Արցախը չպետք է հանձնվեր նոր պատերազմի արդյունքում

Արցախը չպետք է հանձնվեր նոր պատերազմի արդյունքում

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլի գրպանային ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը վերջինիս աչքը մտնելու առումով լուրջ միավոր շահեց: Ի՞նչ արեց: Ոչինչ, ընդամենը պատասխան ենթադրող հարց տվեց, որին Նիկոլը հաստատող արձագանք տվեց: Հարցն այն մասին էր, թե ինչու ՀՀ երրորդ նախագահն այդքան հեշտությամբ հանձնեց իշխանությունը 2018-ի ապրիլ-մայիսին: Ու որպես հիմնական պատճառ նշեց, թե իր ենթադրությամբ եկել էր հողերը հանձնելու ժամանակը: Նիկոլն էլ ասաց, որ իր մտքովն էլ է անցել, որ հենց այդ պատճառով այդքան հեշտությամբ Սերժը զիջեց իշխանությունը: Ասեմ, որ այդ գաղափարի կողմնակիցները բավական շատ են: Նրանք առկա են նույնիսկ ընդդիմության շարքերում: Բնականաբար, հիմնականում այդ գաղափարը շրջանառվում է ֆեյսբուքում: Որովհետև, իսկապես, առաջին հայացքից խիստ անտրամաբանական է Սերժ Սարգսյանի կողմից 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների օրերին վարչապետ կարգվելն ու մեկ շաբաթ անց հրաժարական ներկայացնելը: Բայց դա այլ հարց է, և դրա մասին մի փոքր ավելի ուշ:

Իշխանությունը հեշտ ու հանգիստ հանձնելու գաղափարը շրջանառող ընդդիմադիրները չեն նկատում, որ դա ասոցացվում է նախկինների կողմից Արցախը հանձնելու նիկոլական խոսույթի հետ: Այն, որ ինքն ընդամենը կատարել է նախկինում իրականացված քայլերի եզրափակիչ ակորդը. հայտարարել է, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ: Եթե ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը լիներ ավելի արժանապատիվ մեկը, ապա խայտառակ պարտությունից հետո իրական հրաժարական կներկայացներ ու կհեռանար թե՛ քաղաքականությունից և թե՛ նույնիսկ երկրից: Եվ ոչ թե պաշտոնի լիազորությունները պահպանելով՝ ընտրություն կոչեցյալ խաղը կկազմակերպեր: Եթե ավելի պակաս արժանապատիվ մեկը լիներ, որը սակայն օժտված է հայրենասիրության ինչ-որ չափաբաժնով, կրկին կպահպաներ իշխանությունը: Սակայն նրա խոսույթն ամբողջովին այլ կլիներ: Կընդուներ իր մեղքը պարտության հարցում, մեղա կգար ու կփորձեր շտկել իրավիճակը երկրում: Եվ ոչ թե ջուր կլցներ ադրբեջանական ջրաղացին՝ ամբողջությամբ կրկնելով ադրբեջանական փաստարկները: Կարելի է զարմանալ, բայց պատմության մեջ այդպես էլ է լինում՝ հատկապես միապետությունների պայմաններում: Բայց ժամանակին իրեն Քրիստոսի տեղ դրած (մեղա, մեղա) անձը վարվեց հուդայավարի՝ դավաճանելով սեփական ժողովրդին:   

Անցնենք հողերը հանձնելու ժամանակի գալստյան գաղափարի քննարկմանը: 2016 թվականի ապրիլյան պատերազմը ռուսական փորձագիտական շրջանակների կողմից գնահատվեց որպես «մարտական ոչ-ոքի»: Ինչո՞ւ ռուսական: Որովհետև Հայաստանի անվտանգային և կոնկրետ ռազմական կարողությունների վերաբերյալ հնարավորինս ամբողջական պատկերացում է առկա, բնականաբար, ՌԴ-ի կողմից համակարգվող ՀԱՊԿ-ում: Այսինքն, 2016-ին, երբ մեր ԶՈՒ-ն իբրև թե (ըստ Նիկոլի շահարկման) նախորդի դարի 80-ականների սպառազինությամբ էր  զինված, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև առկա էր ռազմական հավասարակշռություն: Իսկ 2018 թվականի համար ռազմական գնումների պլանով ձեռք էր բերվելու 1000 հատ ԱԹՍ: Հենց այն, ինչը հիմնականում խեղճացրեց մեզ 2020 թվականի աշնանը: Միաժամանակ, ձեռք էին բերվելու հակաօդային պաշտպանության համակարգեր: Եվ ոչ թե 120 միլիոն դոլարի 4 կործանիչ առանց համապատասխան սպառազինության: Ինչը թույլ կտար իրականում և ոչ թե ընդամենը խոսքի մակարդակում փակել արցախյան երկինքը: Ռուս-ուկրաինական պատերազմը վկայում է, որ այդ հանգամանքը հաղթանակի հիմնական գործոններից մեկն է՝ եթե ոչ ամենահիմնականը: Դրան գումարած այն հանգամանքը, որ ԶՈՒ հրամանատարական կազմում Արցախյան հաղթական պատերազմի հերոսներն էին, որոնք հինգ մատի նման ծանոթ էին տարածաշրջանի աշխարհագրությանը: 

Երկրորդ, հողի վրա մեր հաղթանակը (իսկ թշնամու հարձակման պլանների ձախողումը հենց հաղթանակ է, որ կա) լրացվել էր դիվանագիտական մակարդակում: Դրա մասին բազմիցս ասվել է թե Սերժ Սարգսյանի և թե հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից: Որին այսօր կալանավորել են իբրև թե բժշկական համալսարանի ինչ-որ գույքի անօրինական օտարման, իրականում քաղաքական գործունեության պատճառով: Որովհետև ամեն հերթական նիկոլական սուտը բացահայտվում էր վերջինիս կողմից: Ճիշտ է, նույնիսկ կալանավայրից է դա այսօր կատարվում, սակայն դրա փիառ ազդեցությունը, բնականաբար, բազմաթիվ անգամ զիջում է «յութուբյան լայվերին»: Եվ չմոռանանք, որ հենց 2016 թվականի քառօրյայից հետո ոչ թե Սերժից էին պահանջում հրաժարվել Արցախից, այլ Իլհամից: Այն Իլհամից, որն այսօր (և ոչ միայն այսօր) ստորացնում է թե՛ Նիկոլին և թե՛ մեզ բոլորիս: Ու անընդհատ ագրեսիվ գործողություն է իրականացնում թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի ուղղությամբ:

Այդքանից հետո մտածել, թե եկել էր հողերի հանձնման ժամանակահատվածը, ու այդ պատճառով առանց որևէ ցնցումների հանձնվեց իշխանությունը, բացարձակ տրամաբանական չէ: Ո՞վ է տեսել, որ հող հանձնի այն կողմը, որ հաղթանակներ է գրանցում թե՛ պատերազմի դաշտում և թե՛ դիվանագիտական ասպարեզում: Ուրիշ հարց, որ ապրիլյան քառօրյայից հետո ուղիղ երկու տարի անց ժողովուրդը բերելու է մեկին, ով կյանքի է կոչելու տեր-պետրոսյանական պարտվողական քաղաքականությունը: Ով պետք է ազատվեր, իր մտածելով, արցախյան բեռից, որպեսզի «սերգոջաները» և ոչ միայն դրանք, լավ ապրեին Հայաստանում: Ով իր սեփական կետից էր սկսվում Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները, ու քանի որ բացարձակ ապաշնորհ էր նաև այդ հարցում, այն հասցրեց տապալման (դավաճանության հարցը թողնենք մի կողմ): Ով մեղքի բարդույթից ազատվելու այլ ճանապարհ չի գտել, քան մեղքն ուրիշի վրա բարդելը: Ինչը նշանակում է, որ խայտառակ պարտության մեղքը բոլորինն է, բացի իրենից:

Ու, բնականաբար, այդ տեսակետից հարցը դիտարկելու դեպքում պետք է ասվի, որ, այո, եկել էր հողերը (և այդ թվում Արցախը) թշնամուն հանձնելու ժամանակը: Ու ինչ էլ աներ ինքը՝ հետևանքը նույնն էր լինելու: Բայց որքան խորանում ես 44-օրյայի պարտության հանգամանքների մեջ, այդքան ավելանում է կասկածը (դեռևս կասկածը, քանի որ դրա հաստատումը կլինի իշխանափոխությունից հետո), որ պարտության պատճառը զուտ սուբյեկտիվ գործոններն էին: Սա է, որ զարմանալիորեն չի ընկալվում բոլոր այն ընդդիմադիրների կողմից, ովքեր տվյալ դեպքում ջուր են լցնում նիկոլական ջրաղացին՝ կրկնելով նրա խոսույթը: Ինչ մնում է 2018-ի գարնանային իրադարձությունների արագ զարգացմանը, ապա դա ևս ամբողջությամբ կարող է բացահայտվել իշխանափոխությունից հետո: Հատկապես, որ նոր իշխանությունն այլևս չի լինելու նախկինների ձեռքում, քանի որ իրենք 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ բաց թողեցին Նիկոլին հրաժարական պարտադրելու հնարավորությունները: