Ամեն ինչ արվել է դիտորդներին խանգարելու համար

Ամեն ինչ արվել է դիտորդներին խանգարելու համար

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իր դիտարկումների վերջին ամփոփումներն է անում, հաշվետվություններ է պատրաստում վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ եւ առաջիկա օրերին ասուլիս կհրավիրի` հանրությանը ներկայացնելու համար։ Դրանք կուղարկվեն եվրոպական կառույցներին։ Իրավաբանական հարցերի պատասխանատու «Իրավունքի Եվրոպա միավորումը» բազմաթիվ բացահայտումներ է արել, որոնց մի մասը դեռ ճշգրտման փուլում է, բողոքներ է ուղարկել գրեթե բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներ։ Մենք զրուցեցինք կազմակերպության ղեկավար, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ։



- Նոր ընտրակարգը, որն այս անգամ կիրառվեց, ի՞նչ դրական նորույթ է պարունակում։



- Դրականը, միանշանակ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն էր, որի շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների փոխարեն քվեարկության կանխարգելումը։ Կարծում ենք, որ, բազմաթիվ մանիպուլյացիաներով հանդերձ, որոնք հետագայում կբացահայտվեն, մի լուրջ ձեռքբերում կա՝ Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների դեպքում այլ անձանց փոխարեն քվեարկություններն այս անգամ զանգվածային բնույթ չեն կրել։



- Իսկ կա՞ն ԸՕ դրույթներ, որոնք բարդացրել են դիտորդի գործը։



- Հետընթաց էր բողոքարկումը, որը 2011 թվականի օրենսգրքով էլ լուրջ պրոբլեմներ ուներ։ Դրա մասին բազմիցս բարձրաձայնել ենք, 2012 թվականին ենք առաջարկություններ ներկայացրել ԱԺ խմբակցություններին, ԸՕ վերջին քննարկումների շրջանում եւս փաթեթ ներկայացրինք, բայց մեր առաջարկները հաշվի չառան։ Միակ լուրջ դրական փոփոխությունն իշխանության կարծիքով եղել է այն, որ տարածքային հանձնաժողովներ ներկայացվող բողոքների համար նախատեսված ժամկետը երկարաձգվել է երկու ժամով, ու վերջին խումբ բողոքները մենք հնարավորություն ունեցանք տարածքային հանձնաժողովներ ներկայացնել նաեւ ամսի 4-ին, ժամը 9-ից 11։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավելացվել է մեկ ակնհայտորեն ավելորդ դրույթ՝ դիտորդներին ԿԸՀ-ի կողմից տրվող վկայականի պատճենը նրա կողմից ներկայացվող բողոքին կցելու պահանջը, ինչը ժամանակի անիմաստ վատնում է, որովհետեւ ԿԸՀ-ն ունի կազմակերպության կողմից որպես դիտորդ ներկայացված անձանց ցանկը։ Սա անիմաստ պահանջ է, որը դրվում է դիտորդի կամ նրա ներկայացուցչի համար բողոք բերելու լրացուցիչ անհնարինություն ստեղծելու նպատակով։



- Նախկինում Դուք բողոքում էիք, որ տարածքային հանձնաժողովների անդամները տարրական գրագիտություն չունեն, հիմա նրանք վերապատրաստվել են, ինչ-որ բան փոխվե՞լ է։



- Ոչ մի փոփոխություն ոչ գործելաոճում, որ պրոֆեսիոնալիզմի, ոչ էլ անկախության առումով։ Այդ բոլոր հանձնաժողովները տարիներ շարունակ խստիվ վերահսկվել են ԿԸՀ-ի կողմից։ Դրանցից որեւէ մեկը ԿԸՀ-ից անկախ ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Տարածքային հանձնաժողովների անդամների մասնագիտական ունակությունները թույլ չեն տալիս, որ մեր բերած բողոքները հավուր պատշաճի քննեն եւ դրանցով որոշումներ կայացնեն։ Նրանց համար որոշումների նախագծեր գրում է ԿԸՀ-ն ու հանձնում է նրանց՝ նույն ձեւակերպումներով, նույն հիմնավորումներով, որոնք նախադասություն առ նախադասություն կրկնվում են տարբեր տարածքային հանձնաժողովների տեքստերում։ Օրինակ, այդ որոշումներից մեկը, որը պահել ենք որպես ապացույց, ընդամենը որոշման կաղապար է։ Իրենք այն ստացել են եւ պետք է փոփոխեին, հարմարեցնեին իրավիճակին, բայց չեն կարողացել պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով եւ այդ շաբլոնը նույն տեսքով իրենց պատին են փակցրել։ Կամ՝ առավոտյան 10-ին-10։30-ին դուք հրավիրվում եք Վանաձոր կամ Գյումրի՝ նիստի, որը պետք է կայանա ժամը 12-ին։ Կամ՝ միաժամանակ տարբեր տարածքային հանձնաժողովներում նույն ժամի նիստեր են նշանակում, որ մենք չհասցնենք ներկայացուցիչ ապահովել, ու երբ հարցնում ես՝ ինչո՞ւ են նույն ժամի, խոստովանում են, որ ԿԸՀ-ից են ասել։



- Իսկ նիստերի մասին նորմալ ծանուցվո՞ւմ էիք։



- Բացառությամբ մի տարածքային հանձնաժողովի, մնացած 37 հանձնաժողովներ բողոքներ ենք ներկայացրել, բայց բազմաթիվ հանձնաժողովներ մեզ ոչ ծանուցել են այդ նիստերի մասին, ոչ էլ մենք ենք հնարավորություն ունեցել մասնակցել դրանց։ Ենթադրաբար, այդ նիստերը կամ արել են, կամ չեն արել, դրանք կամ հրապարակել են որոշումները, կամ ոչ, համենայնդեպս, մեզ դրանք հասանելի չեն եղել։ Մեկ այլ պրոբլեմ՝ մենք, այդուհանդերձ, բոլոր տարածքային հանձնաժողովներում ամսի երկուսից մինչեւ ամսի 7-ը ներառյալ ունեցել ենք դիտորդներ, նրանք հերթափոխով աշխատել են, բայց այդ բոլոր օրերի ընթացքում հանձնաժողովներից նրանց տուն են ուղարկել, ասելով՝ մենք նիստ չենք անում, դուք այստեղ անիմաստ եք։ Մինչդեռ իրենք ստացել են մեր բողոքները։



- Որոշումների հասանելիության մասին ի՞նչ կասեք, դա էլ է միշտ պրոբլեմ եղել, այս անգամ ի՞նչ վիճակ էր։



- Ըստ օրենքի, որոշումը պետք է կախվի տարածքային ընտրական հանձնաժողովի պատին՝ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, նշանակում է, որ այդ 24 ժամը դիտորդը, որը բողոք է ներկայացրել, պետք է կանգնի պատի տակ, տեսնի, թե երբ են այն կպցնում, որ սկսի բողոքարկման գործընթացը։ Միշտ չէ, որ դրանք դրսի պատեր են։ Տարածքային հանձնաժողովի պատը կարող է լինել դպրոցի կամ, ասենք, քաղաքապետարանի շենքի ներսի պատ, որը ոչ աշխատանքային օրերին կարող է հասանելի չլինել դիտորդի համար։



- Տպավորություն է, որ օրենսդրությունը մշակելիս լուրջ չեն վերաբերվել դիտորդի ինստիտուտին, չեն պատկերացրել, որ մի օր այն լուրջ դեր է ունենալու։



- Ավելի ճիշտ՝ ամեն ինչ արվել է դիտորդական կազմակերպություններին իրենց առաքելությունն իրականացնելու հնարավորությունից զրկելու համար։ Քանի որ դրանք եւ «Քաղաքացի դիտորդը» հատկապես սկսեցին շատ անհանգստացնել իշխանություններին, օրենսդրությունը ներառեց դիտորդների դեմ ուղղված սահմանափակումներ։ Մասնավորապես, նրանց տեղամասերից դուրս հանելու, ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը սահմանափակելու մասին դրույթը։ Այն ուղղված է կոնկրետ «Ասպարեզ» ՀԿ-ի դեմ, որը «Քաղաքացի դիտորդի» անդամ է եւ մեծ թվով ներկայացուցիչներ էր ուղարկում տեղամասեր։ Մեր նախաձեռնությունն է ու հատկապես «Իրավունքի Եվրոպա միավորումը», որոնք ունեն իրավաբանական կարողություն, հետեւողականություն, պրոֆեսիոնալ թիմ, ու դրա համար բողոքարկման մասով ավելացված կամ անփոփոխ մնացած սահմանափակումներն այս կառույցի դեմ են։



- Ճի՞շտ է, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշել է նաեւ «Քաղաքացի դիտորդի» արձանագրած խախտումները։



- Այո, այդ տվյալները նաեւ քաղաքական կուսակցությունների համար են բաց, եւ սա նորություն չէ։ Եվրոպական երկրներում սա ընդունված պրակտիկա է։ Եվրադատարանում տարբեր պետությունների, օրինակ, Ադրբեջանի դեմ քննվել են գործեր կուսակցությունների կամ մեծամասնական թեկնածուների տարած բողոքներով, որոնք հիմնված են եղել անկախ դիտորդների դիտարկումների վրա, եւ Եվրոպական դատարանը ճանաչել է այդ կուսակցությունների ընտրվելու իրավունքի խախտում։ ՀԱԿ-ն այդ առումով ունի շատ լավ հեռանկար Եվրոպական դատարանում, ու լավ է, որ այդ հնարավորությունից օգտվել է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ