41 պատգամավոր առաջին անգամ են մտնելու խորհրդարան

41 պատգամավոր առաջին անգամ են մտնելու խորհրդարան

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նորընտիր պատգամավորներին փոխանցեց պատգամավորական մանդատները․ վեցերորդ գումարման խորհրդարանի 105 պատգամավորներից 41-ն առաջին անգամ է պատգամավոր դառնում։



Իշխող Հանրապետականի 54 հոգանոց ֆրակցիայում առաջին անգամ պատգամավոր դարձածները 18-ն են՝ ներառյալ ազգային փոքրամասնության երեք ներկայացուցիչները։ Նորեկներն են՝ Հրայր Թովմասյանը, Շուշան Սարդարյանը, Գեւորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը, Ալիկ Սարգսյանը, Նաիրի Սահակյանը, Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը, Անդրանիկ Հարությունյանը, Վահան Հարությունյանը, Ռուստամ Մախմուդյանը (եզդի), Կնյազ Հասանովը (քուրդ), Արսեն Միխայլովը (ասորի):
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի համար Ազգային ժողովը նոր աշխատատեղ չէ, անշուշտ․ նա 2014 թվականի մայիսին, երբ լքեց նախարարի պաշտոնը, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր։ Օրենսդիր աշխատանքում էլ թերեւս դժվարություն չի ունենա։ Իրավաբանության ոլորտում կուտակած փորձը լրիվ բավարար է օրինագծեր գրելու, մշակելու համար։



Խորհրդարանի մյուս իրավաբանը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է, ով նաեւ Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանն է ավարտել։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նա անցել է նախարարության բոլոր օղակներով՝ օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատուից մինչեւ նախարարի խորհրդական, աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ նախարարի տեղակալ: Որից հետո երկու տարի ՀՀ նախագահի օգնականն էր, կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի նախագահը, իսկ 2004–ից մինչ այժմ՝ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2011 թվականին՝ զինվորական, ապա գլխավոր դատախազի տեղակալ եւ 2013-ից մինչեւ 2016-ը՝ գլխավոր դատախազ։



Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանն իր կարիերան սկսել է ուսուցչուհու աշխատանքից՝1991-1994թթ. Երեւանի թիվ 114 դպրոցում հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել։ Աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 1998-2001թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի խմբի ղեկավար է եղել։ Իսկ 2001թ. սեպտեմբերից առայսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետն է, Կարեն Կարապետյանի՝ Երեւանի քաղաքապետ աշխատելու տարիներին էլ քաղաքապետի մամուլի քարտուղարն էր (համատեղությամբ)։



Դիվանագետի մասնագիտություն ունեցող երիտասարդ Միհրան Հակոբյանի կենսագրությունից քիչ բան է հայտնի, ՀՀԿ երիտկարիերիստը ներկայում «Արարատ» հեռուստաընկերության տնօրենն է, «Օպոնենտ» հաղորդումն է վարում, դասավանդում է ԵՊՀ-ում։ Հանրային ռադիոյի ղեկավար, նախագահի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը 1997-ին ավարտել է գյուղակադեմիան, ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունում: Աշխատել է ՀՀ պաշտպանության համակարգում՝ որպես քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար, «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես լրատվականի պետ։ 2001-ից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ Տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի (ամբիոնի) ղեկավարն է եղել։



Առաջին տիկնոջ ընկերուհի, սոցապնախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն աշխատանքային կարիերան սկսել է 1982-ից, սոցապնախարարությունից, երբ այն դեռ մինիստրություն էր կոչվում։ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աշխատանքային կենսագրությունն էլ կերտվել է ոստիկանության համակարգում, այն մեկ տարով ընդհատվել է Արարատի մարզպետի պաշտոնով՝1999-2000թթ․։ Ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո՝ 2011-ից, նախագահի խորհրդականն է։ Անկասկած, Ալիկ Սերգեյիչի ներկայությունն ավելի ուրախ է դարձնելու նորընտիր ԱԺ-ն։ Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի մասին էլ համացանցը բավականին վատ հիշողություններ է պահպանել․ 2010-2012 թթ. Գնումների աջակցման ՊՈԱԿ-ի պետն այդ պաշտոնից հեռացավ աղմկահարույց խորհրդակցությունից հետո, որը հրավիրել էր Սերժ Սարգսյանը՝ կառավարությունում կոռուպցիայի, մասնավորապես պետական գնումների եւ ատկատների թեմայով, հայտարարելով, որ կառավարությունը լավ չի աշխատում:



Դրանից կարճ ժամանակ անց աշխատանքից Հակոբ Բեգլարյանի ազատվելը վկայեց, որ ատկատների եւ պետական գնումների հետ կապված Սերժ Սարգսյանի դժգոհության գլխավոր պատասխանատուն նա է: Նա թերեւս խորհրդարանում հայտնվելու համար պարտական է եղբորը, որին չնեղացնելու համար էլ թույլ տվեցին, որ Հակոբ Բեգլարյանը Կենտրոնից առաջադրվի եւ անցնի ԱԺ։



Հարություն Կարապողոսյանին (Սնխչի Հարութ) մտերիմները գիտեն որպես լավ սնխչի՝ ժողովրդական բժիշկ։ Աստված չանի, որ խորհրդարանում նրա մասնագիտական հմտությունների կարիքը կլինի, բայց «մասնագետի» ներկայությունը գուցեեւ պետք գա։ Սնխչու կենսագրությունում կարդում ենք, որ նա Էրեբունու ավագանի է աշխատել։ Իսկ ՀՀԿ-ի ցուցակում հայտնվեց նաեւ որդու՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնապահի շնորհիվ։



Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը, անկասկած, դառնալու է նոր խորհրդարանի «էկզոտիկան»։ «Հայդուկ» ՀԿ ղեկավարը մի քանի անգամ է հայտնվել մամուլի էջերում ու ամեն անգամ ֆուրոր արել։ Նորեկներից մեկն էլ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, որը նախկին պաշտոնից դուրս եկավ օֆշորային հայտնի սկանդալի պատճառով։ Նա էլ է էկզոտիկների շարքից, միայն այն փաստը, որ որոշել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ «օգտագործել» ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների մայրերին, բավական է դա հասկանալու համար։



Սիսիանի նախկին քաղաքապետի որդու, ներկա քաղաքապետի եղբոր՝ Ավետ Սարգսյանի կենսագրությունն աղքատիկ է․ աշխատել է ՀԷԿ-երում, հիմա էլ «Հիդրո» ՍՊԸ-ն է ղեկավարում։ Գործարար Վարդանյաններն այս անգամ խորհրդարան են գործուղել երկու անձի՝ «Գրանդ տոբակո»-ի ֆինանսական գծով տնօրեն Գրիգոր Ավալյանին, որը ՀՀԿ-ից է առաջադրվել, եւ Արմեն Բաբայանին՝ ՀՅԴ-ի ցուցակով։ Անդրանիկ Հարությունյանը Կոտայքից է ընտրվել, «Գազպրոմի» աշխատակից է, Կարեն Կարապետյանի մտերիմը։ Վահան Հարությունյանը «Միկմետալ» ընկերության սեփականատերն է, Սերժ Սարգսյանի մտերիմը։ Սրանք ՀՀԿ նորեկներն էին։



«Ծառուկյան դաշինքում» 31 պատգամավորից 13-ն են առաջին անգամ պատգամավոր դառնում՝ Արգամ Աբրահամյան, Դավիթ Մանուկյան, Վանիկ Ասատրյան, Վարդան Ղուկասյան, Արտյոմ Ծառուկյան, Իվետա Տոնոյան, Շաքե Իսայան, Մարինա Մարգարյան, Լուիզա Սարգսյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Տատյանա Գրիգորեւա (ռուս)։



Հովիկ Աբրահամյանի որդի եւ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին շատերը գիտեն, արդեն մի քանի տարի Արտաշատի քաղաքապետն է։ Մյուս փեսան՝ Դավիթ Մանուկյանը, հայտնի է միայն հոր՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ու աներոջ շնորհիվ։ Վանիկ Ասատրյանը («Հավ» մականունով) մինչեւ մեկ տարի առաջ ՀՀԿ-ական էր, Սպիտակի նախկին քաղաքապետը, Լոռու մարզպետի տեղակալն է, մասնագիտությամբ տեխնիկ-մեխանիկ։ Գյումրու երկարակյաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ճանաչում են բոլորը, ի դեպ, նա հեղինակել է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության» գիրքը։ ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը Կենտրոն համայնքի թաղապետ է աշխատել, Սերգեյ Բագրատյանը՝ Վայոց Ձորի մարզպետ։ Մյուսները երիտասարդներ են՝ օրենսդիր եւ գործադիր աշխատանքում փորձ չունեցող։ Արթուր Մանուկյանը ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, Իվետա Տոնոյանը «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի տնօրենը, Ծառուկյանի մամլո խոսնակը, Շաքե Իսայանը ԲՀԿ երիտթեւից է, Լուիզա Սարգսյանը՝ դասախոս, Մարինա Մարգարյանը՝ բժշկականի դասախոս։



«Ելք» դաշինքի 9 հոգանոց խմբակցությունում 5-ը նորեկներ են, թեպետ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենիչը 2003-ին ընտրվել է պատգամավոր, բայց չի գնացել խորհրդարան եւ աշխատավարձը փոխանցել է մանկատներին, իսկ 2012-ին ՀԱԿ-ի ցուցակով ընտրվել է ու չի վերցրել մանդատը։ Սասուն Միքայելյանն էլ պատգամավոր է եղել 1999-2008 թթ․, երբ հայտարարեց համաժողովրդակայն շարժմանը միանալու մասին։ 2008թ. մարտի 4-ին ԱԺ համաձայնությամբ ներգրավվեց որպես մեղադրյալ «Մարտի 1-ի գործով» եւ կալանավորվեց։ Մանե Թանդիլյանը «Սինոփսիս» ընկերության գլխավոր հաշվապահն է։ Հայտնի իրավաբան Արտակ Զենյալյանը նաեւ գործադիրում աշխատելու փորձ ունի, նա կարճ ժամանակ առողջապահության փոխնախարար է աշխատել։ Լենա Նազարյանը լրագրող է, ակտիվիստ։ Գեւորգ Գորգիսյանը Մովսես Գորգիսյանի եղբորորդին է, Արարատ Միրզոյանը պատմական գիտությունների թեկնածու է։



ՀՅԴ 7 հոգանոց խմբակցությունում էլ նորաթուխները 4-ն են։ Երիտասարդ գործարար Անդրանիկ Կարապետյանն Արմավիրից է, գեներալ Մանվել Գրիգորյանի շրջապատից։ Ռոմիկ Մանուկյանը 2003-2007-ին Շիրակի մարզպետ է աշխատել։ Երիտասարդ Սուրեն Մանուկյանն Իջեւանի անտառտնտեսության տնօրենն է, Արմենուհի Կյուրեղյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ֆիզմաթգիտությունների թեկնածու, դոցենտ, ՎՊՀ դասախոս, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, Վանաձորի ավագանու անդամ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ