Կա այդպիսի պատերազմ` ռեյտինգային

Կա այդպիսի պատերազմ` ռեյտինգային

Առավոտյան բակում ՀՀԿ-ական հարեւանիս տեսա: Ինքը միշտ շուտ է արթնանում, երեւի բոլորից շուտ: Մեր շենքի պատասխանատուն է կարծեմ` ՀՀԿ-ի գծով: Կրծքանշանով-բանով, քֆուրչի… Մի խոսքով` իսկական ՀՀԿ-ական: Դաշնակցության մասին շատ պատմություններ գիտի խորհրդային դասագրքերից: Որ լավ բացվում է` Նժդեհին էլ չի խնայում: Երբեմն անհույս փորձեր եմ անում նրան կանգնեցնելու, իսկ նա ձայնն ավելի է գլուխը գցում, քֆուրներն ավելի թունդ են դառնում:



- Լսե՞լ ես, Սարգիսը մեռել է:



Սա մեռնողների հանդեպ մի տեսակ ակնածանք ունի: Վաղուց եմ նկատել եւ փորձում եմ այդկերպ հանդարտեցնել նրան:



- Սարգիսն ո՞վ ա,- կտրուկ արգելակում է հարեւանս:



- Է՛էէն 9 հարկանու:



- Սարգիս, Սարգիս, Սարգիս… վայթե Սերոժ էիր ուզում ասել, Էդ շենքում Սերոժն էր հիվանդ…



- Հա, երեւի Սերոժ…



Ընկնում է մտքերի մեջ: Մինչ նորից ուշքի կգա, ես նրան եմ տալիս Դաշնակցության նախընտրական պլատֆորմը.



- Վերցրու, կկարդաս, բաժիններով, ոլորտներով` հատ-հատ ամեն ինչի մասին գրված է:



- Էս ե՞րբ եք հասցրել, մերոնք դեռ չեն բերել,- վերցնում է բուկլետը` մտքերով դեռ Սերոժի հետ…



Այս առավոտ ՀՀԿ-ական հարեւանիս բարեւեցի ու հայտնեցի հերթական լուրը «ֆրոնտից».



- Լսե՞լ ես, ձերոնք Ապարանի կողմերում ԲՀԿ-ի շտաբի պետին են դանակահարել:
Չզարմացավ, ուրեմն` լսել էր: Հետո մի տեսակ ջղային սկսեց մենախոսել.



- Ինչի՞, մենակ Ապարա՞ն: Բոլոր տեղերում էլ կռիվ է, ժողովրդին մասերի են բաժանել, թշնամացրել: Ես դրանց հոր սաղ ու սատկածը… Ամոթ ա, էլի…



Ես ակամա պատուհանների կողմը նայեցի: Ջահել հարսներն այդ ժամերին բաց պատուհանից իրենց երեխաներին դպրոց են ճանապարհում: Հո չլսեցի՞ն…
Սա քֆուրների շարանը վերջացնելուց հետո անցավ մեղավորներ փնտրելուն ու հասավ



Դաշնակցությանը.



- Սաղ դուք եք մեղավոր:



- Մե՞նք:



- Հա, դուք չե՞ք էս ամեն ինչի հեղինակը, նոր սահմանադրություն, նոր ձեւի ընտրություն…



Պահ` ռեյտինգային… հային հայի դեմ հանեցիք:



- Ներողություն, բայց ռեյտինգայինը մենք չենք հորինել, դա ձեր գործն է, ձերոնց պնդումով է եղել: Մեկ էլ` մինչեւ այդ էլ էիք մորթում իրար, մոռացե՞լ ես:



Նեղն ընկավ: Մամուլն առավոտից երեկո քննադատում է ՀՀԿ-ին, մեղադրում, որ նույնիսկ կուսակցության ղեկավարների հորդորները` իրար եւ մյուսներին չուտելու ուղղությամբ, տեղ չեն հասնում: Ժողովուրդը փոխվել է մի տեսակ, էլ առաջվանը չէ, դրսից հազար աչք է նայում այս ամենին: Հիմա էլ այս նոր դեպքը` դանակահարություն ընտրությունների հողի վրա, եւ ՀՀԿ-ն անպակաս է դարձյալ:



- Այսպես չի լինի, ժողովուրդն ընդհանրապես երես կթեքի, դրանով հակակրանք են առաջացնում,- ավարտեցի միտքս:



Նայեց ուղիղ աչքերիս մեջ ու, մի տեսակ ընկճված, ասես ներողություն խնդրեր, ասաց.



- ՀՀԿ-ն ի՞նչ անի, ախր: «Ուռոդներ» կան, որ մի-մի գազան են դարձել, հիմա էլ պատվի հարց է, պետք է ձայն հավաքեն, թե չէ կկորչեն: Դրանք ՀՀԿ-ի հետ, որ ուզում ես իմանալ, կապ էլ չունեն: Թաղի խուժան են, պպզող են, «խառոշի»: Հա, միշտ աշխատել են ՀՀԿ-ի համար, բայց հիմա իրենց անուններն են գրել ցուցակում, շտաբի պետ են դառել, կապները կտրել: Հեչ լավ չէ: Առաջ բոլորը վերեւից դրած մեկի համար էին աշխատում, հիմա` ամեն մեկն իր համար, ու ոչ ոք իր տարածքից մի ձայն էլ չի ուզում տալ ուրիշի:



Անցյալ օրը մեր թեկնածուներից մեկը պատռել էր կուսակցի նկարն ու իր նկարն էր կպցրել: Շտաբներով կռվի էին ելել, հազիվ բարիշացրինք: Սա լավ ձեւ չէ: Ժողովուրդն էլ է զարմացել:



- Համաձայն եմ, սա լավ ձեւ չէ: Հուսամ՝ մինչեւ մյուս ընտրություններ սրանից կհրաժարվենք, ու կմնա միայն համամասնականը: Կարեւորն այս ընտրություններում չխայտառակվելն է, խախտումներ թույլ չտալը, այլապես ավելի վատ կլինի: Պետք է բոլորը հասկանան, որ ապրիլի 2-ից հետո ոչինչ չի վերջանում, պետք է էլի իրար տեսնեն, բարեւեն, հաց կիսեն: Կյանքը հետո է սկսվում…



- Գիտե՞ս մեկ էլ ինչն է կատաղեցնում ռեյտինգայիններին՝ ղեկավարները հավասար աչքով չեն նայում նրանց: Իրենց հովանավորյալներին էլ են դարձրել թեկնածու, կուսակցականներին նրանց համար են աշխատեցնում, նրանց հարցով շահագրգռություններ կան:



- Էդ բաները կարո՞ղ ես ձեր շտաբում ասել:



- Որ չասեմ ` իրենք չգիտե՞ն: Մարդ կա` իր փողն է ծախսում, կաշվից դուրս է գալիս, բայց մեկ էլ տեսնում է, որ կուսակից ընկերները նույն շենքերում ուրիշ մարդու համար են աշխատում: Տանող` տանողի է: ՀՀԿ-ում այսպիսի բան չէր եղել:



- Մինչեւ փողը, զոռբայությունը չվերանա, մինչեւ գաղափարի կռիվ չլինի, ոչինչ չի փոխվի…



Այս խոսքիս վրա ձեռքը թափ տվեց ու առանց հաջող ասելու քայլեց ավտոտնակների կողմը: Բայց մեկ էլ շուռ եկավ ու.



- Բա ասում էիր Սերոժը մեռել ա: Հենա, ներքեւն ա…



- Ես Սերոժի անո՞ւն եմ տվել, ասել եմ՝ Սարգիսն է մեռել:



- 9 հարկանիում Սարգիս չկա, բոլորին հատ-հատ գիտեմ,- ասաց ու էլի շուռ եկավ:
Հանգիստ քայլեց 9 հարկանու կողմը, երեւի` Սերոժին տեսնելու:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ