Ով աչք ունի, կտեսնի

Ով աչք ունի, կտեսնի

ՀՀ 2-րդ նախագահն իր գրասենյակի միջոցով ծանուցել էր, որ ավելի ուշ կանդրադառնա ընթացիկ քաղաքական գործընթացին, երբ քաղաքական դաշտում որոշակի հստակեցումներ լինեն: Դա ընդունել էինք ի գիտություն եւ սպասում էինք նրա ազդեցիկ խոսքին: Հույս կար, որ նա անաչառության դիրքերից շատ թե քիչ ընդարձակ խոսք կասի, հանրությանն ու քաղաքական ուժերին կտրամադրի պայքարի, կխոսի գործընթացում երեւացող մերժելի երեւույթների եւ, միեւնույն ժամանակ, թունելի վերջում երեւացող լույսի մասին:



Հիասթափությունը կատարյալ է: Մարդը, քաջատեղյակ լինելով առկա իրողություններին՝ ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել եւս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունի: Ցանկություն չկար, պարոն նախագահ, չխոսեիք, ո՞վ էր Ձեզ ստիպում: Մի՞թե խոսել եք միայն այն պատճառով, որ խոստացել էիք խոսել:
Այդուհանդերձ, խոստումը կատարելն արդեն իսկ դրական երեւույթ է: Մեզ համար անհասկանալին այլ բան է:



Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մերկապարանոց կերպով 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել` Հայաստանի համար երկարատեւ բացասական հետեւանքներով: Մինչ օրս «Ոչ»-ի ճամբարից ոչ մի հոդաբաշխ խոսք չի հնչել այն մասին, թե ինչով է վատ կառավարման խորհրդարանական համակարգը: Քոչարյանը, ըստ էության, շարունակում է նույն ոճով պնդել (առանց մեկնաբանության), որ խորհրդարանական համակարգը վատ է: Եվ սա այն դեպքում, երբ իր օրոք է անցում կատարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահակենտրոն համակարգից դեպի կիսանախագահական համակարգ, որն ինչ-որ տեղ դեպի կառավարման խորհրդարանական համակարգ ճանապարհի միջանկյալ քայլ է:



Ապրիլյան պատերազմը Ռոբերտ Քոչարյանին պետք է հուշեր, որ նույնիսկ ամենանախագահական համակարգը չի կարող փրկօղակ լինել, մանավանդ, երբ պաշտպանության նախարարն իր մեջ որոշում է, որ ինքն է լինելու հաջորդ նախագահն ու ներքուստ, ընդհուպ գաղտնի, ընդդիմադիր է դառնում գործող նախագահին: Բայց նույնիսկ հիմա, երբ այդ վտանգավոր աթոռն այլեւս չի լինելու, Քոչարյանը շարունակում է սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել: Գուցե բացատրեր` ինչո՞ւ:
Անցումն Ընտրական նոր օրենսգրքին շատ կտրուկ է ստացվել: Ռոբերտ Քոչարյանը, որ շարունակում է 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատեւ բացասական հետեւանքներով, այնպես է ջարդել Ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային (տարածքային) քվեարկության համակարգով, որ էլ չասելու: Գրել է, որ այն ավելի է խթանում ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսեւորումները:



Ըստ նրա` մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունն ակնհայտորեն գերակշռում է համամասնականին, իսկ միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Շատ ճիշտ բաներ է ասել, միայն մի հարցում համամիտ չենք նրա հետ: Քիչ հետո կխոսենք այդ մասին, իսկ մինչ այդ ասենք, որ ռեյտինգային (տարածքային) առաջադրումների համակարգը, իր բացասական կողմերով հանդերձ, այնուամենայնիվ, լուրջ առավելություններ ունի բոլոր ժամանակների մեծամասնական ընտրակարգերի համեմատ:



Այսօր ՀՀ նախագահը կամ իշխող կուսակցությունը չի հայտարարում, որ այս կամ այն ընտրատարածքում այսինչյան այսինչն է իր պաշտպանած թեկնածուն, եւ բոլորը պետք է նրան ընտրեն: Նույն ընտրատարածքում նույն կուսակցությունը 5, 8, 10, 14 թեկնածու ունի: Ով շատ ձայն հավաքեց, նա էլ կընտրվի: Այս հանգամանքը, նաեւ այն ակտիվությունը, որ կա այժմ նախընտրական գործընթացում, խոսում է մեր երկրում բրեժնեւիզմի` ճահճի նահանջի մասին: Այլ հարց է, թե ով ինչպես է ընկալում ռեյտինգային կոչվող համակարգը: ԸՕ-ում, այո, բարեփոխումների անհրաժեշտություն կա:



Օրինակ` կուսակցությունների կողմից` իրենց ռեյտինգային թեկնածուների վրա հսկողության ուժեղացման, նրանց պահվածքի համար պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտություն: Բարեփոխումներ միշտ էլ կարելի է անել, եւ այնպես էլ չէ, որ ճիշտը մեծամասնական համակարգից կտրուկ հրաժարվելն էր: Ժամանակի հետ ռեյտինգայինն էլ կհաղթահարվի, եւ կպարզվի, որ խորհրդարանական համակարգի ներքո ծավալվող ընտրապայքարի առավելություններն այնքան էլ «գովաբանված» չեն, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է կարծում:



Նախագահ Քոչարյանի մի «մտավախությունն» էլ այն է, որ այս պայմաններում գաղափարական պայքար չի լինելու: Իր խոսքերով ասենք, որովհետեւ իսկապես տեղն է դրել: Ում` էական չէ, բայց լավ է դրել. «Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաեւ հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ, ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողն ու, թերեւս, կմասնակցեն ձայների աճուրդին»:



Մնում է բացականչել` էս ով ա ասո՛ւմ, էս ինչ ա ասո՛ւմ, էս ոնց ա ասո՛ւմ… Եվ երկինքը չի ճղվում, եւ պատերը ժաժ չեն գալի… Խորան ճշմարտության… Աշխարհ, կանգնիր, իջնող կա…



Երեւի պետք էր պատմությունը հետ թերթել ու տեսնել, թե մեր նախկին նախագահները քանի լավ ընտրություններ են կազմակերպել, ու վերցնել նրանց փորձը: Թե չէ այս ի՞նչ է, հասել ենք այն բանին, որ գաղափարական պայքար չկա, ու փողն է ամեն ինչ որոշելու: Իսկ եթե ավելի լուրջ` պարոն նախագահ, գաղափարական պայքար մղում է միայն նա, ով գաղափարներ ունի: Երբ «քաղաքական» ուժը չունի գաղափարախոսություն, նրան օգնության են գալիս փողը, զոռբայությունը, եթե լծակներ կան` լծակները, սուտ խոսելու արվեստը, վախեցնելը եւ այլն, եւ այլն:



Այս կարգը, սակայն, ժողովուրդը չի սահմանել, նախագահներն են սահմանել, կուսակցություններ են բացել, իրենց համար փողատերերից քաղաքական հենարաններ են ստեղծել, դաշտի քաղաքական քարտեզներ գծել իրենց քիմքին ու ճաշակին համեմատ: Մեղքի զգացում չունե՞ն, արդյոք, մեր երեք նախագահները: Առաջինի քաղաքական հենարանը, պարզվեց` գեղի կլուբ է եղել, երկրորդինը` ՀՀԿ-ԲՀԿ միջկուսակցական ինչ-որ բիոմասսա, երրորդինը` Աստված գիտի, թե ինչ է, մանավանդ, եթե հաշվի առնենք վերջին ուրախ կլիպը, որից նույնիսկ Նժդեհի արձանն էր դուրս մնացել:



Այո, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտար այս ամենը, եթե չլինեին այն փոփոխությունները, որոնք Ռոբերտ Քոչարյանը շարունակում է սխալ համարել: Հիմա գոնե հասկանալի է, որ այլեւս փողով ու զոռբայությամբ հանրապետական մասշտաբի քյոխվա չենք ընտրելու: Դա արդեն չարյաց փոքրագույնն է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ