Ռուսաստանցի զբոսաշրջիկներն ավելացել են, սակայն ներգնա տուրիզմը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

Ռուսաստանցի զբոսաշրջիկներն ավելացել են, սակայն ներգնա տուրիզմը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

Մայրաքաղաքում ակնառու է, որ կան ռուսաստանցի զբոսաշրջիկներ։ Ի՞նչ միտում է սա և ինչու՞․ հարցն ուղղում ենք արտագնա և ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային կազմակերպություններին։ Պարզվում է՝ այս երկրի գլխավոր առողջարաններն ու հանգստյան տները ներառող Կրասնոդարի երկրամասի նահանգապետի կարգադրությամբ՝ Ռուսաստանի ներսում անգամ մարզ կարող են այցելել միայն պատվաստում ստացած ՌԴ քաղաքացիները։ Սրա արդյունքում՝ հանվել է Կրասնոդարի երկրամասի հուլիս ամսվա համար ամրագրումների 50 և օգոստոսի՝ 70 տոկոսը։

«Հրապարակի» հետ զրույցում տուրիստական կազմակերպություններից մի քանիսից ասացին, որ, ինչպես ամեն տարի, դեռ ավելացում չկա։ Սակայն հիմնական մասը հաստատեց, որ, այո, ռուս զբոսաշրջիկներն ավելացել են։ «Այո, համեմատաբար՝ այո»,-ասաց «One way»-ի ներգնա տուրերի աշխատակցուհին։

Հարցին, թե Սյունիք ու Սրցախ գնու՞մ են, ասաց՝ Սյունիք՝ այո, Արցախ՝ ոչ։ Ջերմուկ գնալ ցանկացողներն էլ շատ են։

«Օֆֆ ռոուդ տուր Արմենիայի» տնօրեն Ստեփան Մարտիրոսյանը կարող է ենթադրել, թե ինչու են այս տարի ռուսաստանցիները գերադասոււմ Հայաստանը․ Եվրոպան չի ընդունում, մյուս երկրները հեռու են, Վրաստանի հետ ունեն հայտնի փոխհարաբերություններ, Թուրքիան էլ ՌԴ-ի ներսում ցանկալի ուղղություն չէ։ Բայց ինչու՞, իսկ ու՞ր մնաց ռուս-թուրքական եղբայրությունը։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Ստեփան Մարտիրոսյանը արձագանքեց․ «Միայն թղթի վրա, բայց կան ներքին հրամաններ, երևի կհիշեք, որ նախորդ տարի արգելում էին իրենց քաղաքացիներին, և այնքան էլ բարյացակամ վիճակներ չեն։ Շատ ռուսներ, որ գալիս են Հայաստան, բողոքում են այնտեղի սերվիսից»։

Ստեփան Մարտիրոսյանն ասաց, որ ռուս զբոսաշրջիկները Արցախ մեկնելու ցանկություն չունեն, քանի որ անվտանգությունից բացի, անձագրերում ունենալու են կնիք, որը վաղը  խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի հետ։ Պարզվում է՝ շատ մեծ խնդիր են նաև Սյունիք, Շորժա ուղղությունները։ «Սարեր-ձորեր գնացող մեր խմբերը, որ սեփական պալատկեքով Սևան են գնում կամ Տավուշի անտառներ, հիմա շատ մեծ խնդիր է անվտանգության առումով։ Չես կարող էդ մարդկանց գարանտ կանգնես, ասես, որ սարեր-ձորեր կտանեմ, ոտքով-ձեռքով հետ կգաք։ Որովհետև ինքդ չգիտես՝ ինքդ հետ կգա՞ս ոտքով-ձեռքով»,-ասաց Մարտիրոսյանը։

Նա, առհասարակ, հիմնավոր կասկածներ ուներ, որ որոշ զբոսաշրջային ուղղություններ Հայաստանում ուղղակի կվերանան։
«One way»-ի արտագնա բաժնից նաև հետաքրքրվեցինք՝ եթե ՀՀ քաղաքացիներն այս ամառ չե՞ն ցանկանում հանգիստ անցկացնել Հայաստանում, ապա հանգստի նպատակով՝ պատվաստումներով և առանց, ո՞ր ուղղություններով կարող են մեկնել։ Ընկերության աշխատակցուհին ասաց, որ կարող է ասել միայն այն ուղղությունները, ուր իրենք առաջարկում են տուրեր։ Եգիպտոս, Թունիս, Ալբանիա, Խորվաթիա, Մոնտենեգրո, Կիպրոս, Մալդիվներ, ԱՄԷ, Շրի Լանկա, Իրան, Վրաստան, Բուլղարիա։ Աշխատակցուհին Բուլղարիայի մասով վերապահումով նկատեց՝ ոնց որ թե հիմա իրենք պատվաստումով ընդունում են։

Վրաստանն էլ պահանջում է մեկնումից 72 ժամ առաջ արված ՊՇՌ թեստ և կամ ոչ ռուսական պատվաստանյութով պատվաստում։

Հիշեցնենք, որ Շենգեն երկրները ՀՀ քաղաքացիների համար դեռևս փակ են։ Հիշեցնենք նաև, որ 2020 թ․ սկզբներին, երբ կորոնավիրոսի համավարակը նոր-նոր էր սկսվել, ոմանք էժանության նպատակով գնել էին դեպի Հունաստան ուղեգրեր։ Դրանց հիմնական մասը չէր վերադարձվել, դարձել էր վաուչեր, որով այս տարի այդ քաղաքացիները պետք է գնային Հունաստան։ Բայց ԵՄ անդամ երկիր Հունաստանն այս տարի ևս չի կարող ՀՀ-ից զբոսաշրջիկներ ընդունել։

Տեղյակ ենք, որ շատ քաղաքացիներ տուրիստականներից հարցնում են իրենց վաուչերների ճակատագրի մասին, սակայն պատասխանն անորոշությունն է։ «One way»-ի աշխատակցուհին ի պատասխան ասաց, որ իրենց հետ նման դեպքեր չեն եղել։ «Մերը եղել է ավիատոմսերի գումարի հարց, վերադարձ կատարվել է»,-ասաց աշխատակցուհին։