Մեր բակը-3 կամ` Ոստիկանությունից «մլիցայություն» մեկ քայլ է

Մեր բակը-3 կամ` Ոստիկանությունից «մլիցայություն» մեկ քայլ է

2016 թվականը մենք հայրենի ոստիկանության հետ բավականին ուրախ ճանապարհեցինք և, բնականաբար, ուրախ էլ թևակոխեցինք 2017 թվական: 2016-ին մենք Ոստիկանության հետ լավ աշխատեցինք: Իրենք հիացած էին իրենց մասին իմ հրապարակային ելույթներով, իսկ ես` բավարարված նրանց պատասխաններից: Դե իսկ այդ ամենի արդյունքը եղավ անձամբ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հրաշալի նվերը ինձ` ճանապարհային երթևեկության կանոնների գիրքը, որն իր պատվավոր տեղն է գտել մեր խմբագրության գրադարանի «Իրավունք» բաժնում:



Հավանաբար, մեր փոխադարձ շփումը դուր է եկել Ոստիկանությանը: Ես այդպես եմ կարծում, քանզի 2017 թվականի հունվարի 10-ին «քրեական անցյալս» ուսումնասիրելիս Ոստիկանության կայքում հայտնաբերեցի, որ նոր խախտում եմ արել և տուգանվել 5000 դրամով:



Նման դեպքերում ընդունված է մտքիդ մեջ մի երկու ջերմ խոսք ուղղել ում որ հարկ է, բայց սա այդ դեպքը չէր, որովհետև մյուս կողմում իմ լավ բարեկամներն էին, որոնց եթե մի բան էլ ասեի, բումերանգի պես վերադառնալու էր ինձ:



Շարունակեցի կարդալ ակտիս էլեկտրոնային տարբերակը, հասա տեսանյութին, բացեցի ու, ի՞նչ տեսնեմ, որ լավ լինի: Մեր բակն է, իմ մեքենան, որ արդեն 10 տարի այդ բակում է կանգնում, որտեղ չկա ոչ մի նշան, ոչ մի նշագծում... Ահա իմ հարևան Շմավոնի խանութը, վերգետնյա հետիոտնային անցման աստիճանները, մի փոքր ավելի խորքում` քյաբաբնոցը: Եթե ցերեկ լիներ, կերևար նաև մեր պատշգամբը և բակի մյուս տեսարժանությունները` հարևան բարձրահարկերի մուտքերի մոտ թափված աղբի հետ միասին: Դա մի սովորական երևանյան բակ է, այս օրերին սառցակալած, չմաքրված... Տեսանյութի րոպեներն անցնում են, շուրջը ոչ մի շարժում` ոչ մարդու, ոչ մեքենայի: Իմ մեքենան է միայն երևում դեկտեմբերյան ցուրտ մթության մեջ:



Տրամադրությունս փոխվեց մեր բակի պատկերները տեսանյութով դիտելուց: Նույնիսկ ժպտացի. ինչքա՛ն հարազատ բան կար այդ կադրերում: Փաստորեն ինձ չեն մոռացել մեր Ոստիկանությունում և հետամանորյա նվեր են արել` առաջին պահին սա անցավ մտքովս: Իսկ տեսանյութի ֆինալն ուղղակի ցնցող էր: Շենքից դուրս է գալիս մի կին և շատ համարձակ նստում իմ ավտոմեքենան: Ռոմանտիկա... Բարեբախտաբար դա իմ կինն էր, և այս անգամ ընտանեկան բյուջեն 5000-ով կողոպտելու համար ես ստիպված չեմ լինի խանդի տեսարանների միջով անցնել: Ի դեպ, մի անգամ փոստատարը տեսանյութով ակտը իմ բացակայությամբ հանձնել էր կնոջս: Որպեսզի պատկերացնեք հետագա սկանդալը, ասեմ միայն, որ հայրենի Ոստիկանությունը հաջողացրել էր ինձ նկարել այն պահին, երբ իմ մեքենան երկու շիկահեր կանայք են նստում, իսկ ես` Սևան գնալու շորտիկով, բացում եմ վարորդի դուռը:



Ում թվաց, թե այս ամենը հեքիաթ է, վառ երևակայության արդյունք, չարաչար սխալվում է: Տեսանյութերը կան, ակտերն ու վճարման կտրոնները նույնպես: Ես դրանք չեմ հրապարակում, որովհետև չգիտեմ` օրենքով թույլատրվո՞ւմ է արդյոք հրապարակել Ոստիկանության թղթերն ու տեսանյութերը, երբ դրանք շրջանառվում են բացառապես քո և Ոստիկանության միջև: Մյուս կողմից էլ, կարծում եմ, Վլադիմիր Գասպարյանի համար ոչ մի դժվարություն չկա իմ անուն-ազգանունով գտնել այդ ակտերն ու ևս մեկ անգամ ուսումնասիրել-տեսնել, թե ինչով են զբաղված իր տեսախցիկներն ու դրանց ցուցմունքների հիման վրա ակտեր կազմող ավագ և ոչ այնքան ավագ ավտոտեսուչները:



Եվ վերջում` բարեկամական լիկբեզ օրենքի պահապանների համար: Հարգելիներս, դուք իրավունք չունեք ձեր 5000 դրամի համար ներխուժել մարդու անձնական կյանք: Սա` մեկ: Երկրորդ` եթե ՀՀ քաղաքացին ավտոտնակ չունի, մեքենան չի կարող իր հետ բարձրացնել 4-րդ հարկ և, հետևաբար, այն թողնում է բակում: Երրորդ` Երևանի բակը և, օրինակ, Ծիլքար գյուղի բակը ունեն նույն կարգավիճակը, և չի կարելի երևանյան բակում կանգնած ավտոմեքենայի տիրոջը տուգանել, իսկ ծիլքարեցուն` ոչ: Չորրորդ` դուք պարտավոր եք խախտման վայրը ակտում ճիշտ նշել, հակառակ պարագայում` չեղարկել ակտը: Հիշեցնեմ, որ Հրաչյա Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկը T-աձև է և կապ չունի մեր բակի հետ, որ գտնվում է Աճառյան փողոցի հակառակ մայթին: Եվ հինգերորդ` ակտը ուղարկելուց առաջ երբեմն հետաքրքրվեք, թե որ համարների շենքերն են այդ վայրում, և արդյոք այդ շենքերի հասցեները չե՞ն համապատասխանում տուգանքի ենթակա վարորդի բնակության հասցեին:



Էդիկ Անդրեասյան



Հ․Գ․ Իմ հարգելի գործընկեր Աշոտ Ահարոնյանը մի անգամ ինձ բացատրել է, որ Ոստիկանությունը թեթև խախտումների համար տուգանում է, որպեսզի խուսափենք ավելի կոպիտ խախտումներից, որոնք, որպես կանոն, ավարտվում են ծանր հետևանքներով: Հրաշալի է: Ահավասիկ իմ խորհուրդը Ոստիկանությանը` որպեսզի գործը չհասնի քրեական հանցագործության, մեր բակը «նայող» տեսախցիկը առաջիկա օրերին սիկտիր արեք և տեղադրեք այլ վայրում, որովհետև տղություն չէ` ուրիշի կանանց նկարելն ու լկտիաբար փող ուզելը: