Սպանությունից 18 տարի անց

Սպանությունից 18 տարի անց

Փետրվարի 9-ին լրացավ ՆԳ եւ ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության 18 տարին։ Նա սպանվել էր հրազենի երկու կրակոցից։ Դեպքը շոկ առաջացրեց հանրության շրջանում։ Դրանից մեկ տարի առաջ՝ 1998թ. հունվարի 21-ին, Մարգարյանի դեմ մահափորձ էր կատարվել, կրակել էին նրա ոտքերին, բայց հանրությունը լուրջ չվերաբերվեց դեպքին, շատերը կատարվածը համարում էին մահափորձի իմիտացիա եւ ինքնավնասում։ Մարգարյանի սպանությունը սթափեցրեց հանրությանը։ Սպանության կասկածանքով կալանավորվեցին Մարգարյանի թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները։



5 ամիս բանտում պահելուց հետո նրանց ազատ արձակեցին։ Նրանցից մեկը, որպես սպորտսմեն, շատ արագ հայտնվեց արտասահմանում։ Հետո կալանավորեցին ներքին զորքերի բժշկական ծառայության պետ Հրանտ Պապիկյանին, որն իրավապահներին պատմել էր, որ Արծրուն Մարգարյանը, իբր, հրահանգել էր կրակել իր վրա։ Դեպքից անցել էր մեկ տարի։



Հրանտ Պապիկյանը հաստատեց պաշտոնական վարկածը՝ որ Արծրուն Մարգարյանն ինքնասպանություն է գործել։ Նրան բաց թողեցին։ Հանրությունն իր դատն արեց՝ երկու մահացու կրակոցներով խոցված մարդը չի կարող ինքնասպան համարվել։ Բայց մութ ու չբացահայտվող սպանություններին հանրությունն աստիճանաբար ընտելանում էր։ Դրանից մի քանի ամիս առաջ սպանվել էր գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, որին, իբր, սպանել էր ու հետո, իբր, «ինքնասպան» էր եղել տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը, իսկ Մարգարյանից երկու ամիս առաջ իր տան շեմին սպանվել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խոռխոռունին։ Եվ Խոռխոռունին, եւ Արծրուն Մարգարյանը Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներն էին եւ զինակիցները։ Վ․ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար էր, բայց «Միասնություն» դաշինքը չէր ստեղծել։



Իշխանության ներսում այն ժամանակ էլ, ինչպես հիմա, թիմի փոփոխություն էր կատարվում, մի խումբը գնում էր, մյուսը գալիս, բայց ոչ թե «թավշյա», ինչպես հիմա, այլ արյունոտ։ «Խոռն» ու Մարգարյանը դրա զոհերն էին։ Հետագայում գործող իշխանությունը եւ հատկապես դաշնակցական թերթերը փորձում էին օգտագործել Արծրուն Մարգարյանի սպանությունը Վանո Սիրադաղյանի դեմ, խաղալով Վազգեն-Վանո հակասությունների վրա։ Արծրուն Մարգարյանի գործով հարցեր էին տվել եւ Արմեն Տեր-Սահակյանին, եւ Վանոյի դեմ ցուցմունքներ գրող՝ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանին։ Վարկածները չհաջողվեց հիմնավորել։



Սյունիքի նախկին փոխմարզպետ եւ Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ Դավիթ Մաթեւոսյանն առաջինն էր տեղյակ պահել ՆԳ նախարարությանը Մարգարյանի անհետացման մասին եւ ներկա էր եղել դեպքի վայրի զննությանը։ Այսօր էլ նա հիշում է, թե ինչպես զննություն կատարող անձն անզեն ձեռքով, առանց ձեռնոցների, մահացած Մարգարյանի ձեռքից վերցրեց ատրճանակը։ «Երկու կրակոցի հետք կար մարմնին։ Մի վերքից երեւում էր, որ փամփուշտն առջեւից էր մտել, կրծքավանդակից ու երիկամից դուրս էր եկել, երկրորդը ծոծրակից էր մտել եւ դուրս էր եկել աչքից։ Երկու կրակոցներն էլ մահացու էին»։



Դավիթ Մաթեւոսյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ էր Արծրուն Մարգարյանի հետ, դեպքից հետո իր ընկերների հետ սեփական հետաքննություն էր անցկացրել, ունի համոզմունք, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որ գործը չբացահայտվի, բայց այսօր էլ, դեպքից 18 տարի անց, չի ցանկանում կիսվել իր տվյալներով։ «Ես մի բան կարող եմ ասել՝ Մարգարյանի սպանությունն այս իշխանության պայմաններում չի բացահայտվի, ինչպես չեն բացահայտվի Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը։ Հիշեցնեմ ձեզ, որ Մարգարյանի սպանությունը տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո»,- ասաց Դավիթ Մաթեւոսյանը։ Բժշկի՝ Հրանտ Պապիկյանի պնդումները նա այսօր էլ «բարբաջանք» է համարում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ