Սհե դհա լավ ա. Վանաձորում դեմ չեն անիշխանությանը

Սհե դհա լավ ա. Վանաձորում դեմ չեն անիշխանությանը

Վանաձորը Հայաստանի միակ քաղաքն է, որտեղ իշխանություն բառի իսկական իմաստով չկա: Եվ պատկերացրեք՝ վանաձորցիներն առանձնապես չեն նեղվում դրանից, եթե անզգուշաբար՝ սեղանի շուրջ կամ մասնավոր զրույցներում իրենց չես հիշեցնում այդ մասին: Իմ զրուցակիցը նույնիսկ չէր էլ հիշում այսպես կոչված նորչընտիր քաղաքապետացուի անունը:



Դասարանցի տղերքով՝ Ես, Վաղոն ու Վարդգեսը վերջինիս հարկի տակ էինք: Զրույցը հասավ քաղաքականությանն ու քաղաքի գործերին:



- Սամվելին լավ գիդեմ, համա էս մնի անունը կարըմ չեմ հիշեմ: Ասըմ են՝ նոտար ա,- թթու վարունգը խռթացնելով՝ խոսեց Վարդգեսը:



- Այո, Մամիկոն Ասլանյան:



- Գիդեմ ոչ:



- Բա ընտրություններին ո՞ւմ ես ձայն տվել:



- ՀՀԿ-ին:



- Ըհըըը, ուրեմն Մամիկոն Ասլանյանին ես ձայն տվել:



- Հա՞:



- Հա... Գոնե փող տվի՞ն:



- Չէ~է~է~...



- Բա ինչո՞ւ ընտրեցիր:



- Սամվելի կշտիցն էր մարդ եկել, ասըմ էր ՀՀԿ-ին կընտրես, ինչպես միշտ: Դե ես էլ Դարբինյանի խաթրը կոտրողը չէի,- արդարացավ Վարդգեսը:



- Հասկանում եմ, ձեր 17 տարվա քաղաքապետն է եղել, արդեն իրար սովորել էիք:



- Հա, մեզ հըմար ապրըմ էինք, ինքը բան չէր անըմ, մենք էլ բան չէինք ուզըմ: Բայց սհե, առանց քաղաքապետի դհա լավ ա:



- Ո՞նց թե «դհա լավ ա», տեսե՞լ ես թե քաղաքում ինչ է կատարվում: Նմուշի համար մեկ հատիկ փողոց կամ մայթ մաքրված չէ, աղբ է կուտակվում, քաղաքում կյանքը, ասես, կանգ է առել, մարդկանց երեսին ոչ թե ժպիտ, գույն էլ չկա: Ուրվականի պես են շարժվում փողոցներում, ասես Նոր տարի չէ:



- Ոչինչ, չենք մեռնի, ձմեռ է՝ անց կկենա, գարուն կգա, օրերը կտքնան, ասֆալտը կհալվի: Բայց գոնե մենձ-մենձ խոսալ չեն, թե մենք արինք, ըսքան փող ծախսեցինք, էս ու էն վերանորոգեցինք: Սհե դհա լավ ա, մեր քաղաքի տերը հմի մենք ենք, իրանք չկան, գոյություն չունեն, օդն էլ՝ մաքուր-մաքուր,- իրենը պնդեց Վարդգեսը:



- Հա, բայց այդպես չի լինում, որ քաղաքը քաղաքապետ չունենա:



- Խի՞, լավ էլ ըլըմ ա: Հրե Ֆրանսիայում գիդեմ ոչ որ քաղաքի քաղաքապետ են ընտրել իծին:



- Ո՞ւմ:



- Իծին, էծ էլի, պոզով, մորուքով: Էդ քաղաքին քաղաքապետ պետք չէ, մարդիկ իրենք են իրենց գլխի ճարը տենըմ: Մենք էլ կարանք: Հրե մեր հրևան Համոն մի լավ էրինջ ունի: Պոզին կարմիր բանտիկ կկապենք ու կդարձնենք մեզ քաղաքապետ: Ինքն իրա հըմար կըրածի, մենք էլ մեզ հըմար կապրենք:



- Դե լավ, հա, մենք դեռ այդքան չենք զարգացել, որ սիմվոլիկ քաղաքապետ ընտրենք: Քո ասած ֆրանսիական քաղաքում ավագանի կա, որ բոլոր հարցերը լուծում է: Այնպես որ քաղաքն առանց իշխանության չի լինի:



- Ավագանին ո՞րն ա, էն որ իրար ուտըմ են, դրա՞նք:



- Վանաձորում, այո, իրար ուտում են, բայց ուրիշ քաղաքներում նորմալ է, հարցեր են քննում, քվեարկում են, համայնքի համար ճանապահ են սարքում, ջուր են քաշում:



- Ես լսել եմ, որ էս անտերության պատճառը հենց էդ ավագանին ա, ասըմ են մեջներն էլ դավաճաննի կան, ղաստի հըվաքվըմ չեն, որ գործ չանեն,- իր իմացությմբ փայլեց Վաղոն:



- Հա, մոտավորապես այդպիսի վիճակ է,- հաստատեցի ես,- ավագանիները երկու տեսակ են՝ իշխանական և ընդդիմադիր: Վանաձորցիներն այնպես են ընտրել, որ ընդդիմադիրները թվով շատ են ստացվել ու հիմա տապալում են ավագանու նիստերը, որ քաղաքապետն իրենցից լինի: Ուրիշ խոսքով ասեմ՝ ՀՀԿ-ն պարտվել է, բայց քաղաքապետ ընտրելու ժամանակ այդ նույն ընդդիմությունից 4 ձայն տվեցին Մամիկոն Ասլանյանին ու նա դարձավ քաղաքապետ: Հիմա էդ 4 հոգին ոչ «վիզ են վերցնում» իրենց դավաճանությունը, ոչ էլ գնում են նիստի, որ քաղաքում իշխանությունը ձևավորվի: Այդպես էլ մնացել եք առանց իշխանության:



- Բա լուծումը ո՞րն ա,- աչքերը վրաս հառեց Վարդգեսը:



- Չգիտեմ: Կամ պետք է նոր ընտրություններ պահանջեք, ասեք, որ այսպես չի լինի, կամ էլ Երևանից մի մարդ պետք է գա, գլխներին բամփի, որ խելոքանան ու գնան նիստի:



- Էդ լավ ես ասում, բայց գնան նիստի որ ի՞նչ անեն: Էրկու լապատկա ձին դեն ածելու հմար մեր գլխին զոռով տեր բերե՞նք: Պետքը չի: Սհե դհա լավ ա: Թող ռադ ըլեն կորչեն: Տելևիզրը միացնըմ եմ՝ Վանաձորի ալիքով համերգ ա, ուրախություն ա, ոչ մի սուտասան չկա: Օդն էլ՝ մաքո~ւո~ւր...



Վաղոն, որ հիմնականում լսողի դերում էր, հանկարծ աշխուժացավ.



- Վարդգես ջան, էն էրինջի միտքը ինձ էլ դուր էկավ: Համա մտածըմ եմ՝ որ Էրևանից մարդ գա դեսը, էրինջը պետք ա դիմավորի՞: 



- Էդ էլ եմ մտածել, Վաղո: Մենք կդիմավորենք, մենք էլ մեր դարդուցավից կխոսանք, ոչ թե սրանք, որ համ լափըմ են, համ էլ էրևանից էկածներին մեր կյանքը ուրախ ներկայացնըմ: Նորից եմ ասըմ, սհե դհա լավ ա: Էդ ղեկավար կոչվածների քոքը մեր քաղաքիցը պետք ա կտրել... Դե լավ, տքացավ, վեր կալեք, վեր կալեք խմենք, որ Նոր տարին խաղաղության տարի լինի, ոչ մի մեր իրա էրեխու հմար արտասուք չթափի, մեր թառլան տղերքը հետ գան, ընտանիք կազմեն, ազգը շըտանա:



- Լավ ասիր Վարդգես, խմենք խաղաղության համար:



- Հաց կերեք նորմալ, էս թթուն անմահական ա, Ռոզա, էլի թթու բեր,- կնոջը ձայնեց Վարդգեսը և ավելացրեց,- դուք նորմալ հաց կերեք, սրանք մինն էլ ա էս ժղովրդին արժանի չեն:



Էդիկ Անդրեասյան