Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել է ՍԴ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել է ՍԴ

Ապրիլի 14-ին, երեկոյան ժամը 18։00-ին լրանում էր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները հրապարակել է ապրիլի 8-ին, իսկ ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում կարելի է բողոքարկել դրանից հետո 5 օրվա ընթացքում։ Երեկ, մինչեւ վերջին րոպեն, կուսակցության գրասենյակում աշխատում էին բողոքի վրա։ ԱԺ-ում բրիֆինգի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ բավականին ծավալուն փաթեթ է ստացվել․ «Դիմումում ներկայացված բոլոր փաստերը, որոնք 10 անքուն գիշերվա աշխատանք են, այնուհետեւ դրանք կհրապարակվեն մամուլում»։ Կոնգրեսը չի շտապում ամբողջությամբ բացահայտել իր դիմումի հիմքերը՝ օբյեկտիվորեն զգուշանալով, որ իշխանությունները կարող են նախապատրաստվել եւ հակադարձել իրենց փաստարկներին։ Մեր տեղեկություններով, այն ներառում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած ընտրությունների օրվա նշանակումից, որը դիմումատու դաշինքը հակասահմանադրական է համարում, վերջացրած ընտրակաշառքի բաժանման մասին վկայող ապացույցներով։ Դրանց թվում է նաեւ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպում» հրավիրված ժողովի ձայնագրությունը։



ՀԱԿ դիմումն ընտրախախտումների մոտ 200 ապացույց է պարունակում, այդ թվում՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից արձանագրված։ 114 կրթական հաստատությունների տնօրենների ձայնագրությունը եւս ներառված է ապացույցների մեջ։ Այս ձայնագրությունները վկայում են, որ ողջ պետական մեքենան, վարչական ռեսուրսը գործի է դրվել ընտրողների վրա ներազդելու համար։ Դիմումին կցված են նաեւ ԱԺ որոշ պատգամավորների հայտարարություններն ընտրակաշառքի մասին՝ Սամվել Ալեքսանյանի, Հերմինե Նաղդալյանի, Արտակ Սարգսյանի, Առաքել Մովսիսյանի, նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի։ ՀԱԿ-ՀԺԿ բողոքը ՍԴ-ում ներկայացնելու են իրավաբաններ Տիգրան Եգորյանը եւ Վահե Գրիգորյանը, որը հատուկ այդ նպատակով Լոնդոնից այսօր ժամանելու է Երեւան։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ