Պատերազմի դեմքը․ մաս երկրորդ

Պատերազմի դեմքը․   մաս երկրորդ

Գումարտակը գիշերային տագնապով բարձրացրել էին առաջնագիծ: Մինչեւ տեղավորվել էին, կողմնորոշվել՝ որտեղ են իրենք, որտեղ՝ հակառակորդը, վաղ լուսաբացին թշնամին հուժկու հրետանային նախապատրաստությունից հետո թևերից անցել էր հարձակման: Եւ սկսվել էր խուճապահար նահանջը:

 1993-ի հունվարի 6-ն էր: Խաչենի գումարտակը գրեթե կազմալուծվել էր: Միայն մեր գյուղից յոթ զոհ ունեինք: Երկուսը համարվում էին անհայտ կորած, բայց դա սին հույս էր: Խառնիճաղանջ նահանջի պահին ոչ ոք մյուսի մասին չէր մտածել: Ամեն մեկը փրկության իր ճանապարհն էր ընտրել: Մեկը մոլորվել, անցել էր Եղնիկների մոտ: Անհայտ կորածներից մեկը բարեկամի երեխա էր՝ Գագիկը, որ մանկուց ռեւմատիզմ ուներ:

Հիվանդությանը չէին նայել, տասնութը լրանալուն պես զորակոչել էին ուղիղ մարտական զորամաս: Փրկվածները տարբեր պատմություններ էին անում: Իբր՝ մինչեւ Մաղավուզի քարհանքեր իրենց հետ էր, հետո չեն տեսել: Ասում էին՝ կարող է վիրավորվել է, գերի է ընկել, բայց նաեւ շշուկներ էին տարածվում, որ երեխան ոտքից վիրավորվել, մնացել է ընկած, կողքից անցել՝ օգնության ձեռք չեն մեկնել, թողել, իրենց գլխի ճարն են տեսել: Հայրը, որքան էլ փորձում էինք հույս տալ, չէր հավատում: ,«Խոխան վիրավոր է եղել, թողել են անտեր, արնաքամվել է»- ասում էր: Երկու ամիս նա տուն չեկավ, մնաց գումարտակի զորանոցներում: Հետեւեց բոլորին, համադրեց նրանց վայրիվերո պատմությունները, տեսավ՝ ինչպես են իր հետ խոսելիս փախցնում հայացքները եւ համոզվեց, որ Գագոն մահկանացուն կնքել է՝ անօգ, լքված՝ ինչ-որ տեղ՝ Մատաղիսի մոտակայքում, որ այդ պահին դեռեւս հակառակորդի հսկողության տակ էր:

Հայրն ամեն օր սպասում էր, որ մերոնք կանցնեն հակահարձակման, կազատագրեն այդ տարածքները եւ կգնա, կորոնի, կգտնի տղայի աճյունը, եւ գյուղի տոհմական գերեզմանոցում կհանձնի հողին: Հունվար-փետրվար-մարտ ամիսներին ռազմագերիների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովի միջոցով Գագոյի տվյալները մի քանի անգամ փոխանցվեցին հակառակորդ կողմին: Պայմանավորվել էին, որ կփոխանակեն Մինգեչաուրից մի թուրք ռազմագերու հետ: Բաքվից պատասխանը բացասական էր՝ Գագիկ Բարմենի Անդրեասյանի մասին Ադրբեջանը ոչ մի տեղեկություն չունի, նա ռազմագերի չէ:

Վերջին հույսն այսպես մարեց: Մնաց տառապալի սպասումը՝ ե՞րբ կսկսվի Մատաղիս-Թալիշ ուղղությամբ մեր հակահարձակումը: Ապրիլի կեսերին տարածքն ազատագրվեց: Հայրը պնդեց, որ իրեն տանեն-ցույց տան փախուստի ճանապարհը՝ որտեղ են վերջին անգամ տեսել Գագոյին: Նրանից խուսափում էին, հազարումի պատճառ էին բերում՝ տեղանքն ականապատված է, խոտը բարձրացել՝ հետքերը ջնջվել են, դժվար է կողմնորոշվել, նահանջը վաղ լուսաբացին էր, ահագին ժամանակ է անցել՝ ով կհիշի...։

Բայց հայրը համառեց եւ ստիպեց, որ առանձին որոնողական խումբ ստեղծվի: Նրանք փորձառու աշխարհազորայիններ էին: Հերթական տեղազննմանը հայրը գտավ որդու աճյունը: Գագոն իր ձեռքով բուշլատին մորթուց օձիք էր կարել: Կտորը քայքայվել էր, մորթին՝ ոչ: Դրանով էլ ճանաչել էր: Թաղմանը, երբ մարդիկ մոտենում, սեղմում էին հոր ձեռքը, բոլորին նույն բանն էր ասում. «Խոխան ոտքից վիրավորվել է, ընկել, չեն օգնել, թողել են մենակ, արնաքամ է եղել»:- Ներկա աշխարհազորայիններ կային: Կանգնած էին լուռ, գլխիկոր, մի կողմ քաշված: Գոնե ամաչում էին նայել մարդկանց աչքերին: