Ինչո՞ւ Ոստիկանությունը հանրությանը չէր տեղեկացնում ռուս զինծառայողի անհետացման մասին

Ինչո՞ւ Ոստիկանությունը հանրությանը չէր տեղեկացնում ռուս զինծառայողի անհետացման մասին

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ արդեն մի քանի օր է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել: Քաղաքացիներից ոմանց պնդմամբ՝ զինվորական ոստիկանները Գյումրու 8-րդ թաղամասում տեղակայված հիմնարկներից պահանջել են ներքին տեսագրման սարքերի նկարահանումները:



Լուրն ստուգելու համար փորձել էինք կապվել Ոստիկանության Գյումրու բաժանմունքների, նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին:



Ընդամենը րոպեներ անց, սակայն, РИА Новости գործակալությունը, հղում կատարելով ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը, պարզաբանումներ ներկայացրեց Գյումրու 102-րդ ռազմական բազայից անհետ կորած ռուս զինվորականի մասին: Ըստ հաղորդման, անհետ կորած զինվորականը պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովն է, ով ապրում է հանրակացարանում և անհետացել է գնումներ կատարելու նպատակով խանութ գնալուց հետո:



Այս ողջ պատմության մեջ անհասկանալի է միայն, թե ինչու էին հայ իրավապահները ընդհատակ անցել և հանրությանը չէին տեղեկացնում ռազմաբազայից ռուս զինծառայողի անհետացման մասին: