Տենդ-2017

Տենդ-2017

Գաղտնիք չէ, որ ՀՀ շարքային քաղաքացիների մեծ մասը փող աշխատելու համար խոպան է մեկնում: Հիմա այնպես է ստացվել, որ գարնան գլխին` խոպան գնալու այս թեժ օրերին, խոպանն է եկել Հայաստան և հնարավորություն կա տան դռան վրա մի եկու կոպեկ աշխատելու: Ընդ որում` փողի մասին ոչ միայն այսուայն անկյուններում են խոսում, այլ արդեն մամուլն է բացահայտ գրում, որ փող բաժանվելու է, պարզապես դրա չափն է ճշտվում: Դե գիտեք ինչպես է, փողը բաժանողներն էլ մարդ են ու սպասում են` տեսնեն, թե ինչպես իրեն կպահի նավթը միջազգային շուկայում: Ինչքան նավթը թանկանա` այնքան դրամը կընկնի և ընտրակաշառքի չափը թվի տեսքով (ոչ բովանդակության) կարող է մեծանալ: Մեր խոսքերն անուղղակի կերպով հաստատում են ընտրակաշառքի չափերի վերջին շրջանի կտրուկ վայրիվերումները: Քանի կար` ասում էին 100 դոլարին համարժեք դրամ են տալու, իջան 20 հազարի, 10-ի, հիմա էլ խոսում են 5 հազարի մասին, բայց չեն բացառում այդ թվի ոչ հետագա նվազումը և ոչ էլ հնարավոր բարձրացումը: Մի խոսքով, համարյա ամեն ինչ կախված է նավթից: Համարյա, բայց ոչ ամեն ինչ:



Չի կարելի աչքաթող անել հարցի հոգեբանական կողմը: Եթե ռեյտինգային թեկնածուն իր հոգեբանությամբ ջոմարդ, ծախսող տղա է, ապա շատ կտա, իսկ եթե կծծիի մեկն է, կսկսի լացել ու գին գցել: Ուստի չի կարելի բացառել, որ տարբեր ընտրատարածքներում ընտրակաշառքի չափերը, հնարավոր է, տարբեր լինեն: Նեղվել պետք չէ, որովհետև, ինչպես ասում են, ընտրատարածքը չի ընտրում թեկնածուին, այլ թեկնածուն է ընտրում, թե որ ընտրատարածքում առաջադրվի:



Ընտրակաշառքի չափի վրա կարող է ազդել նաև հասարակ քաղաքացին, բայց նա առնվազն ընտրարշավի մեկնարկին պետք է քաջություն ունենա մերժելու առաջին իսկ առաջարկը: Դրա ձևերը շատ են` դեռ չեմ կողմնորոշվել, չգիտեմ ինչ ասել, այս ամենն այնքան անակնկալ էր, որ չեմ կարող առանց մտածելու պատասխանել… Այլ խոսքով` մի բան պետք է մոգոնել ու չվերցնել առաջարկվող գումարը, եթե այն չի անցնում 20 հազարի սահմանագիծը: Ասում են չէ՞, որ սրանք կարևոր ընտրություններ են: Ուրեմն թող վճարեն կարևոր ընտրության չափով և ոչ թե ՏԻՄ ընտրությունների սանդղակով: Թող ոչ մեկին չթվա, որ եթե առաջին անգամ մերժի, այլևս իրեն չեն մոտենա: Ոչ, սա յուրահատուկ ընտրական տեխնոլոգիա է: Հենց տեսնեք, որ չեն շտապում ձեզ երկրորդ նգամ մոտենալ, լուր տարածեք, որ հակառակորդ շտաբը 100 դոլար է խոստացել ձեզ: Եվ այդ պահից պրոցեսը կգնա: Սակարկություններով կարող եք թիվը հասցնել մինչև 90 դոլորի, բայց չմոռանաք ասել, որ այն 10 դոլարն էլ զեղչ եք անում հատուկ իր համար: Հայաստանում սա ազդեցություն է ունենում:



Հայրենի ոստիկանությունը, իհարկե, ամեն ջանք կգործադրի, որ անմասն չմնա այս առևտրից: Նկատի ունենք, որ մի քանի գործեր, այնուամենայնիվ, կհարցվեն, մի քանի հոգու կնստացնեն, ՔԿ-ն ու ՀՔԾ-ն ռելիզ ռելիզի հետևից կտան, որ ֆլանին բռնել են կաշառք տալու պահին կամ վերցնելու: Որպեսզի հասարակ քաղաքացիները և նրանց բարերարները զերծ մնան տհաճ իրավիճակների մեջ հայտնվելուց, մենք առաջարկում ենք տալ-առնելու մոմենտները թողնել բանկերի վրա: Դրա համար ընտրողը, եթե ընտրվողի հետ գումարայինի շուրջ համաձայնությունն ադեն տղավարի կայացել է, գնում է տվյալ թեկնածուի շտաբ, շտաբին ներկայացնում բանկում հատուկ AJ կոդով բացված իր հաշվեհամարը և,առանց այստեղ-այնտեղ այդ մասին բարձրաձայնելու, հանգիստ սպասում, որ գումարը նստեի հաշվին: Վերջ, այստեղ արդեն ոստիկանությունը անզոր է որևէ բան անել: Մյուս կողմից էլ սա կաշառք ստանալու (կապ չուննի ինչպիսի և ինչքան) ամենացիվիլ եղանակն է և ընդունված է ողջ աշխարհում:



Աշխարհ ասեցինք` հիշեցինք: Սիրելի հայրենակիցներ, միշտ մտածեք, որ մեզ կարող ա պատահի հետևում են, թեև վերջին ժամանակներում իրենց ընտրություններում շատ ավելի ճոխ բաներ են լինում: ԱՄՆ-ում Թրաամփը ընտրվեց, Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններում երեք թեկնածուներից 2-ի վրա քրեական գործ կա, Գերմանիայում Մերկելը որոշել է մի սրոկ էլ նստել և այլն և այլն: Այս բաները ոչ մի նշանակություն չունեն: Նրանք մեզ հետևում են ու վերջում էլ գնահատական են տալու, թե Հայաստանում ինչն ինչպես եղավ: Արտասահմանում ընտրակաշառքը խիստ կոռուպցիոն երևույթ է դիտվում և հավասարեցված է ահաբեկչությանը: Եկեք այնպես անենք, որ չընկնենք ոչ առաջինի և ոչ էլ, մանավանդ, 2-րդի տակ: Դժվար չէ դա անելը: Պարզապես պետք չէ բացահայտ գրել ընտրակաշառքի մասին: Հնարամտության հարցում հայերիս դեռ ոչ ոք չի գերազանցել: Ասում եմ` առաջիկայում «ձեռք սեղմելու և ողջագուրվելու» շաբաթ հայտարարենք և հենց այդ շաբաթ էլ լուծենք բոլոր հարցերը` թե տալու, թե առնելու:



Էդիկ Անդրեասյան