Ինչ իդեաներով են ԱԺ գնում նորեկ պատգամավորները

Ինչ իդեաներով են ԱԺ գնում նորեկ պատգամավորները

Վեցերորդ գումարման խորհրդարանը թեպետ որոշ չափով մաքրվեց ՀՀԿ-ի օդիոզ դեմքերից, այդուհանդերձ, կձեւավորվի հնի «կմախքի» վրա։ ՀՀԿ-ն, հակառակ խոստումների, ցուցակի անցողիկ հորիզոնականներում տեղավորեց նախկին պատգամավորներին՝ մի քանի բացառությամբ․ նորերը հետին հորիզոնականներում են ու խորհրդարան, ըստ ամենայնի, մուտք չեն գործի։ Այդուհանդերձ, նոր խորհրդարանին թարմություն կհաղորդեն մյուս խմբակցությունները։ 



Մինչ ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան դաշինքի» ղեկավարները կորոշեն, թե ում տանեն խորհրդարան, ում ինքնաբացարկի դիմումն ստորագրեն, տեսնենք, թե ովքեր են նորեկները, որոնք, ընտրությունների արդյունքներով, պատգամավոր են դարձել։ Այսպիսով, ՀՀԿ-ի նորաթուխ օրենսդիրներն են՝ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որին, ամենայն հավանականությամբ, կնշանակեն պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Վարչապետի մամուլի հարցերով խորհրդական Շուշան Սարդարյանը, որը երկար տարիներ եղել է «Գազպրոմի», ապա Երեւանի քաղաքապետի խոսնակը, այսինքն՝ որտեղ Կարեն Կարապետյանը, այնտեղ Շուշոն, ինչպես վարչապետն է նրան հարազատաբար դիմում, բազմիցս ներգրավված է եղել ՀՀԿ-ի ընտրական կամպանիաներում ու մասնակցել է քարոզչության համակարգման աշխատանքներին, բայց այժմ ինքն է պատրաստվում պատգամավորի աթոռ զբաղեցնել։ Թեեւ լուրեր կան, որ հնարավոր է նախընտրի գործադիրում աշխատանքը։ Մյուս նորեկը Վահան Հարությունյանն է՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականը, որի անունը հայտնվել էր Պանամայի օֆշորային փաստաթղթերում։ Նորեկների շարքում կլինի նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, թեպետ նրա մասին էլ են ասում, որ հնարավոր է գործադիր գնա։ ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերում են նաեւ երիտհանրապետական Միհրան Հակոբյանը՝ «Արարատ» հեռուստաընկերության տնօրենը, որը լայն հանրությանը հայտնի է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» «սատկացնելու» կոչերով։ Ինչպես նաեւ ՀՀ նախագահի նախկին խոսնակ, ներկայում Հանրային ռադիոյի ղեկավար Արման Սաղաթելյանը։ Կանանց գվարդիան էլ կհամալրվի սոցապփոխնախարար Ջեմմա Բաղդասարյանով, որն առաջին տիկնոջ մտերիմներից է։



Արդյո՞ք նոր իդեաներով են խորհրդարան գնում նորեկները, թե՞ կոճակ սեղմող մի բրիգադին փոխարինում են մեկ ուրիշով, դեռեւս վաղ է ասել։ Թեկնածուներն էլ դեռեւս չեն ցանկանում մանրամասնել իրենց ծրագրերը, եթե, իհարկե, ունեն։ Ջեմմա Բաղդասարյանը վստահեցրեց, որ նոր իդեաներ շատ ունի, բայց դեռ կսպասի, մինչեւ ստանա պատգամավորական մանդատը։ «Այո, անցել եմ, բայց սպասեք՝ կխոսենք»,- ասաց նա։ Միհրան Հակոբյանն ասաց, որ թիմային աշխատանքի կողմնակից է․ «Անհամեստ հայտարարությունների կողմնակիցը չեմ, այդ պատճառով այս պահին չեմ ասի, թե պատրաստվո՞ւմ եմ այս կամ այն փոխել: Թիմային աշխատանքի կողմնակից եմ, ուստիեւ ակտիվորեն կմասնակցեմ նախագծերի մշակմանը, քննարկմանն ու նոր գաղափարների ստեղծման գործընթացին»։ Իսկ նոր գաղափարներ ունի՞։ «Այո, եւ դրանք շատ են: Ուղղակի չեմ ցանկանում այս պահին խոսել դրանց մասին: Երբ խորհրդարանը պաշտոնապես ձեւավորվի, աշխատանքները մեկնարկեն, հենց այդ ժամանակ էլ կխոսենք»: Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքում երբեմն հակաարեւմտյան գրառումներ է կատարում, հարցրինք՝ կարելի՞ է եզրակացնել, որ ինքը պրոռուսական գործունեություն է ծավալելու։ «Իհարկե՝ ոչ: Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, տեխնոլոգիական առաջընթացն արեւմտյան քաղաքակրթության կարեւորագույն ձեռքբերումներն են: Ո՞ր մի ադեկվատ քաղաքական գործիչը կարող է դեմ լինել այդ արժեհամակարգին: Ըստ իս, «արեւմտամետներն ընդդեմ ռուսամետների» բանավեճ մեր քաղաքական դաշտում կամ հայկական քաղաքական ընկալումներում ուղղակի չկա: Դա բավականին մանկամիտ բանավեճ կլիներ: Եվ մի կարեւոր հանգամանք՝ պետական-քաղաքական գործիչը չպետք է լինի արեւմտամետ, ռուսամետ կամ չինամետ, նա պետք է պետականամետ ու ազգամետ լինի: Վստահության քվե տված քաղաքացիները մեզ չեն գործուղում Ազգային ժողով այս կամ այն պետության կամ աշխարհաքաղաքական ճամբարի շահերն սպասարկելու համար, մեզ գործուղել են խորհրդարան մեր պետության եւ ժողովրդի շահերը պաշտպանելու, առաջընթաց ու զարգացում ապահովելու համար»,- հակադարձեց նա։



«Ծառուկյան դաշինքում» ավելի են գերակշռում նոր անունները, սակայն դեռ վերջնականապես որոշված չէ, թե ով է գնալու խորհրդարան, վերջին խոսքը Գագիկ Ծառուկյանինն է։ Ըստ լուրերի, ցուցակի մինչեւ 32-րդ հորիզոնականն զբաղեցնող բոլոր կանայք, որոնք ութն են, մտնելու են ԱԺ։ Մեծ մասը նոր անուններ են՝ Ծառուկյանի խոսնակ, «Կենտրոն» ՀԸ լրատվական բաժնի ղեկավար Իվետա Տոնոյանը, Լուիզա Սարգսյանը, որը Ծառուկյանի մարզական ընկերոջ, մարզչի դուստրն է, Մարինա Մարգարյանը՝ ԵՊԲՀ դասախոս, Շաքե Իսայանը՝ ԲՀԿ երիտթեւից, 28-րդ համար Այծեմնիկ Օհանյանը՝ ԲՀԿ անդամ, 2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, մասնագիտությամբ բժիշկ, «Ա․ Օհանյան» ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։ Աննա Մարգարյանը՝ ԲՀԿ անդամ, «Գառնիի թիվ մեկ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Չի բացառվում, որ խորհրդարան անցնի նաեւ 36-րդ համար Նորա Առուստամյանը, որը Գագիկ Ծառուկյանի օգնականն է։ Խորհրդարան անցած նոր դեմքերից են նաեւ Իշխան Զաքարյանը՝ ՎՊ նախկին նախագահ, Վարդեւան Գրիգորյանը՝ Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, Ծառուկյանի երկու փեսաներ Արգամ Աբրահամյանն ու Դավիթ Մանուկյանը։ Մեզ չհաջողվեց խոսել դաշինքի նորեկների հետ, միայն համառոտ մեկնաբանություն լսեցինք Շաքե Իսայանից։ «Որպես դաշինքի անդամ, բնականաբար, առաջնորդվելու եմ դաշինքի նախընտրական ծրագրով եւ հատկապես այն կետերով, որոնք վերաբերում են երիտասարդներին»,- ասաց նա՝ վաղ համարելով նախագծերի ու իդեաների մասին խոսելը։



«Ելք»-ի 9 պատգամավորներից 7-ը նորեկներ են։ «ՔՊ» անդամ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցինք իր գաղափարների մասին։ Պարզվեց՝ նա խորհրդարանի դարպասները «բացելու» ցանկություն ունի․ «Առաջին հերթին ուզում եմ նախաձեռնել, որ ԱԺ դարպասները բացվեն, եւ այգին բաց լինի բոլորի համար, ընդհանրապես, հանվեն ցանկապատերը»։ Իսկ օրենսդիր ոլորտում ամեն ինչ անելու է ՀՀԿ մեծամասնության դիմադրությունը կոտրելու համար․ «Մեր առջեւ խնդիր ենք դրել օրենսդրական այնպիսի նախագծեր շրջանառության մեջ դնել, որոնք ՀՀԿ մեծամասնությունը կամ ընդհանրապես չի ցանկանա, կամ դժկամությամբ կընդունի, չընդունելու դեպքում էլ հանրության վերաբերմունքին կարժանանա, այսպես՝ ոլորտ առ ոլորտ փոխենք»։



ՀՅԴ 7 հոգանոց խմբակցությունում 5-ը նոր դեմքեր են։ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Արմավիրից ընտրված գործարար, «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ տնօրեն Անդրանիկ Կարապետյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ընկերոջ՝ Զարզանդի որդին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Մանուկյանը, ՎՊՀ դոցենտ Արմենուհի Կյուրեղյանը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ