Պատգամավորի «մշտական» ունեցողները

Պատգամավորի «մշտական» ունեցողները

Հակառակ խոստումներին, որ նոր ձեւավորվող խորհրդարանում ՀՀԿ-ն ներկայանալու է նոր, երիտասարդ կադրերով, վեցերորդ գումարման ԱԺ-ում մեծ թիվ են կազմելու նաեւ ՀՀԿ հնաբնակները։ Մարդիկ, որոնք կարծես խորհրդարան մուտքի «մշտական տոմս» ունեն, կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում, նրանց «պորտն Ազգային ժողովում են կտրել»։ Այսպիսով, Հանրապետական խմբակցության հնաբնակների գվարդիան կառաջնորդի ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա դարձել է ՀՀԿ-ի սիմվոլը, «աղը», առանց որի թեւավոր խոսքերի ու երբեմն անհասկանալի հումորի դժվար է պատկերացնել կուսակցությունն ու խորհրդարանը։ Գալուստ Գրիգորիչը խորհրդարան է մուտք գործել դեռեւս 22 տարի առաջ ու այլեւս այնտեղից չի հեռացել։ Ի դեպ, այս օրերին ՀՀԿ վերնախավը քննարկում է 70-ամյա Սահակյանի ԱԺ գնալու հարցը, եւ որքան էլ հորդորում են հրաժարվել հօգուտ որդու, քանի որ «տնից մեկը» պատգամավոր կաշխատի, ըստ հավաստի տեղեկությունների, Գրիգորիչը թոշակի գնալու ցանկություն չունի՝ համառում է։ 1995-1999թթ․ նա ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից՝ որպես «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:1999-2003թթ. ԱԺ պատգամավոր է դարձել արդեն «Միասնություն» դաշինքից, համամասնական ընտրակարգով։ 2003-2007թթ. ԱԺ-ում նա նույնպես ներկայացված է եղել՝ դառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար: 2007-2012թթ. Գրիգորիչը նորանոր բարձունքներ է նվաճել՝ դառնալով ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: 2014թ. ապրիլի 29-ին էլ ընտրվել է Ազգային ժողովի նախագահ: 



«Անփոխարինելի» հնաբնակներից հաջորդը Գագիկ Մինասյանն է, նա այս անգամ էլ է ՀՀԿ ցուցակի բարձրադիր ու անցողիկ հորիզոնականներում՝ 13-րդն է։ Մինասյանը Գալուստ Սահակյանի հակապատկերն է՝ միշտ մռայլ, անժպիտ այս ՀՀԿ-ականը բոլոր ժամանակներում խուսափում է լրագրողների հետ շփումից, այդ պատճառով էլ գլխացավանքների մեջ գրեթե չի ընկել, «վտանգավոր» գոտիներում չի հայտնվել, հլու-հնազանդ ծառայել է կուսակցությանը, ակտիվ մասնակցել է օրինաստեղծ աշխատանքներին, ոչ մի անկանխատեսելի վարք չի դրսեւորել, ինչի պատճառով էլ կուսակցության համար գտնված պատգամավոր է։ Նա օրենսդիր աշխատանքի է անցել 1997-1999թթ․, եղել է «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1999-2003թթ․ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքից էր: Դեռեւս այդ ժամանակներից զբաղեցրել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ապրիլի 2-ին Գագիկ Մինասյանը հինգերորդ անգամ է մասնակցել ԱԺ ընտրություններին։



ԱԺ-ի հներից մեկն էլ Արա Բաբլոյանն է, նոր ձեւավորվող խորհրդարանի ամենատարեցը, 70-ամյա բժիշկը, «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, որը խորհրդարան մտել է 2007-2012թթ., դարձել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2012-ին եւս վերընտրվել է։ Անհասկանալի է, թե ինչու է 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի եւ 3 գյուտի հեղինակ Բաբլոյանը հիմնավորվել օրենսդիր մարմնում, թողնելով բժշկի հումանիստական, հետաքրքիր, եկամտաբեր մասնագիտությունը։ Թվում էր՝ սերնդափոխության մտայնությունն առաջին հերթին հենց Բաբլոյանին պետք է վերաբերեր, մանավանդ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր նրա որդին։ Սակայն Սերժ Սարգսյանը որոշեց, որ Բաբլոյանը պետք է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջատարներից լինի, եւ նրան, շատերի համար անսպասելի, գրեցին 4-րդ տեղում։ Թերեւս առաջնորդվել էին չվարկաբեկված, հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց ներգրավելու տեսլականով, սակայն նրա որդու՝ Արման Բաբլոյանի ձայները (2 հազար 298) ցույց տվեցին, որ հասարակության շրջանում Բաբլոյանների բարձր վարկանիշի մասին խոսակցությունները միֆ են։



Ստաժավոր ՀՀԿ-ականներից Սամվել Նիկոյանն այս անգամ եւս պատգամավորի մանդատ կստանա։ Նա էլ 2003-ից է ոտք դրել ԱԺ, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները ցանկալի հունով տանելուց հետո ԱԺ նախկին նախագահ Նիկոյանի առջեւ, ենթադրվում է, հավերժ «կանաչ լույս» է վառվելու։ Հենց այդ ծառայության դիմաց էր, որ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից գահընկեց արվելուց հետո Նիկոյանը մեկ տարով ԱԺ նախագահ դարձավ։



Խորհրդարանի հնաբնակների շարքում են նաեւ Էդուարդ Շարմազանովն ու Կարեն Ավագյանը։ Երիտհանրապետականները կուսակցության հարձակվողներն են, որոնք ճիշտ ժամանակին ու տեղում հակառակորդների «պորտը տեղն են դնում»։ Երկուսն էլ ԱԺ պատգամավոր են 2007-ից։



Կանանց բանակն առաջնորդում է Հերմինե Նաղդալյանը, բիզնես-լեդին 1995-ից խորհրդարանում է, վերջին գումարման ԱԺ-ում նա դարձավ փոխնախագահ՝ երկրի գենդերային առաջադիմությունը ցույց տալու համար կին էր պետք այս պաշտոնում։ Հնաբնակներից է նաեւ 2003-ից երեսփոխանի կարգավիճակ ունեցող Գագիկ Ծառուկյանը, նրանից անբաժանելի է Նաիրա Զոհրաբյանը, որը 2007-ից է պատգամավոր դարձել։ Համամասնական ցուցակի թեկնածուների մեծ մասը խորհրդարան կմտնեն առաջին անգամ, մի քանիսը՝ երկրորդ․ Վարդան Բոստանջյան, Կարինե Պողոսյան, Վահե Էնֆիաջյան եւ այլք։ ՀՅԴ-ից էլ Արմեն Ռուստամյանը չի զիջում կոալիցիոն գործընկերներին, նա 1999-ից խորհրդարանում է։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ