Ռուսաստանը հրաժարվել է ձերբակալել Կիմ Չեն Նամին սպանողներին

Ռուսաստանը հրաժարվել է ձերբակալել Կիմ Չեն Նամին սպանողներին

Ռուսաստանն հրաժարվել է կատարել Հարավային Կորեայի խնդրանքը եւ ձերբակալել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության մեջ հիմնական կասկածյալներ համարվող Հյուսիսային Կորեայի չորս քաղաքացիներին:



Այս մասին հայտնում է «JoongAng Ilbo» պարբերականը: Ըստ հրապարակման Հարավային Կորեան միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի փետրվարի տասներեքին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի օդանավակայանում սպանված Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող Լի Չժի Հյոնը, Լի Չժե Նամը, Հոն Չոն Հակը եւ Օ Չժոն Գիլը, որոնց ինքնությունը պարզել էր մալայզիական ոստիկանությունը, ձերբակալվեն:



Նշենք, որ նշված չորս քաղաքացիները Ջակարտայի եւ Դուբայի վրայով հասել են Մոսկվա եւ Վլադիվոստոկ: Հարավային Կորեան իր միջնորդությունը հիմնավորել էր այն իրողությամբ, որ հնարավոր է, որ նշված քաղաքացիները փորձեն Ռուսաստանի վրայով անցնել Հյուսիսային Կորեա, իսկ այդ դեպքում այլեւս անկարելի կլինի նրանց ձերբակալելն ու հարցաքննելը: Մոսկվան սակայն մերժել էր այս միջնորդությունը համարելով, որ նախաքննության սկզբնական փուլում նման գործողություն կատարելու միջնորդությունը ամրապնդված չէ բավարար քանակությամբ ապացույցներով: Ավելին, Մոսկվան թույլատրել է, որպեսզի վերոնշյալ չորս քաղաքացիները հեռանան Ռուսաստանից:



Նշենք, որ միջազգային մամուլում առկա մի շարք հրապարակումներից պարզ է դառնում, որ սպանությունն ամենայն հավանականությամբ պատվիրված է եղել հենց Փհենյանի կողմից, քանի որ Կիմ Չեն Նամը ավելի արեւմտյան հայացքներ ունեցող մարդ էր եւ ըստ էության ընդդիմանում էր Փհենյանի դիկտատորին: Վերջինս սպանվել է քիմիական զենքի միջոցով: