«Սնանկացողների արքան» դարձավ ԱՄՆ առեւտրի նախարար

«Սնանկացողների արքան» դարձավ ԱՄՆ առեւտրի նախարար

ԱՄՆ Սենատը հաստատեց ձայների մեծամասնության քվեարկությամբ ԱՄՆ նոր Առեւտրի նախարարին: Վերջինս 79-ամյա Ուիլբըր Ռոսսն է: Այս մասին հայտնում է ВВС ռադիոկայանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր Դոնալդ Թրամփը եւ Սենատում վերջինիս շուրջ դեբատները անցել են կատաղի մրցակցության պայմաններում: Ռոսսին կողմ են քվեարկել 72 սենատոր, դեմ` 27: Ուիլբըր Ռոսսին դեմ են եղել հատկապես դեմոկրատ սենատորները: Նշենք, որ Ուիլբըր Ռոսսը բավական ուշագրավ աշխատանքային կենսագրություն ունի: Սկսել է իր գործունեությունը որպես N M Rothschild & Sons ընկերության ֆինանսիստ, ապա արդեն մասնագիտացել որպես սնանկացող ընկերությունների` սնանկացման հարցերով խորհրդատու: Նա իր գործունեության ընթացքում վաստակել է «Սնանկացողների արքա» կրկնանունը: Նշվում է, որ 1990-ական թթ նա կարողացել է օգնել Դոնալդ Թրամփին պահպանելու իր երեք կազինոները Ատլանտիկ Սիթիում, այն տարիներին, երբ ներդրողների մի մասը ցանկանում էին, որպեսզի ԱՄՆ ներկայիս նախագահը դեռ այն ժամանակվա հաջողակ բիզնեսմենը, դուրս գար այդ բիզնեսից: Ռոսսի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար, ըստ Forbes ամսագրի: Վերջինս իր կարողությունը վաստակել է սնանկացող կամ սնանկացած ընկերությունները գնելով, առողջացնելով եւ վերավաճառելով: