում ծվարած երեխաների նկարներ են հրապարակում, երբ իշխանությունը օրերով հարբած է, երբ առջևում ոչինչ չխոստացող ապագան է, այսպես կոչված աշխատանքային օրերը և հեռվում սպասող աշխատավարձը, որ չի բավարարելու անգամ կոմունալ ծախսերին:



Էդիկ Անդրեասյան