Կարգախոսների ընդմիջից

Կարգախոսների ընդմիջից

Եթե ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը գան եւ ձեզ ասեն, որ իրենց կարգախոսն իրենց հոգու հայելին է, հավատացեք: Սխալ է, երբ ասում են, որ կարգախոսների մեջ քաղաքական ուժերը գեղեցիկ, կեղծ, շինծու բաներ են գրում: Գրում են այն, ինչ թույլ է տալիս իրենց երեւակայությունը, քաղաքական ձիրքը, բանաստեղծելու շնորհքը: Ավելին անել ոչ ոք չի կարող, ինչպես ասում են` ամեն մեկի կարգախոսն իր հնարավորությունների սահմանն է ուրվագծում: Ավելին չի կարելի պահանջել, իսկ ավելի համեստ լինել նրանք չեն ցանկանում: Եվ մի տեսակ կոմպրոմիս է առաջանում: Հայտնի ֆիլմում մի հանճարեղ բաժակաճառ կա, ասում է` խմենք այն բանի համար, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները համընկնեն: Սա ճիշտ այդ դեպքն է:



Հիմա տեսնենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերն ու դաշինքներն իրենց կարգախոսներում:



«Ելք». «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»: Անմիջապես աչքի են զարնում համեստությունը եւ պրագմատիզմը: Ընտրություններ (լավ թե վատ) ունենք, փոփոխություններ, փառք Աստծո, ինչքան ասես, մնում է հաղթանակը, որը, ենթադրվում է, «Ելքում» այսպես են պատկերացնում` հաղթում է «Ելքը», հաղթում է ժողովուրդը: Երբ ՏԻՄ ընտրություններում «Քաղպայմանագիրը» (կարծեմ այն ժամանակ «Ելք»-ը դեռ չկար) գյուղապետ տվեց երկրիս, հայտարարվեց, որ դա լուրջ հաղթանակ է: Չենք վիճում: Իրոք լուրջ հաղթանակ էր դա: Ուստի եկեք պատկերացնենք, թե խորհրդարան մտնելն ինչպիսի հաղթանակ կլինի «Ելքի» համար: Բայց… Այս «բայց»-ը կա բոլորի դեպքում, եւ մենք հերթով կանդրադառնանք, իսկ կոնկրետ «Ելքի» պարագայում հայտնի չէ, թե դաշինքի՝ խորհրդարան մտնելով ինչպես եւ ում է հաղթելու ժողովուրդը: Ես կասեի՝ սա թեթեւակի բաց է, որ քարոզարշավի ընթացքում «Ելք»-ականները կփորձեն փակել:



«Ազատ դեմոկրատներ». «Մենք կարող ենք»: Այո, ավելի գեղեցիկ ներկայանալ, թվում է, հնարավոր էլ չէ: Կատարյալ աբստրակցիոնիզմ: Մեկը գնում է աշխատանքի տեղավորվելու, տնօրենը հարցնում է` ի՞նչ կարող ես անել, տղա ջան: Կարող եմ բոչկա գլորել` պատասխանում է: Ուրի՞շ: Կարող եմ նաեւ չգլորել: Հրանտ Բագրատյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ստեփան Սաֆարյանը, այո, ամեն ինչ կարող են: Պարզապես պետք էր մի երկու բան էլ ավելացնել կարգախոսին, որովհետեւ առանց բացատրությունների աբստրակտ նկարը, առհասարակ, դժվար է արագ ընկալել: ԱԺ նախորդ ընտրություններում Խաչատուր Քոքոբելյանն աբստրակցիոնիզմը քաղաքականություն էր բերում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այն ժամանակ ասում էին` «Մենք գալիս ենք», բայց զուգահեռ նաեւ մի խմբակային լուսանկար էին ցույց տալիս, որ հասկանալի լիներ, թե ովքեր են գալիս: Հիմա դա էլ չկա, եւ ընտրողը պետք է ինքնուրույն հասկանա, թե էլի ինչ կարող են անել «Ազատ դեմոկրատները»: Այ, հենց այդտեղ էլ հետաքրքրասիրություն է ծնվում մարդու մեջ: Երբ Եվան Ադամին ասաց`



Ադամ, մենք կարող ենք անել այդ, Ադամը, հետաքրքրասիրությունից դրդված, կծեց խնձորը, որպեսզի իմանա, թե իրենք ուրիշ ինչ կարող են անել դրախտում՝ անիմաստ թափառելուց բացի: Ստացվում է, որ մենք «Ազատ դեմոկրատներին» ընտրելու ենք, որպեսզի հասկանանք, թե էլի ինչ կարող են անել նրանք:



«Հայկական վերածնունդ». «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»: Բայերի հրամայական ժամանակաձեւերը, ինչպես նկատեցիք, նյարդայնացնում են: Արթուր Բաղդասարյանին, իսկ ես վստահ եմ, որ սա նրա մտքի թռիչքն է, թվում է, թե ՀՎԿ-ի մեջ ներծծված կուսակցությունների եւ ՀԿ-ների հետ գործ ունի եւ կարող է հրամայել, որ գնան ու քվեարկեն «վերածննդի» օգտին: Հավանաբար, հենց այդ կոնտինգենտին էլ նկատի ունեն որպես ընտրազանգված: Իսկ դա փոքր թիվ չէ, եւ ՀՎԿ-ն, եթե իրենց ասելով 300 հազարից ավելի են, ոչ միայն խորհրդարան մտնելու, այլեւ 20-30 պատգամավոր ունենալու բոլոր շանսերն ունի: Մնում է, որ ՀՎԿ-ն քվեարկի ՀՎԿ-ի օգտին:



«Ծառուկյան դաշինք». «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է»: Նախ` շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին, որ վերադարձավ քաղաքականություն: Մտնել` բոլորն են մտնում, բայց վերադառնալ, դեռ ոչ մեկին չի հաջողվել: Ինչեւէ: Մենք քիչ էր մնացել կորցնեինք ԲՀԿ-ի նման քաղաքական ուժին: Լրիվ ձեռքից գնացել էին, եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձն էր, որ այդ կուսակցությանը փրկեց բառիս բուն իմաստով շատ լայն դաշինքում հայտնվելուց: Ավելին, Ծառուկյանի վերադարձից հետո նրա դաշինքում ընդգրկվելու մեծ հնարավորություններ բացվեցին ՀՀԿ-ից մինչեւ սրտի խորքը վիրավորված գործիչների բալիկների ու բարեկամների համար: Հա, բայց չմոռանանք, որ կարգախոսի մասին էինք խոսում:



«Ծառուկյան դաշինք»` սա արդեն իսկ կարգախոս է, որովհետեւ երբ ասում ենք Ծառուկյան, հասկանում ենք սերմացու, տուկի թել, վառելիք, բժիշկների պիլոտային ծրագրեր գյուղերում, բերքի մթերում… ամեն ինչ, եւ ամենեւին կարիք չկար խոսելու Ծառուկյանի ծրագրերի մեջ սպասվող փոփոխությունների մասին, որովհետեւ չգիտես, թե ինչպիսին կլինեն դրանք, եթե տուկի թել չտա, սերմացու չտա, վառելիք չտա, բերք չմթերի, բժիշկներին էլ չտանի գյուղեր` մեր բազմաչարչար հայրենակիցներին մանրակրկիտ զննելու: Ես այդ դաշինքը կանվանեի` «Գագիկ Շինարար» եւ դրանով հարցը կփակեի:



«Կոնգրես- ՀԺԿ». «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: Այս կարգախոսի մասին դժվար է որեւէ բան ասելը: Գեղեցիկ բառերի շարանին ի՞նչ ասես: Ափսոս, որ այդ գեղեցիկ ցանկություններն այսպես թե այնպես պայմանավորված են Իլհամ Ալիեւի` ռացիոնալ գործիչ լինելու հանգամանքով եւ կարող են իրականանալ բացառապես Ալիեւի ցանկությամբ: Այսինքն՝ մենք խնդիր չունենք, եւ խաղաղությունը, հաշտությունն ու բարիդրացիությունը միայն Ալիեւից են կախված: Նույնիսկ հարց է առաջանում, թե ինչու է Կոնգրեսը, որպես ընդդիմադիր ուժ, մասնակցում ՀՀ ԱԺ եւ ոչ թե Ադրբեջանի Մեջլիսի ընտրություններին: Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն` այս ամենը պետք էր Ալիեւին քարոզել եւ ոչ թե մեզ: Ի դեպ` ռացիոնալ Ալիեւը, ասում են, իր սեփական կնոջը նշանակել է երկրի փոխնախագահ: Հիրավի մտավոր ռացիոնի պակաս չունի այդ մարդը:



ՀՀԿ. «Անվտանգություն եւ առաջընթաց»: Կոնսերվատորիայում այս տարի հարվածային գործիքների ֆակուլտետ է բացվել: «Ուդարնիկի» եւ «դհոլի» բաժիններում դիմորդների անշլագ է սպասվում: Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամը եւ Լեւոն Արոնյանը թողնում են ակտիվ սպարտը, վարչապետը` ակտիվ տնտեսական գործունեությունը, Վիգենը, Արփինեն, Տարոնը նկարվում են «Սիրային եռանկյունի» սերիալի գովազդում, իսկ նրանց վահանակների հարեւանությամբ կախվում են Բազմասեր Առաքելյանի նմանների բիլբորդները, որպեսզի ՀՀԿ-ի ռեյտինգը տեղը լինի: Այդպես, երեւի, ավելի անվտանգ է, առաջընթացը՝ ավելի հավանական:
Կոմունիստական կուսակցություն. «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»: Ամեն ինչ պարզ է այստեղ: Մնում էր ավելացնել` «Պրիվետ ատ Զյուգանովա»:



«ՕՐՕ դաշինք». «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»: Կոմունիստներին համարյա ոչնչով չեն զիջում, թվարկել են իրենց անունները, իսկ «հաղթանակն» էլ, հավանաբար, ասոցացնում են Սեյրան Օհանյանի կերպարի հետ: Հանդիսավար Արմեն Մարտիրոսյանին, սակայն, ցանկանում եմ հուշել, որ ճիշտ չէ այս դաշինքի հավաքներում շաղկապել Րաֆֆիի եւ Սեյրան Օհանյանի կոչերը, իսկ Վարդան Օսկանյանին չհիշել: Երբ շնորհանդեսի ժամանակ ասում ես` «Մենք գալիս ենք», «Հերիք է, հերիք է, հերիք է…» եւ Օսկանյանից ոչ մի խոսք չես հիշատակում, դաշինքի բալանսը խախտվում է, ու մեկ էլ տեսար… Կատաստրոֆաների դարում ենք ապրում, մի մոռացեք:



ՀՅԴ. «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Նշաձող եմ ասել: Նոր սկիզբը շատ հասկանալի է: Ես նույնիսկ զարմացա, երբ ՀՀԿ-ի կարգախոսում այդ պահը չերեւաց: ՀՀԿ-ն էլ որոշակի ներդրում ունի կառավարման համակարգի փոփոխության` նոր Սահմանադրության, նոր սկզբի մեջ: Երեւի մտածել են` ՀՅԴ-ի պնդումն էր, ՀՅԴ-ն էլ թող տակից դուրս գա: Ինչ արած, ՀՅԴ-ն, ինչ է, այսպիսի՞ փորձությունների միջով է անցել:



Քարոզարշավի մեկնարկից էլ հասկացվեց, որ «զադնի» դնելու մտադրություն չունեն, ու մանավանդ` վայ նրան, ով կփորձի հետ շրջել այս ամենը: Լինելով ընտրությունների մասնակից միակ կուսակցությունը (մյուսներն այս կամ այն կերպ դաշինքներ են), ՀՅԴ-ն արդար Հայաստանի նշաձող է սահմանել: Կարծում եմ` չկա մի հայ, որ չուզենա արդար Հայաստան, չկա ընտրությունների մասնակից մի ուժ, որ դեմ լինի Հայաստանում արդարության հաստատմանը: Պարզապես համարձակություն էր պետք կարգախոսներում այդ բառն ընդգրկելու համար, բայց, ինչպես վերեւում ասացինք, կարգախոսները քաղաքական ուժերի հոգու հայելին են:



Քարոզարշավի մեկնարկը բարեհաջող տրվել է: Բոլորին հաջողություն ենք մաղթում: Միայն թե առանց իրար գզելու գնացեք առաջ: Ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանում ընտրություններ են, իսկ այնտեղ, հեռուներում, նաեւ գիտեն, որ երբ հայերն են ընտրում, դա միշտ հետաքրքիր է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ