Ասքանազ, ինձ մի կիլո բուկլետ տուր

Ասքանազ, ինձ մի կիլո բուկլետ տուր

Մրգավաճառ Ասքանազը մեր բակի ամենասպասված հյուրն է: Հարևաններն առավոտյան իրար բարևելիս հարցնում են.



-Շողիկ, չգիտե՞ս, Ասքանազն էսօր գալո՞ւ է:



-Վայ, չէ, չգիտեմ, սպասիր Ցողիկին զանգեմ, նա կիմանա:



Որ իմանում էին Ասքանազը չի գալու, մի տեսակ տխրում էին բոլորը: Դե արի ու գնա խանութից թանկուկրակ կարտոֆիլ, խնձոր, սոխ առ...



Միայն թանկուկրակը չէր հարցը: Ասքանազի հետ առևտուրը լավ էր ստացվում, ասել-խոսելով, կատակելով: Ասքանազը հատ-հատ գիտեր, թե միրգն ու բանջարեղենը որ գյուղինն է, նույնիսկ՝ ում այգունն է: Դե իսկ մեր հարևաններն էլ հումորի զգացում ունեն, որ էլ չասելու:



-Ասքանազ, էս նարինջը Դդմաշենի ա՞...



Ինչո՞ւ հանկարծ քարոզարշավի այս թեժ փուլում Ասքանաին հիշեցի:



Այսօր առավոտյան, տեսնելով, որ Ասքանազը եկել է, իջա բակ՝ մի երկու բան առնելու: Կանայք, ինչպես միշտ, ճվճվալով, իրար խանգարելով տոպրակներն էին լցնում: Կարգն է այդպես: Սկզբում լցնում են տոպրակները, հետո տոպրակներով հերթ կանգնում, որ Ասքանազը կշռի, իրա փողն առնի: Կարծում եմ՝ հարկ չկա ասելու, որ հերթում կանգնածների ճվճվոցն էլ պակաս չէր... Մի խոսքով՝ կիրակի առավոտ էր, մեր բակի կիրակնօրյա առավոտներից մեկը:



Տղամարդիկս ավելի զուսպ ենք: Մենք մի կողմ քաշված՝ ոտքներս կախ ենք գցում, որ կանանց երամը մի քիչ նոսրանա: Սիրուն էլ չի լինի, չէ՞, մտնել կանանց մեջ և կարտոֆիլ ջոկել կամ խառը կանաչի փնտել համեմի, սոխի, սամիթի կույտի տակ: Եվ ահա, սպասում էի որ նեղություն անող «գարաժում» (առևտուրը մեր հարևան Շմավոնի ավտոտնակում է եռում), տեղ բացվի, մեկ էլ տեսնեմ՝ մեր հարևան կանանց տոպրակներում, կարտոֆիլի, սոխի, բանանի, կիվիի, կաղամբի, բազուկի, գազարի մեջ խրած՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նկարը: Սկզբում աչքերիս չհավատացի, բայց նայեմ՝ չէ, ինքն է, դա նրա միակ, ամենահայտնի լուսանկարն է, որ ունեն բոլոր թերթրը՝ վերցված նախընտրական ցուցանակներից:
Հետաքրքրասիրությունից դրդված՝ մոտեցա Ասքանազի վաճառասեղանին ու մարդկանց արանքով նայում եմ: Տեսնեմ՝ Ասքանազը ամեն հաճախորդի տոպրակի մեջ մի հատ բուկլետ է խրում՝ Ռոբերտ Սարգսյանի նկարով ու ասում՝ կկարդաք, որ նրան ընտրեք, ՀՀԿ ա…



Պետք էր Հակոբ Պարոնյան լինել այս պահի ողջ կոմիզմը ներկայացնելու համար: Մասիսցի մրգավաճառ Ասքանազը եկել, Երևանի Ավան վարչական շրջանում քարոզում է Ավանից արդեն մեկ անգամ պատգամավոր ընտրված Ռոբերտ Սարգսյանին... Ու ոնց է քարոզում՝ բուկլետը խրելով կարտոֆիլի տոպրակի մեջ:



Ասում են՝ գովազդը բիզնեսի շարժիչ ուժն է: «Երևան սիթիում» մեր տոպրակների մեջ զանազան գովազդներ են դնում՝ սպասվող զեղչերի, նոր ապրանքների, հավատարիմ հաճախորդներին սպասվող անակնկալների մասին: Նպատակը՝ առևտուրը զարգացնելն է: Ասքանազի պարագայում դժվար էր հասկանալը՝ Ռոբերտ Սարգսյա՞նն է նպաստում Ասքանազի բիզնեսին, թե՞ Ասքանազի բիզնեսն է նպաստում Ռոբերտ Սարգսյանի առաջընթացին:



Մեր շենքի տակ Ռոբերտ Սարգսյանի շտաբն է: Շտաբի ակտիվիստները, որպեսզի փող չծախսեն իրենց թեկնածուին քարոզելու համար, որոշել են Ռոբերտ Սարգսյանի բուկլետները ցրել առևտրի ցանցի աշխատողների ուժերով: Ընդգրկվել են բոլորը՝ սուպերմարկետներից սկսած՝ վերջացրած մեր սիրելի Ասքանազով:
Հանկարծ հարևանուհիներիցս մեկը ծղրտաց.



-Ասքանազ, ինձ դրանից չտաս:



-Խի՞, այ Սիրուշ տոտա, ՀՀԿ-ն ա:



-Ասի՝ չտաս...



-Կկարդաք, էլի...



-Տար դու կարդա, որ լավ ճանաչես,- ասց Սիրուշն ու տոպրակները հավաքեց



Ասքանազը թթվեց.



-Լավ բանն էլ չի անցնում:



Հերթը հասավ ինձ:



-Ասքանազ, բուկլետն ի՞նչ արժե,- հարցրեցի լուրջ:



-Հեչ, ձրի ենք տալիս:



-Հա՞, դե ինձ մի կիլո տուր:



Ասքանազը շփոթվեց.



-Ո՞նց մի կիլո, հատով եմ տալիս:



-Չէ, ինձ մի կիլո տուր, թե ունես, մի կիլո էլ Միհրան տուր:



-Միհրանն ո՞վ ա:



-Միհրա՞նը: Միհրան Պողոսյանին չես ճանաչո՞ւմ, ՀՀԿ ա: Մյուս գալուդ Միհրան էլ կբերես: Տեսականին պետք է առատ լինի, Ասքանազ ջան, որ առևտուրը լավ գնա:



Ասքանազը ձեռք տարավ գլխի հետևը, սկսեց քորել:



Փողը տվեցի ու ոտքս կախ գցեցի... Ասքանազն էլ էր ոտքը կախ գցել: Չէր կարողանում որոշել՝ իմ տոպրակի մեջ Ռոբերտ դնի՞, թե՞ չդնի...



Էդիկ Անդրեասյան