Կարենը չէր կարող ինքնասպան լինել

Կարենը չէր կարող ինքնասպան լինել

Ժամկետային զինծառայող, 18-ամյա երեւանցի Կարեն Ավետիսյանը մահացել է ապրիլի 25-ին։ Մորը՝ Ալվարդ Աբրահամյանին, միանգամից չեն ասել։ Նրան մի քանի օր հետո են ասել, երբ նա, շուկայից նոր վերադարձած, զբաղված է եղել ուտելիք պատրաստելով՝ Ղարաբաղում ծառայող որդուն տանելու համար։ «Ինձ համոզում եմ, որ Կարենը բանակում ա, ժամկետային զինծառայող ա, «Եղնիկներում», որ չգժվեմ»,- սա Ալվարդի համար ինքնապաշտպանության ձեւ է։ Այսպես է մտածում, որ չգժվի։ Թաղումն առանց տեսարանների չի անցել։ Ալվարդը մի քանի անգամ ուշաթափվել է։ Երբ տան բակում Կարենի մարմինը մեքենան են դնելիս եղել, քույրիկը ձեռքերն ազատել է իրեն ուղեկցող հարազատներից եւ, եղբոր անունը գոռալով, վազել դագաղի կողմը։ Զոհված զինվորի քեռին էլ բռունցքներով հարձակվել է ԼՂՀ զորամասից եկած ուղեկցողներից մեկի վրա, որն անզգուշություն է ունեցել ասելու․ «Կարենը զուգարան էր գնում, մի կես ժամ ուշ գնար, հիմա կենդանի կլիներ»։ Քեռուն եւ բոլորին զարմացրել է «ստարշինայի» ասածը։ Ուրեմն Կարեն Ավետիսյանն ինքնասպան չի՞ եղել, ինչպես ներկայացվում է։



Ինքնասպանության մասին գրել է քննչական վարչության կայազորային երկրորդ բաժնի պետի տեղակալ Ոսկանյանը՝ տղայի հարազատներին ուղարկված գրության մեջ, որից հետեւում է, որ ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանն ապրիլի 25-ին, առավոտյան հինգին իրեն ամրակցված գնդացրից իր ծնոտի շրջանում կրակոց է արձակել եւ ինքնասպան եղել։ Ոսկանյանի գրության մեջ այդպես էլ գրված է․ «Ինքնասպան լինելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով (ինքնասպանության փորձի դրդելը), եւ իրականացվում է վարույթ»։



Մեր տեղեկություններով, այս պահին գործով կալանավորված է 5 զինծառայող։ Այս վարկածը Կարենի հարազատներին ի սկզբանե կասկածելի է թվացել։ Նախ, տղան սպասել է ապրիլի 26-ին, երբ մայրը պետք է հանդիպեր իրեն եւ մեկ օր մնար իր հետ Ղարաբաղում, այս առիթով անհամբեր է եղել եւ ուրախ, հետեւապես, «ինքնասպանվելու» տրամադրություն հազիվ թե ունենար։ Երկրորդ․ փամփուշտը մտել է աջ ականջի տակից եւ դուրս եկել քունքից։ Ինքնասպանն այդպես չէր կրակի։ Եվ, ի վերջո՝ ինչպե՞ս է եղել, որ գնդացիրը, իբր, ականջի տակ դնելով, ընդամենը մեկ փամփուշտի վնասվածք է ստացել, որը մտել է ծնոտի կողքից ու դուրս եկել քունքից։ Ի վերջո, եթե նախաքննություն է գնում, եւ դեռ մահվան հանգամանքները պարզվում են, ինչո՞ւ են ծնողները տեղեկացվում, որ իրենց որդին ինքնասպան է եղել։ Այս հարցը եւ ուղեկցողի բառերը՝ «մի կես ժամ ուշ գնար, հիմա կենդանի կլիներ», վերջին կաթիլն են եղել, վերջին փաստարկը, որ Կարենի հարազատները վերջնականապես համոզվեն՝ տղային սպանել են։ Կարենի մայրը պատմում է, որ քննիչը եկել եւ իրեն տհաճ հարցեր է տվել։ «Ասում է՝ դու իրա խորթ մա՞յրն ես, աղջիկդ ուրիշի՞ց ա, դա քո երեխե՞ն չի, դու իրեն հունից հանե՞լ ես։ Ասեցի՝ ինչ կա չկա, կտամ գլխովդ։ Ուզում էին սարքեին, որ իմ խորթ երեխեն ա, ես իրան ոչ մի բան չեմ արել, վատ եմ վարվել, ու ինքն իրան սպանել է»։ Հարցրել են նաեւ՝ տղադ սիրած աղջիկ ունե՞ր։ «Ոչ մի սիրած էլ չուներ, չկա էդպիսի բան, ի՞նչ եք չեղած բաներ ման գալիս»,- զայրացած պատմում էր Կարենի հարազատներից մեկը։



ՀԳ․ «Լավ բանակ է՝ ասում են, բայց ոչ մի բան չեն տալիս զինվորներին, սնունդն էր մենակ լավ, մնացածը՝ շնուրոկից բռնած, տրուսիկ-մայկայով, թրաշվելու պրիբորից, բրիտվից, մենք էինք ուղարկում։ Ոջիլի դեղ էր ուզում, մեռանք ուղարկելով, էլի ոջիլը չէր վերանում։ Որ բերինք տուն՝ մարմինը մաքուր, գլադկի, մենակ ծնոտի կողքի վերքն էր՝ ձգել էին, սկոչով փակել, ու ոտքերը բշտիկ-բշտիկ էին եղել, երկու համար փոքր սապոգ էին տվել։ Ձեռներս գլխից չէի քաշում, դնում էի երեսին, դոշին»,- մղկտում էր մայրը։ Երբ Կարենի մարմինը տուն են մտցրել, միստիկ երեւույթներ են եղել։ «Լյուստրեն պայթեց, դրսի լվացքի պարանը պոկվեց։ Նույն պահին»,- վերհիշում է Ալվարդը։ Նա Կարենի հետ վերջին անգամ խոսել է մահից մեկ օր առաջ։ «Ասեց՝ մամա, որ գաս, վաֆլիով շոկոլադ կբերես։ Շատ էր սիրում քաղցրեղեն»։ Կարենի նկարի մոտ, մոմերի կողքին, կոնֆետներ էին դրված։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ