«Աշտարակ կաթն» առողջացման ծրագիր է ներկայացրել

«Աշտարակ կաթն» առողջացման ծրագիր է ներկայացրել

Անցյալ տարվա դեկտեմբերին սնանկ ճանաչված «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի շուրջ իրավական թնջուկ էր ստեղծվել։ «Աշտարակ կաթի» նախկին տերն ու գլխավոր տնօրենը՝ Աշոտ Ափոյանը, վաճառել էր պետության հանդեպ ահռելի պարտքեր ունեցող ընկերությունը նոր տերերին, պարտավորվել էին փակել գործարանը, բայց պարտավորությունը խախտել են։ Գնելով գործարանի գույքը եւ ապրանքանիշը, ընդամենը փոխել էին իրավաբանական հասցեն, գրանցելով ընկերությունը նույն անվան տակ, բայց՝ Ղարաբաղում։ ՀՀ բյուջեին չվճարված հարկերը մնացել էին օդում, ինչի արդյունքում «Աշտարակ կաթով» սկսեց զբաղվել հարկայինը, պահեստները կապարակնքեցին։ Հիմա, կարծես, իշխանությունները նոր տերերին իրավական թնջուկից փրկելու ճանապարհ են փնտրում։ Երկար ժամանակ չէինք կարողանում պարզել, թե ովքեր են «Աշտարակ կաթի» նոր տերերը։ Նրանց անունը պետական ատյանները եւ հատկապես սնանկության կառավարիչն այնպես էին թաքցնում, կարծես խոսքը ոչ թե գործարարի, այլ ստվերում գործող հանցագործի մասին է։ 



Պարզվեց՝ տերերն Արայիկ եւ Արտակ Ասատրյաններն են։ Արա Ասատրյանը, որը մոտ 20 տարի բնակվում է ԱՄՆ-ում, կաթի, թեյի, «Պելե» սուրճի առաքումներ է կազմակերպում նահանգներից։ Ժամանակին «Աշտարակ կաթի» համար նա կաթի փոշի էր առաքում։ Իսկ Արտակ Ասատրյանն աշխատեցնում է երեւանյան գրասենյակը՝ «Ակբար թեյ» անունով, եւ, բնականաբար, իրականացնում է հայաստանյան գործարքները։ Ասատրյան եղբայրները հիմա ներկայացվում են որպես «Աշտարակ կաթի» առողջացման ծրագրի պատասխանատուներ։ Երկուշաբթի նրանց ընդունել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ գոյություն ունի Ասատրյանների կողմից ներկայացված առողջացման ծրագիր, որը նրանք քննարկել են Սուրեն Կարայանի հետ։



«Կարեւոր է, որ արտադրությունը շարունակվի, քանի որ այն աշխատանքով ապահովում է ավելի քան 300 քաղաքացիների, ինչպես նաեւ առնչվում է բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների բնականոն գործունեությանը»,- նշել է նախարարը հանդիպման ժամանակ։ Իրավական թնջուկի մասին հաղորդագրության մեջ ոչինչ ասված չէ, ուղղակի նշվում է, որ նախարարն առաջարկել է եռակողմ հանդիպում կազմակերպել սնանկության կառավարչի, ներդրողի եւ աշխատողների հետ՝ «արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»։



Ասատրյանները հանդիպման ժամանակ թվեր են հայտնել՝ որ վերջին երեք ամսում գործարանի պարտքերի 65 տոկոսը մարել են, 50 մլն․ դրամի նոր սարքավորումներ են ձեռք բերել, խոստացել են, որ կշարունակեն ներդրումները, ՀՀ իշխանություններն էլ, հավանաբար, խոստացել են գործարարներին լուծել օրենքի հետ կապված խնդիրները։ Ի՞նչ եղան «Աշտարակ կաթի» պարտքերը պետությանը, կապարակնքված պահեստները, ՊԵԿ-ից խոստացան պատասխանել ավելի ուշ, իսկ տնտեսական զարգացման նախարարությունից ասացին․ «Սնանկացման գործընթացն ավարտված չէ, հենց ավարտվի, օրենքով սահմանված կարգով բոլոր պարտքերը կմարվեն»։



Նախարարության արդյունաբերության բաժնի պետ Արմեն Եգանյանի խոսքով՝ Ասատրյանները ներդրողներ են, որոնք պարտավորվել են առողջացման ծրագիր իրականացնել ու «իրենց ֆիրմաներից մեկով աշխատում են, ձեռնարկության գույքն օգտագործելով, աշխատողներին պահելով՝ փորձում են հունի մեջ պահել գործարանը»։ Նա հստակ չգիտեր, թե Ղարաբաղում գրանցված ընկերությունն արդյոք պատկանո՞ւմ է Ասատրյաններին։ «Մենք, որպես նախարարություն, աշխատում ենք ներդրողների հետ։ Ֆիրման եւ ապրանքային նշանը տարբեր բաներ են, իրավական հարցեր ունի «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն։ Առաջին փուլում ներդրողն այլ ֆիրմայով կաշխատի, իսկ հետագայում, քանի որ իրենք են առողջացնելու, իրենք իրենց դերակատարումը կունենան նաեւ պարտքերի փակման հարցում։



Իսկ թե որտեղ է գրանցված, դա տեխնիկական հարց է, սա տեխնիկական լուծում է, որը կօգնի առողջացնել արտադրությունը»,- ասաց Եգանյանը։ Վատ չէ, իհարկե, որ կառավարությունը փորձում է աջակցել ներդրողներին, այն էլ՝ ԱՄՆ-ից Ղարաբաղ աշխատող, բայց հետաքրքիր է, թե ինչու «Աշտարակ կաթ» ընկերությանը, որը տարեկան 500 մլն․ դրամի հարկային պարտավորություն էր կուտակում, թույլատրվում է առողջացման ծրագիր ներկայացնել, իսկ մեկ այլ «սնանկի»՝ «Նաիրիտ» գործարանին՝ ոչ։ «Նաիրիտի» «առողջացման ծրագրերն» անհետանում են կառավարության դարակներում, իսկ սնանկության փուլում պատասխանում են, որ առողջացման ծրագիր ներկայացնելու համար ուշ է, որ այն պետք է քննարկվեր դատարանում։ Եվ երկրորդը՝ Ղարաբաղում գրանցված «Աշտարակ կաթ» ընկերությունն աշխատում է երեւանյան շուկայում։ Սա գուցե իրոք զուտ տեխնիկական հարց է, որը կօգնի փրկել մեր հայտնի կաթ արտադրողին, բայց ԼՂՀ-ում կաթի ընդունման խնդիր կա։



Անարատ կաթը գյուղերում փչանում է, իսկ ԼՂՀ բնակիչները՝ տեղացիներն ու վերաբնակեցվածները, որոնք կարող էին կաթ հանձնելով ապրուստ վաստակել ու շենացնել Արցախը, ստիպված վաճառում են անասունն ու բռնում գաղթի ճամփան։ Վատ չէր լինի, որ ներդրողները նրանց էլ փրկեին։ Այս հարցերը մենք ցանկանում էինք ուղղել «Աշտարակ կաթի» նոր տերերին, բայց նրանք մամուլի հետ շփվում են բացառապես Կարայանի նախարարության միջոցով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ