ԲԿ-ներում արտաքին կառավարում, իսկ նրանց վարկերը պետությունը սառեցնո՞ւմ է

ԲԿ-ներում արտաքին կառավարում, իսկ նրանց վարկերը պետությունը սառեցնո՞ւմ է

Եվ այսպես, լրացումներ կատարելով արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում, կառավարությունը գնաց քայլին, որի մասին տևական ժամանակ խոսվում էր, սակայն որն առ ժամանակ չէր հրապարակայնացվում։ Այսինքն, որ Հայաստանում բոլոր մասնավոր կլինիկաների ԲԿ կառավարումը կտրվի առողջապահության նախարարությանը. այդպես կլինի նաև հետագա արտակարգ դրությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ բժիշկ, Մխիթար Հերացու անվան  բժշկական համալսարանի ՈՒՀԱ նախկին թիմի անդամ Արմեն Գրիգորյանը գրել էր, որ Հայաստանի մասնավոր կլինիկաների տնօրեններին ու բժիշկներին, որ, «ահա, հիմա Արսեն Թորոսյանը եկավ բոլորիդ հետևից», ու ավելացրել․ «Նա արտաքին ղեկավարում է իրականացնելու բոլոր բուժական հաստատություններում, և կարծում եմ՝ այնտեղ կնշանակի, ինչը նա սիրում է անել, նախկին հարկային տեսուչների։ Քողարկվելով արտակարգ դրության և պարետի որոշումներով՝  նրանք մեկ ամսից կկազմաքանդեն ձեր կլինիկաները, քթները կմտցնեն ձեր հաշվապահություններ, քրեական գործերի հարուցման սպառնալիքներով և շանտաժով իրենց կենթարկացնեն ձեր կլինիկաները»։  

Կառավարության նիստին որոշման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանին զեկուցող  նախարար Արսեն Թորոսյանը մեղրի կարասն ընկածի հաճույքով արտաբերեց․ «Առաջարկվող փաթեթով առաջարկում ենք սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն իրականացնող և սպասարկում իրականացնող կազմակերպությունների՝ անկախ սեփականության ձևից, կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին։ Բացառությամբ՝ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների»։
Արտակարգ դրության ժամանակ բնակչության օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում են առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Իսկ այդ ԲԿ-ներում կորոնավիրուսային բուժման համար վերապատրաստման կուրսեր ու որակավորում չստացած բուժանձնակազմերի կողմից համապատասխան վերապատրաստում անցնելը պարտադիր է՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն։ 

Նախագծից դուրս Թորոսյանը նաև բացատրեց անհրաժեշտությունը, թե նման իրավիճակներում առաջանում է համակարգի կենտրոնացված կառավարման անհրաժեշտություն, որն ավելի օպերատիվ է և ավելի համահունչ իրավիճակին, քան «խաղաղ» պայմաններում գործող իրավակարգավորումները։
Ինչպես են ԲԿ-ներն արձագանքում Արսեն Թորոսյանի ներկայացուցիչների՝ իրենց հիվանդանոցները կառավարելուն։

Օրինակ՝ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը՝ որպես մասնավոր կլինիկայի սեփականատեր։ «Ես, ճիշտն ասած, չէի պատկերացնում, որ նման բան կարող է լինել։ Դե, քանի որ ընդունել են, կարծում եմ՝ մանրամասների հետ պիտի ծանոթանանք։ Արդյոք տնօրենի՞ փոփոխություն պիտի անեն, ի՞նչ են ասում։ Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկ ուրիշը գա, որևէ մեկի սեփականությունը տնօրինի, այսինքն՝ ինչպես հարկ կհամարի, էնձև էլ կանի․․․ մի քիչ դժվար եմ պատկերացնում։ Կան առողջապահական կազմակերպիչներ, որոնք նաև հիմնարկի տնօրեններ են․ նրանց փոխարինելու իմաստը ո՞րն է։ Իրենցից լա՞վ կառավարիչներ են գալու։ Մանավանդ որ առողջապահության համակարգում կառավարիչ՝ մասնագետների լուրջ խնդիր կա»։ 

Տարոն Տոնոյանն ասում է՝ բժշկական կազմակերպությունները՝ կլինիկաներից շատերը զրոյից ստեղծվել են հսկայական վարկերով, ամենափոքրերն անգամ ամսական մի քանի միլիոն դրամի վարկերի տոկոսադրույքներ են տալիս։ «Էդ որ«քթները մտցնեն հաշվապահություն, դա էդքան կարևոր չէ, կարծում եմ՝ բոլորի հաշվապահություններն էլ հիմա կարգին վիճակում են։ Բայց խնդիրն այն է, որ ինչպե՞ս կվերաբերվի կառավարիչը, այնպես, ինչպես մարդն իր սեփական գույքի՞ն։ Եվ բացի այդ՝ ես, օրինակ, մեծ վարկեր ունեմ վճարելու, եթե պրոֆիլը փոխում են, վարկերի մասը ո՞նց պիտի լինի։ Շատ հարցեր կան, որոնց պատասխաններն ունենալու դեպքում նոր հնարավոր կլինի մեկնաբանել»։

Տարոն Տոնոյանն ամփոփելով ասում է, որ բոլորն էլ հասկանում են՝ եթե արտակարգ իրավիճակ է, բոլորովին պարտադիր չէ, որ բոլորը շահույթով դուրս գան, բայց այդ դեպքում պետությունը կամ բանկերը պիտի սառեցնեն վարկերը, վարկային արձակուրդ տան։

Հարցին, թե սա ինչ քայլ է կառավարության կողմից, Տոնոյանը պատասխանեց՝ վատ որակումներ չտամ, երևի թե սա իրավիճակից դուրս գալու միջոց է, բայց լավագույն, ճիշտ միջոցը չի ընտրված։